«Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց չկա ոչ այն պատճառով, որ միջնորդները լավը չեն». Նալբանդյանը` Իրանի միջնորդության մասին

«Գնահատում ենք Իրանի հավասարակշիռ ու կառուցողական դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Իրանի ներկայացրած հավակնություններին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցի իրանական թղթակցի հետ զրույցում Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին ասել էր, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից խոչընդոտել է ճգնաժամի մեծացմանն ու ձգտել է հարթել տարաձայնությունները։

«Տվյալ պահին, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր խաղալ հակամարտության կարգավորման մեջ»,- ասել է նա: Անսարին հավելել է, որ բանակցություններ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան պլանավորված այցի հետո, և, երբ լինի վերջնական որոշում, ապա կհայտարարվի դրա մասին:

Նախ՝ գնահատելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը` նախարարն այն անցյալ տարվա միջազգային հարաբերությունների ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը համարեց: Նրա խոսքով` դա հնարավոր եղավ մի կողմից՝ «Վեցնյակի» և ԵՄ-ի, մյուս կողմից՝ Իրանի քաղաքական կամքի և ճկուն դիվանագիտության, կառուցողական մոտեցումների շնորհիվ:

«Եվ, իհարկե, մեր բարեկամ, հարևան Իրանին վերաբերող շատ կարևոր նշանակություն ունեցող հարցի շուրջ պայմանավորվածությունները մեզ չէին կարող չուրախացնել: Դա նոր մեծ հնարավորություններ է բացում տնտեսական, առևտրատնտեսական համագործակցության առավել զարգացման, ընդլայնման տեսանկյունից, տարբեր ծրագրերի, որոնք ժամանակավորապես հնարավոր չէր առաջ շարժել, որովհետև պատժամիջոցներ էին կիրառվում Իրանի նկատմամբ, ապա այս պայմանավորվածությունը և սանկցիաների հանումը, մեծ մասամբ դրանք հանված են, նոր հնարավորություններ են բացում երկու երկրների հարաբերությունների արագացման տեսանկյունից: Երբ ես ասում եմ՝ բարեկամ Իրանը, դրանք պարզապես խոսքեր չեն, քանի որ Իրանն այն երկիրն է, որտեղ մեծ հարգանքով են վերաբերվում ՀՀ մշակույթին, մշակութային ժառանգությանը, վերականգնում են մեր հնամենի հուշարձանները, եկեղեցիները, ընդգրկում դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, մեծ հարգանքով են վերաբերվում առկա մեծ հայ համայնքին, և մեր համայնքն իրեն մշտապես ապահով է զգացել այդ հարևան երկրում:

Սա փոխադարձ է, նույն վերաբերմունքը կա Հայաստանի կողմից: Եվ ՀՀ-ն, և Իրանը շահագրգիռ են անել անել հնարավորինը, որպեսզի մեր բարեկամությունը, հարաբերությունները զարգանանան, ամրապնդվեն:

Այդ մասին էին խոսում մեր պետությունների ղեկավարները վերջերս իրենց ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, և կարծում եմ, որ մենք ունենք մեծ ներուժ, որը կարող ենք իրականացնել համատեղ ջանքերով»,- նման կարծիք հայտնեց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր միջնորդական ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ապա Նալբանդյանն ասաց, որ կարգավորման գործընթացում առաջընթաց չկա ոչ թե այն պատճառով, որ միջնորդները լավը չեն, լավ առաջարկներ չեն անում, այլ առաջին հերթին՝ այն պատճառով, որ Ադրբեջանը չունի քաղաքական կամք: «Բայց ես վստահ եմ, որ Իրանն անկեղծորեն շահագրգիռ է տեսնել օր առաջ ԼՂ հիմնախնդրի լուծումը: Եվ մենք գնահատում ենք այն հավասարակշիռ և կառուցողական մոտեցումը, որ Իրանը ցուցաբերել և ցուցաբերում է այս հարցի նկատմամբ»,- ընդգծեց Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս