«Մոնոպոլիաների դեմ պայքար կառավարությունը չի տարել ու չի տանելու». ՀՀ Էկոնոմիկայի նախարար
«2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.7 մլն ԱՄՆ դոլար՝ գերազանցելով 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 մլն դոլարով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 2015թ. 9 ամիսների կտրվածքով կազմել են 262.2 մլն դոլար՝ աճելով մոտ 38 մլն դոլարով: Օտարերկրյա ներդրումները հիմնականում իրականացվել են. մոտ 93.5 մլն դոլար Շվեյցարիայից (աճ՝ 82.4 մլն դոլար), մոտ 62.3 մլն դոլար Գերմանիայից (աճ՝ 57.9 մլն դոլար), մոտ 41 մլն դոլար Արգենտինայից (աճ՝ 24մլն դոլար), մոտ 21 մլն դոլար ԱՄԷ-ից (21մլն դոլար), մոտ 20.5 մլն դոլար Ֆրանսիայից (17.5մլն դոլար), մոտ 16.5 մլն դոլար ԱՄՆ-ից (16 մլն դոլար)»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ վերոնշյալ ներդրումները գլխավորապես ուղղվել են հանքագործական արդյունաբերությանը, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը, մշակող արդյունաբերությանը, մանրածախ և մեծածախ առևտրին, տեղեկատվությանն ու կապին և գյուղատնտեսությանը:
Հիմնական ձեռքբերումներից նախարարն առանձնացրեց օրենսդրական փոփոխությունները՝ ընդունվեց օտարերկրյա ներդրումների մասին ռազմավարությունը, և արդեն մշակվել է նոր օրենքը: Արտաքին առևտրի ոլորտում կատարված կարևոր աշխատանքը նա համարեց աշխարհագրության ընդլայնումը.
«Մենք ունենք արտաքին առևտրի աճ այլ երկրների հետ և ունենք արտաքին առևտրի անկում մեր ավանդական գործընկերների՝ Ռուսաստանի և Եվրամիության հետ: ՀՀ ԱՎԾ ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4740.8 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 20.6%-ով»:
Անդրադառնալով ներքին առևտրին, նախարարը նշեց, որ առևտրաշրջանառությունը կազմել է 2282.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 6.4%-ով: Նախարարը նշեց, որ ՏՏ ոլորտը հերթական անգամ աննախադեպ աճ է գրանցել. «Կառավարության և մասնավոր հատվածի միջև աշխատանքն այստեղ լուրջ դրական արդյունք է տալիս»:
Ըստ Կ. Ճշմարիտյանի՝ զբոսաշրջության ոլորտում ունենք անկում.
«2015թ. Հայաստան է այցելել 1.192.120 միջազգային զբոսաշրջիկ՝ 1% պակաս, քան 2014թ.: Նվազումը պայմանավորված է ՌԴ-ից ու Վրաստանից այցելությունների կրճատմամբ՝ համապատասխանաբար՝ 6 և 11%-ով»:
Կ. Ճշմարիտյանը կարևորեց նաև ՓՄՁ-ների զարգացումը.
«Ավելացել է աջակցություն ստացող ընկերությունների ծավալը, բացված ընկերությունների քանակը գերազանցում է փակված ընկերությունների քանակին: Այս ոլորտն անընդհատ և առաջնահերթ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և բազմաթիվ քննարկումներն ու օրենսդրական փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն ունենալու են, ու ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ-ում 2018թ. կդառնա 40%»:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ ՓՄՁ-ները չփակվեն, նախարարը պատասխանեց. «Քանի որ հարցը տեսական է, ես տեսական պատասխան կտամ. շուկայում միշտ այդպես է, և մենք պետք է չզարմանանք, որ որևէ ընկերություն փակվեց: Դրա համար կան տարբեր պատճառներ: Եթե գաղափարապես ընդունել ենք, որ շուկայական երկիր ենք, ապա պետք է համոզված լինենք և ընդունենք, որ պետք է լինեն փակվող ընկերություններ: Կառավարության խնդիրն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, գործարար միջավայր, պակաս վարչարարական խոչընդոտներ, հնարավորություններ՝ արտաքին շուկաների հետ շփվելու, կոռուպցիայի ավելի ցածր մակարդակ, ավելի հավասար բարենպաստ միջավայր, որպեսզի փակվող ընկերությունների թիվը քիչ լինի»:
Հարցին՝ ամեն քայլափոխի սուպերմարկետներ են, հսկայական առևտրի կենտրոններ, ինչպե՞ս կարող է գոյատևել փոքր և միջին բիզնեսը, եթե անգամ հավասար պայմաններ լինեն, Կ. Ճշմարիտյանը պատասխանեց.
«Ես կարող եմ բազմաթիվ քաղաքների օրինակներ բերել, որտեղ կան շատ խոշոր մոլեր ու սուպերմարկետներ և դրանց կողքին աշխատող բազմաթիվ փոքր խանութներ: Տարբեր երկրներ որոշակի կանոնակարգումներով կարողանում են այդ հարցը լուծել, եթե բիզնեսն ինքը չի կողմնորոշվում, որ, եթե այստեղ գործում է այս մեծ խանութը, որտեղ վաճառվում է ապրանք, որի հետ չի կարող մրցակցել, այդ բիզնեսով չզբաղվի: Արտասահմանում մոլերի կողքին գտնվող փոքր խանութներ կան, բայց դրանք չեն կրկնում մեկը մյուսի ապրանքային տեսականին»:
Հարցին էլ, թե՝ բոլորը գիտեն, որ Հայաստանում կան մոնոպոլիաներ, իսկ նախարարի հաշվետվության մեջ ինչո՞ւ ոչ մի խոսք չկա մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, նա պատասխանեց.
«Մոնոպոլիաների դեմ պայքար կառավարությունը չի տարել ու չի տանելու: Օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիքերի չարաշահմանը, այլ ոչ թե՝ մոնոպոլիաների գոյությանը: Եթե կա ներմուծման չարաշահում, ապա ըստ օրենքի՝ պետության կողմից պետք է լինի ադեկվատ պատասխան: Եթե չարաշահում կա, ապա այն ազդում է ՓՄՁ-ների վրա, քանի որ դա խոչընդոտում է ՓՄՁ- ների գործունեությանը, նաև խոշորների վրա կարող է ազդել: Չի կարող բացասական ազդեցություն չունենալ մի բան, որն օրենքով արգելված է: Եթե մոնոպոլ դիրքի չարաշահում կա, ապա օրենսդրությունը պետք է կիրառվի խստորեն: Մոնոպոլացման մասին համաշխարհային բանկի զեկույցի վրա լուրջ ուշադրություն է դարձվելու, Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկելու է լուրջ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում տարբեր որակումներից զերծ մնալ»: