Դեպի իմիտացվող Հայաստան
Հայաստանում առաջիկա մի քանի ամիսներին քաղաքական օրակարգի առանցքային հարցը դառնալու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որն իրականում իրենից ներկայացնելու է նոր իշխանության ձևավորման, իրականում՝ գործող իշխանության վերաբաշխման ու վերադասավորման «խաղի կանոնների» ֆորմալ շարադրանքը: Իշխանությունները հայտարարությունների մակարդակում հավաստիացնում են, թե ամեն ինչ անում են միանգամայն նոր որակի, վստահություն ներշնչող Ընտրական օրենսգիրք մշակելու համար: Այն, ի դեպ, ինչպես երեկ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային ժողովին կներկայացվի մոտ երկու շաբաթից:
Սակայն բոլոր այս հայտարարությունները, վստահեցումներն ու պնդումներն իրականում առոչինչ են, երբ դրանք համադրում ենք Հայաստանի ներկայիս քաղաքական իրողությունների ու, ամենակարևորը՝ իշխանության ձևավորման ու պահպանման մեխանիզմների, գործող իշխանության նպատակադրումների ու մոտիվացիայի հետ: Գործող իշխանությունը՝ ՀՀԿ-ն, իրականում մի նպատակ ունի՝ պահպանել իշխանությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո:
Մի կողմից՝ դա կարելի է միանգամայն նորմալ գնահատել՝ այն առումով, որ, ինչպես ցանկացած քաղաքական ուժ ձգտում է հասնել իշխանության, այնպես էլ տվյալ պահի իշխանությունն է ձգտում ամեն կերպ պահպանել իր այդ կարգավիճակը: Բայց տեսականորեն նորմալ այդ թեզը Հայաստանի պարագայում նշանակում է, որ Հայաստանը շարունակում է ակտիվ քայլերով ընթանալ դեպի «ժողովրդավարական ցուցափեղկով» լղոզված, իրականում ոչ ժողովրդավարական պետություն:
Որովհետև ժողովրդավարությունը որոշվում է ոչ միայն ու ոչ այնքան՝ խոսքի ու հավաքների ազատությամբ, որպիսիք իրականում առկա են Հայաստանում, այլ նրանով, թե որքանով են այդ հիմնարար ազատությունները նպաստում ամենահիմնարար՝ ընտրության իրավունքի իրացմանը: Ավելի պարզ ասած, Հայաստանը չի դառնալու իրական ժողովրդավարական պետություն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունների միջոցով գոնե մի անգամ իշխանություն չի փոխվել: Իսկ գործող իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար:
Իրականում նոր Ընտրական օրենսգրքի փիլիսոփայությունը լինելու է հենց դա՝ պահպանել ՀՀԿ-ի իշխանությունը՝ միաժամանակ ժողովրդավարության պատրանք ստեղծելով: