«Տնտեսական աճը 2016-ին կարող է անգամ 4 տոկոսի հասնել». Տնտեսագետ
2015 թվականին շատ թե քիչ ուժեղ կողմեր ցուցաբերվեցին՝ Հայաստանի մշակութային արժեքների ընդգծումը տեղի ունեցավ, որպես հին մշակույթ, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ ընդգծված հաջողություններ կան՝ Հայաստանն աչքի ընկավ նուրբ, հավասարակշռված արտաքին հարաբերություններով և դիվանագիտությամբ: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտում ուժեղ կողմեր գրեթե չկան:
«Հայաստանն արդեն տարիներ շարունակ ունի իր տնտեսության համար հակացուցված կողմեր. առաջին՝ կոռուպցիոն գործոնները, երկրորդ՝ միջազգային կազմակերպություների կողմից տրամադրվող ծրագրային ֆինանսավորումների վատնումը մնում է ավանդույթ: Տնտեսության զարգացման արդյունավետ ճարտարապետությունը ճիշտ չէ նախագծված: Մասնավոր հատվածի հետ երկխոսությունը, չէի ասի, որ արդյունավետ վիճակում է: Հաջորդ խնդիրը, որը չլուծված է մնում, ՏԻՄ-երի ընդգրկվածությունն է սոցիալ-տնտեսական առումով. այն մնում է շատ ցածր մակարդակի վրա, իրենք ընդգրկված չեն ու պատասխանատվություն չեն կրում սոցիալ-տնտեսական իրավիճակի համար»,- նշեց բանախոսը:
Գ. Մակարյանի գնահատմամբ՝ 2016 թվականի բյուջեն իրավիճակը պահպանող բյուջե է, ըստ նրա՝ մեծ առաջընթացներ կամ կորուստներ պետք չէ ակնկալել. «Եթե հաշվի առնենք ԵՄ-ի հետ որոշակի ծրագրերի իրականացումը, ապա 2016 թվականին կարող է հետաքրքիր աճ լինել, իմ կանխատեսբմամբ՝ տնտեսական աճը կարող է անգամ ոչ թե 2.2 տոկոս լինել, այլ 4 տոկոսի հասնել, կառավարությունը երևի զգուշավոր է իր կանխատեսումներում: Արտահանման խորհուրդը կարող է դրական արդյունքներ ակնկալել, եթե արտահանման ռազմավարությունը կարգին մակարդակի դրվի: Եթե պետական ինստիտուտները իրենց ամենօրյա աշխատանքը լավ չեն կատարում, միայն խորհուրդ ստեղծելով հաջողության չեն կարող հասնել»:
Նրա խոսքով՝ վարչապետը 2015 թվականի ընթացքում անընդհատ հարցնում էր գործատուներին՝ «ի՞նչ եք ուզում արտահանել», բայց քանի որ «կոռումպացված մեր արտահանողները, չեն ուզում աշխատել», ոչինչ էլ չէին ասում. «Ես այս տարի չեմ կարծում, որ կարող են ինստիտուցիոնալ առումով փոփոխություններ լինել»:
Գ. Մակարյանի կարծիքով՝ նավթի գների նվազումը շատ սիմվոլիկ է. «Ռուսաստանը շարունակելու է ջրի գնով վաճառել նավթը, ու քանակին է զոռ տալու, որ կարողանա որոշակի գումարային եկամուտներ ստանալ։ Բայց քանի որ գտնվում է սանկցիաների տակ և ինքն էլ սանկցիաներ է կիրառում, դժվար թե նրան դա հաջողվի: Այդ ամենը մենք Հայաստանի վրա էականորեն չենք զգա»:
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է դրամը արժեզրկվի՝ այս ամենի ֆոնին, Գ. Մակարյանը պատասխանեց, որ Հայաստանում ռիսկի չեն գնա դրամը արժեզկելու: Հարցին էլ՝ հնարավո՞ր է կատաստրոֆիկ իրավիճակներ լինեն Ռուսաստանի տնտեսությունում՝ Գ. Մակարյանը պատասխանեց, որ Ռուսաստանում կարող է չլինել, բայց Ռուսասատնն ինքը կարող է նման իրավիճակներ ստեղծել հարևան երկրներում, որ կարողանա այդ իրավիճակներում որոշակիորեն օգտվել: