Բաժիններ՝

«Ես հասարակ մարդ չեմ և կոչված եմ սուրբ լինելու». Նարեկ Բարսեղյան

Նորություն չէ, որ երիտասարդներին, հատկապես՝ արվեստագետներին հատուկ է մաքսիմալիզմի հասնող երազկոտությունը, ինչը, թերևս, փոքր-ինչ «բթանում» է տարիքի հետ… Իսկ երբ իրեն սուրբ համարող երիտասարդ նկարչի հետ զրուցում է մարդ, ով ժամանակից և հանգամանքներից ելնելով՝ վաղուց արդեն քարացած ռեալիստ է, ապա արդյունքում ստացվում է ոչ թե՝ հարցազրույց, այլ՝ հարցաքննություն:

22-ամյա նկարիչ Նարեկ Բարսեղյանի առաջին անհատական ցուցահանդեսը կայացավ Loft-ում: «Իմ պայքարը» անունը կրող ցուցահանդեսին ներկայացված բավականին մեծ չափսերի հասնող կտավները մեծամասամբ դիմանկարներ էին, որոնց հերոսները հիմնականում մուրացկաններ էին: «Կտավները շատ չեն քանակով՝ 10-ը, բայց շատ մեծ են չափսերով: Իմ դիմանկարներում բոլոր մարդիկ մուրացկաններ են: Ուղղակի ամեն մեկն այս աշխարհում մուրում է յուրովի: Իսկ ես չեմ ուզում լինել այդպիսին, ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ Հայաստանում կա մի տղա, ով դեռ չի հանձնվել: Ես երազող տեսակ եմ ու վստահ, որ կհասնեմ բարձունքներին, որոնց համար պայքարում եմ: Դա էլ իմ պայքարն է»,- իր բնորդների ընտրությունն այսպես է բացատրում Նարեկը:

Narek Barsexyan (8) Narek Barsexyan (7) Narek Barsexyan (6) Narek Barsexyan (5)

– Ինչպե՞ս գրավեցիք «լոֆթեցիների» սիրտը, որ նրանք որոշեցին կազմակերպել սկսնակ նկարչի ցուցահանդեսն իրենց մոտ: Այնտեղ բավականին անվանի արվեստագետներ են հանդես գալիս:

Կարդացեք նաև

– Սա իմ առաջին ցուցահանդեսն է: Շատ տեղեր եմ դիմել՝ ցուցադրության կազմակերպման համար: Loft-ը միակ վայրն էր, որը համաձայնեց կազմակերպել իմ անհատական ցուցահանդեսը՝ առանց որևէ շահ հետապնդելու:

– Դուք դեռ 22 տարեկան եք: Բնականաբար՝ լի մեծ ամբիցիաներով և երազանքներով, որոնց թվին է դասվում ճանաչելիությունն ու մեծ նկարչի համբավը: Ի՞նչ է պետք այդ ամենին հասնելու համար, բացի երազելուց:

– Ներեցեք, բայց ես ոչ թե՝ դեռ 22 տարեկան եմ, այլ՝ ես արդեն 22 տարեկան եմ: Ըստ իս՝ երազանքին հասնելու կարևոր գրավականն է՝ միշտ լինել սոված և կուրորեն հավատալ այն մտքին, որ ես սուրբ գործ եմ անում, ես ունեմ առաքելություն: Ես հասարակ մարդ չեմ և կոչված եմ սուրբ լինելու:

Narek Barsexyan (4) Narek Barsexyan (9) Narek Barsexyan (3) Narek Barsexyan (2) Narek Barsexyan (1)

– Դուք հիմա լո՞ւրջ եք խոսում՝ Ձեր սուրբ լինելու մասին: Թե՞ պարզապես անհաջող կատակ էր:

– Ամեն ինչ մարդու գիտակցությունից է գալիս: Պետք է գիտակցել, որ իզուր չես ծնվել, որ կարող ես փոխել ամեն ինչ: Սուրբ կարող է լինել ամեն մարդ՝ իմ պես գիտակցելով այդ փաստը: Բոլորը խուսափում են այդ պատասխանատվությունից: Ես չեմ խուսափում ինձ վրա վերցնել սուրբ լինելու պատիվը: Ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, որ սուրբ կարող են լինել միայն Աստծուն նվիրյալ կիսամարդիկ:

– Առաջարկում եմ վերադառնալ իրականություն: Որքա՞ն գումար է պետք մեկ ցուցահանդեսին անհրաժեշտ քանակությամբ կտավներ նկարելու համար:

– Նկարելու համար ինձ գումար պետք չէ: Եթե ես նկարում եմ, նշանակում է, որ ես պատրաստ եմ ցանկացած ցուցահանդեսի: Ցուցահանդես բացելու համար ոչ թե գումար է պետք, այլ ցանկություն, նպատակ և այդ նպատակին տանող որոշակի քայլեր: Ես մի ընկեր ունեի, ով դադարել է նկարել՝ ասելով, թե ներկ գնելու գումար չունի: Ես նրան ասել եմ, որ ես էլ չունեմ, բայց նկարում եմ՝ ամեն գնով: Եթե մարդ դադարում է նկարել, նշանակում է, որ նա երբեք էլ չի նկարել…

– Համամի՞տ եք այն տեսակետի հետ, որ արվեստագետը լավ ստեղծագործելու համար պետք է քաղցած լինի:

– Միանշանակ համամիտ չեմ այդ մտքի հետ: Չեմ համարում ինձ արվեստագետ, և արվեստագետին էլ երբեք նման բան չեմ ցանկանա: Բայց եթե չկա կարիք՝ չկա և պայքար: Աշխատող մարդը երբեք ստվերում չի մնա: Ամեն մարդ հասնում է այնտեղ, որտեղ գտնվում են նրա մտքերը: Իսկ իմ մտքերը գտնվում են ամենաբարձր վայրում:

– Ի՞նչ են ասում Ձեր պատկերած դիմանկարներն իրենց դիտորդներին:

– Իմ նկարները, ինչպես և բոլոր այն նկարները, որոնք հոգի ունեն, ապրում են, լսում են, հասկանում են: Եթե ուզում եք իմանալ, թե ի՞նչ են ուզում ասել, նրանց հարցրեք, և նրանք կասեն: Նրանք իմ համար ամենալավ զրուցակիցներն են: Նրանք միշտ լսում են՝ ինչ էլ որ ասես: Բայց երբեք չեն պատասխանում: Իսկ լռությունն ինձ համար բոլոր հարցերի պատասխանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս