Freedom House-ի նոր՝ «Ազատությունն աշխարհում-2016» զեկույցում Հայաստանն ու ԼՂ-ն ճանաչվել են «մասնակի ազատ» երկրներ

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր նոր՝ «Ազատությունն աշխարհում-2016» զեկույցը, որտեղ մանրամասն կերպով ներկայացվում են աշխարհի պետություններում մարդու իրավունքների ու ազատության հետ կապված վիճակը։

Freedom House-ը գնահատում է քաղաքական իրավունքը՝ ազատ մասնակցության իրավունք ընտրություններին ու հասարակության համար կարևոր որոշումների ձևավորման մասնակցություն, իսկ քաղաքացիական ազատությունը գնահատում է սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու տեսանկյունից, մամուլի ազատության ու փոքրամասնությունների իրավունքի պաշտպանության տեսակետից:

Զեկույցում ասվում է, որ ներկայում աշխարհում տիրող վիճակը վատթարացել է, տիրում են տնտեսական ճնշումները, բացակայում են բազմակարծությունը, տարածվում է զանգվածային միգրացիան, ահագնանում է ահաբեկչությունն ու մեծ չափերի է հասնում այլատյացությունը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը, հնարավոր 100 միավորից հավաքելով 46 միավոր, համարվում է «մասնակի ազատ» (Partly Free) երկիր:

Հայաստանը 7 միավորանոց սանդղակում (ուր 1 միավորը նշանակում է՝ առավելագույն ազատություններ, իսկ 7 միավորը՝ ազատությունների բացակայություն, 1 = most free and 7 = least free), ստացել է 5 միավոր՝ քաղաքական իրավունքների (Political Rights) մակարդակի համար, քաղաքացիական ազատությունների (CL – Civil Liberties) մակարդակի համար՝ 4 միավոր, ազատության մակարդակի՝ 4.5 միավոր:

Լեռնային Ղարաբաղը զեկույցում ստացել է 33 միավոր՝ քաղաքական իրավունքների մակարդակի համար՝ 5, քաղաքացիական ազատությունների՝ 5, ազատության մակարդակի՝ 5 միավոր:

Ըստ այդմ՝ ԼՂ-ն ճանաչվել է «մասնակի ազատ» երկիր՝ առաջ անցնելով Ադրբեջանից, որը համարվել է «անազատ» կարգավիճակ ունեցող երկիր:

Վրաստանը, հավաքելով 64 միավոր, նույնպես «մասնակի ազատ» երկիր է, հարևան Ադրբեջանը հնարավոր 100 միավորից ունի 16 միավոր ու համարվում է «անազատ» կարգավիճակ ունեցող երկիր: Ադրբեջանը ստացել է 7 միավոր՝ քաղաքական իրավունքների մակարդակի համար, նույնքան միավոր՝ քաղաքացիական ազատությունների մակարդակի համար:

Աբխազիան՝ 42 միավորով, Մոլդավան՝ 60 միավորով, համարվում են «մասնակի ազատ» երկիր, Ուկրաինան՝ 61 միավորով, դարձյալ ճանաչվել է «մասնակի ազատ» կարգավիճակ ունեցող երկիր, Ռուսաստանը՝ 22 միավորով, Բելառուսը՝ 17 միավորով, Ղազախստանը՝ 24 միավորով, Թուրքմենստանը՝ 4 միավորով, Տաջիկստանը՝ 16 միավորով, Ուզբեկստանը՝ 3 միավորով, Իրանը՝ 17 միավորով, Իրաքը՝ 27 միավորով, Սիրիան՝ -1 միավորով (բոլոր մակարդակներում՝ 7 միավոր), Աֆղանստանը՝ 24 միավորով, համարվում են «անազատ» երկրներ, Թուրքիան՝ 53 միավորով, համարվում է «մասնակի ազատ» երկիր:

Տեսանյութեր

Լրահոս