Պաուլ Կլեե. ինչպես չկայացած նկարիչ Ադոլֆ Հիտլերը Գերմանիայից վռնդեց կայացած նկարչին
Նկարիչ մոդեռնիստ Պաուլ Կլեեն ծնվել է 1879թ. դեկտեմբերի 18-ին Շվեյցարիայում երաժիշտների ընտանիքում: Նա մանկուց ջութակ է նվիրել, եղել է այնքան տաղանդավոր, որ 11 տարեկանում հրավիրվել է ջութակ նվագելու՝ որպես Բեռնի երաժշտական ասոցիացիայի հատուկ մասնակից (Bern Music Association):
Կիրառական արվեստ Կլեեն սկսել է ուսումնասիրել 1898թ. Մյունխենի կիրառական արվեստների ակադեմիայում: Ավարտելով ակադեմիան ու դառնալով նկարիչ՝ Պաուլ Կլեեն պարբերաբար ջութակ էր նվագում նվագախմբում, ինչպես նաև՝ գրում ու հրապարակում էր հոդվածներ համերգների ու ներկայացումների մասին:
Պաուլ Կլեե, «Պեյզաժ», 1923, ջրաներկ, 35,5 х 44, մասնավոր հավաքածու
Պաուլ Կլեե, «Ոսկե ձկնիկ», 1925, թուղթ, ջրաներկ, 47 х 68, Կունստխալլե, Համբուրգ
Կլեեի նկարների առաջին ցուցահանդեսը բացվել է 1910 թվականին Բեռնում ու հաջողության արժանացել: 1911թ. նա դարձավ էքսպրեսիոնիստների «Կապույտ հեծյալը» (Der Blaue Reiter) միության անդամ, որը հիմնադրվել էր Մյունխենում 1911-ին Վասիլի Կանդինսկու ու Ֆրանց Մարկի կողմից, ով թողարկում էր նույնանուն ալմանախ:
1917թ. նրա աշխատանքները վատ չէին վաճառվում, ու քննադատները նրան համարում էին ժամանակակից գերմանացի լավագույն նկարիչներից մեկը:
Պաուլ Կլեե, «Կատուն ու թռչունը», 1928, 38х53 սմ, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
1921-1931թթ. Կլեեն դասավանդում էր Վեյմարյան Բաուհաուզում (Շինարարության ու գեղարվեստական կոնստրուկտավորման բարձրագույն դպրոց), 1931-1933թթ. Դյուսելդորֆի գեղարվեստական ակադեմիայում:
1933-ին, երբ Գերմանիայի Ռեյխսկանցլեր դարձավ Ադոլֆ Հիտլերը, Պաուլ Կլեեի մասին հոդված հայտնվեց նացիստական թերթում, թե՝ չնայած այն բանին, որ Կլեեն պնդում է, թե զտարյուն արաբ է, այնուամենայնիվ, տիպիկ գալիացի հրեա է:
Նկարչի տանը գեստապոն խուզարկություն կազմակերպեց, նրան վտարեցին Դյուսելդորֆի գեղարվեստական ակադեմիայից: 1933թ. Կլեեի ընտանիքը տեղափոխվեց Շվեյցարիա: Շվեյցարիայում ծնված Կլեեն մինչև մահ չկարողացավ ստանալ շվեյցարական քաղաքացիություն, սակայն ստացավ հետմահու՝ նրա՝ քաղաքացիություն տրամադրելու հայտը բավարարվեց 1940թ. հունիսի 29-ին նկարչի մահից 6 օր անց:
Հիտլերյան հետապնդումները նրան հանգիստ չէին տալիս նաև Շվեյցարիա արտագաղթելուց հետո:
1937թ. հուլիսին Մյունխենում բացվել էր քարոզչական նացիստական ցուցադրություն, որը կոչվում էր «Դեգեներատիվ արվեստ», որտեղ ցուցադրվում էին տարբեր հեղինակների մոտ 700 աշխատանք, այդ թվում՝ Պաուլ Կլեեի 17 ստեղծագործություն:
Պաուլ Կլեե, «Ռիթմիկ», 1930, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան
Պաուլ Կլեե, «Կրակ լիալուսնի ժամանակ», 1933, Ֆոլկվանգ թանգարան, Էսսեն
Հիտլերը, որը ժամանակին երկու անգամ տապալվել էր Վիեննայի գեղարվեստական ակադեմիա ընդունվելու փորձ կատարելիս, իրեն համարում էր արվեստի մեծ գիտակ: Ֆյուրերը իմպրեսիոնիզմը համարում էր դեգեներատիվ ուղղություն, նույն անվանմանն էին արժանանում մոդեռնիստական ուղղությունները՝ ավանգարդը, կուբիզմը, դադաիզմը:
Նման ոճերում աշխատող նկարիչներին նա համարում էր «շառլատաններ» ու արշավ էր սկսում իմպրեսիոնիզմի ու մոդեռնիզմի, համապատասխանաբար՝ այդ ոճերի նկարիչների դեմ ևս:
Ցուցադրությունը, սակայն, մեծ հետաքրքրություն առաջացրեց, մինչև 1941թ. ապրիլն այն այցելել 3 մլն մարդ, ինչը ռեկորդային էր այդ ժամանակների համար: Սակայն չի կարելի ասել, թե ֆյուրերի ու նրա գերատեսչությունների գործունեությունը նպաստում էր մոդեռնիզմի տարածմանը՝ «Դեգեներատիվ արվեստը» հիմնականում այցելում էր ագրեսիվ ամբոխը:
Պաուլ Կլեե, Ad Marginem-To the brim, 1930, Բազելի գեղեցիկ արվեստների թանգարան
Պաուլ Կլեե, Ad Parnassum, 1932, Բեռնի թանգարան
Կլեեի ստեղծագործության շրջանը համընկավ տարբեր մոդեռնիստական ուղղությունների արշալույսին: Նա ստեղծագործաբար յուրացնում էր ժամանակի ոգին՝ աշխատում էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի, աբստրակցիոնիզմի, կուբիզմի, ֆուտուրիզմի ուղղություններում, սակայն կտավները ստեղծում էր յուրովի՝ չհետևելով որևէ խիստ սկզբունքի կամ ուղղության:
Պաուլ Կլեե, «Նատյուրմորտ», 1940, Ֆելիքս Կլեեի հավաքածու, Բեռն
Նա աշխատում էր բարդ տեխնիկաներով ու օգտագործում նյութերի լայն հավաքածու՝ նկարներ էր վրձնում պաստելով, ջրաներկով, յուղաներկով, մատիտով, անում էր օֆորտներ, հաճախ օգտագործում տարբեր նյութեր՝ մեկ աշխատանքում:
Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը