Բաժիններ՝

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննադատել է մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դիմել է ԵԽԽՎ-ին՝ հանդես գալով իր գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցով: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:

Իր ելույթում նա խիստ քննադատության է ենթարկել մի շարք երկրների՝ ուշադրություն դարձնելով Եվրոպական կոնվենցիայի պահանջների խախտումների դեպքերին: Գլխավոր քարտուղարն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է մարդու իրավունքների խախտումների դեպքերին Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ադրբեջանում ու այլ երկրներում:

Նրա խոսքով՝ Կոնվենցիան ներկայում վտանգված է: «Երբ առանձին պետություններ անտեսում են իրենց պարտավորությունները կամ երբ փորձում են ընտրել, թե որ կանոններին է հարկավոր հետևել, իսկ որին՝ ոչ, դա դուրս է բերում միավորող տարրերը Կոնվենցիայի կտավից ու եթե այն սկսի «քանդվել», այդ գործընթացը դժվար կլինի կասեցնել»,- ասել է Յագլանդը:

Նա ուշադրություն է դարձրել Գերմանիայում փախստականների իրավունքների խախտումների կոպիտ դեպքերին: Որպես օրինակ՝ նա բերել է անխնա բռնությունը, որը տեղ էր գտել Քյոլնի Կենտրոնական կայարանում Նոր տարվա նախօրեին: Նա կոչ է արել այդ իրադարձությունների մանրամասն հետաքննություն անցկացնել: Յագլանդը ափսոսանքով է նկատել, որ Գերմանիան մինչ օրս չի վավերացրել Ստամբուլի կոնվենցիան:

Իր ելույթում նա չի անտեսել նաև Լեհաստանի օրենսդրության վերջին փոփոխությունները, որոնք զգալի սահմանափակում են քաղաքական ազատությունը, մասնավորապես խոսքի ազատությունը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարության մտադրությունը՝ դուրս գալ Եվրադատարանի իրավասությունից:

Յագլանդը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանում տիրող քաղաքական վիճակին: Նա վճռականորեն դատապարտել է ադրբեջանցի ակտիվիստ Իլգար Մամեդովին ազատազրկելու փաստը՝ ի հեճուկ Եվրադատարանի որոշման:

«Նա միակ մարդը չէ Եվրոպայում, որը գտնվում է ճաղերի հետևում, թեև այդտեղ չպետք է հայտնվեր: Սակայն նա միակն է, ով մինչ օրս բանտում է, չնայած այն բանին, որ Ստրասբուրգի դատարանը՝ մայրցամաքի բարձրագույն իրավական ուժը, հենվելով հազվադեպ կիրառվող18-րդ հոդվածի վրա, եկել է եզրակացության, որ դատավորներն ու դատախազությունը չարաշահում են իրենց իշխանությունը նրա դեմ գործի քննարկման ժամանակ: Այլ կերպ ասած՝ նրա դեմ օգտագործվել են քաղաքականապես մոտիվացված ապացույցներ»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս