Բաժիններ՝

«2015թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 103.1%». Կարեն Ճշմարիտյանն ամփոփեց տարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով 2015 թվականը՝ նշեց, որ նախորդ տարին սկսվեց բավականին բացասական ազդակներով, ինչը, ըստ նրա, ուներ իր հիմքերը.

«Այն երկրներում, որոնց հետ մենք ունենք ակտիվ և՛ առևտրային, և՛ տնտեսական համագործակցություն, նկատվում էին բացասական միտումներ, ու անհնար էր, որ Հայաստանի տնտեսության վրա դա չազդեր: Մեր վարած տնտեսական կառավարումն ու քաղաքականությունն ի զորու էին հաղթահարել այդ բացասական ազդակները, այս մասին բազմիցս հայտարարել ենք։ Դրական է այն, որ ունենք տնտեսական աճ, բայց դա բավարար չէ, որպեսզի կարողանանք մեր ցանկացած արդյունքն ունենալ: Այն հարվածները, որ մենք ունեցանք դեռ նախորդ տարվա սկզբին, մեծ ջանքեր էին պահանջում, որ հասնեինք այն արդյունքներին, որոնք այսօր ունենք»:

Նախարարը ներկայացրեց տարբեր ոլորտների հատկանշական ձեռքբերումներն ու թերությունները.

«2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՀՆԱ 3.5% աճ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց 103.1%: Տնտեսական ակտիվության աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ՝ առևտրի շրջանառության, որը նվազել է 8%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.7%, արդյունաբերությանը՝ 105.2%, ծառայություններինը՝ 102.7%, իսկ շինարարությանը՝ 100.3%»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ առևտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված լինել արտաքին տրանսֆերտների կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 37.2%-ով, ընդ որում, ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով:

Իսկ արդյունաբերության մեջ ընդհանուր տենդենցները, ըստ նախարարի՝ այսպես են. «Ունենք ճյուղեր, որոնք բնաիրային իրենց ծավալի առումով աճ են գրանցել, բայց միևնույն ժամանակ՝ աճ գրանցած ճյուղերում կարող են լինել ընկերություններ կամ ենթաճյուղեր, որոնք ծավալային կամ գնային առումով ունեն անկում: Աճ գրանցել են արդյունաբերության հետևյալ ճյուղերը՝ մետաղական հանքաքարի արդյունահանում, հանքագործական արդյունաբերություն, ծխախոտի արտադրություն, հագուստի արտադրություն, դեղագործական արտադրանքի արտադրություն, կահույքի արտադրություն, մեքենաների և սարքավորումների արտադրություն: Անկում գրանցած ճյուղերն են սննդամթերքի արտադրությունը, խմիչքների արտադրությունը՝ կապված ռուսական շուկայի տատանումների հետ, որովհետև մեր հիմնական շուկան Ռուսաստանն է»:

Լրագրողի հարցին, թե գործարարները բողոքում են առևտրի անկումից, ասում են, որ 30% անկում ունեն, տնտեսական ակտիվությունը որտե՞ղ է նկատվում, նախարարը պատասխանեց. «Նույն առևտրի ոլորտում մենք ունենք անկում, և ես նշեցի, որ այդ անկումն ու անցած տարվա ներմուծման ծավալների անկումը դեռևս մեկ-երկու ամիս իրենց զգացնել են տալու: Հնարավոր է՝ մի ընկերության համար՝ 30%, մյուսի համար` 3%, բայց դա կոմպենսացվելու է տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այսինքն՝ առևտուրը տնտեսության ճյուղերից մեկն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս