Բաժիններ՝

Որքանով կարող է նվազել գազի գինը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք գործարարների հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և, որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:

Ազգային ժողովի գազային հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ գազի դիմաց վճարենք ռուսական ռուբլով, ինչի մասին անցած տարի հայտարարել էր ՀՀ վարչապետը.

«Դեկտեմբերին ՌԴ համապետական մաքսային ծառայության «Таможня» հանդեսին տված հարցազրույցում էլ ասել էի, որ գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելը ճիշտ է և, քանի որ ռուբլու արժեզրկման հետևանքով 189 դոլարից իջեցում եղավ 165-ի, իսկ հիմա նորից արժեզրկում է եղել, ապա մենք չենք կարող անընդհատ գազի դիմաց ավելի շատ վճարել, քան իրական արժեքն է: Այս առումով շատ հիմնավորված եմ համարում, և որքան շուտ՝ այնքան լավ: Ես կարծում եմ, որ սա քաղաքական հարց է Ռուսաստանի համար, և մեր սպառման ծավալն էլ մեծ չի, ընդամենը 1.7 մլրդ, առավելագույնը՝ 2 մլրդ խորանարդ մետր գազ է Հայաստանը ներկրում, որը մեծ խնդիր չի առաջացնի ռուսական «Գազպրոմի» համար: Կարծում եմ՝ համաձայնելու հավանականությունը մեծ է»:

Մ. Մելքումյանը դժվարացավ որևէ թիվ նշել, թե որքանով կարող է նվազել ՀՀ մատակարարվող գազի գինը, քանի որ դա կապված է ռուբլու արժեզրկման հետ, իսկ նավթի գնի տատանումները դեռ շարունակվում են, իրավիճակը կայուն չէ, և միայն կայունացումից հետո կարելի է հաշվարկներ անել: Ըստ նրա՝ պետք է լինի կա՛մ գնի իջեցում, կա՛մ ռուսական ռուբլով վճարում, որը բովանդակային առումով նույնն է:

Մ. Մելքումյանը նշեց, որ, եթե գազային հանձնաժողովի այն հարցադրումները, (օրինակ՝ տեխնոլոգիական կորուստների իջեցման, առևտրային հաշվարկների օպտիմալացման, ուռճացված որոշակի ծախսերի նվազեցման, ներքին գնումների համակարգի օպտիմալացման հետ, և այլն) ուսումնասիրվեն, սահմանից մինչև սպառող գազի գնի նվազեցման որոշակի ռեզերվներ կարելի է ակնկալել: Սակայն, նրա խոսքով, այս պահին դեռ որևէ գործնական փոփոխություն չկա. «Բայց ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ այնուամենայնիվ պետք է գնալ, եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ տնտեսություն, անպայման պետք է այն եզրակացությունները, որ հանձնաժողովը տվել էր, հարցադրումները արել էր, անպայման այդ ուղղությամբ աշխատել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս