
Բարենպաստ պայմաններ սահմանամերձ համայնքներում՝ տնտեսվարող սուբյեկտների համար

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2015 թ. հունվարի 15-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործողությունն ազատվում է հարկերից» համապատասխան որոշման մեջ, ինչը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, առաջարկվում է վերնագրից և տեքստից հանել «գյուղական» բառը, ինչպես նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզ» բաժնում լրացնել «Ճամբարակ», իսկ «ՀՀ Տավուշի մարզ» բաժնում` «Բերդ» բառերը: Որոշումը հնարավորություն կտա արտոնությունները կիրառել նաև սահմանամերձ ոչ գյուղական համայնքներում, մասնավորապես` Բերդ և Ճամբարակ համայնքներում:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված՝ ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում: Գործադիրի այսօրվա մեկ այլ որոշմամբ առաջարկվում է անփոփոխ թողնել կառավարության կողմից սահմանած փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը: