«Թուրքն ո՞ւմ շունն է, որ մովսեսցուն խանգարի». սահմանամերձ գյուղում եռուզեռ է. «Հայկական Ժամանակ»
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում նախատոնական եռուզեռ է: Համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը մեր զրույցում վստահեցնում է, որ սահմանային հնարավոր լրավածությունն իրենց չի անհանգստացնում՝ «թուրքն ո՞ւմ շունն է, որ մովսեսցուն խանգարի»: ՀԺ-ն զրուցել է Արարատ Ավալյանի հետ:
-Պարոն Ավալյան ինչպե՞ս է իրավիճակը Մոսվեսում, կրակոցներ կա՞ն:
-Չէ, կրակոցներ չկան մեզ մոտ, հանգիստ է:
-Այս տարի հունվարին սահմանում լարված էր: Ի՞նչ եք կարծում նման իրավիճակ կկրկնվի՞:
-Չեմ կարող ասել: Թուրքերին պետք է հարցնել:
-Գյուղում տրամադություններն ինչպե՞ս է:
-Նախատոնական:
-Պատրաստվո՞ւմ են Նոր տարվան:
-Իհարկե, կարող ա՞ քաղաքացու նման են այստեղ պատրաստվում: Խոզերն արդեն մորթել են:
-Սահմանային հնարավոր լարվածությունների հետ կապված մտավախություն չկա՞:
– Ինչքան էլ կրակոց լինի՝ թուրքն ո՞ւմ շունն է, որ մեզ խանգարի: Մենք ամուր ենք, ուղղակի թիկունքից ենք շատ վախենում, դիմացից այդքան չենք վախենում: Երեւանցիներին հայտարարեք, որ մենք օգնության կարիք չունենք: Եկեք Նոր տարուն մեզ հետ եղեք, մասնակցեք մեր միջոցառումներին, տեսեք մենք ոնց ենք ապրում:
-Թիկունքի ինչի՞ց եք վախենում:
-Նրանից ենք վախենում, որ այդտեղ, հրապարակներում, ասում են՝ լավ չենք ապրում: Երեւան ենք մտնում, խորհրդային մեքենա չկա, լրիվ ֆիրմա մեքենաներ են քշում ու դժգոհում են, ասում են՝ վատ ենք ապրում: Եկեք այստեղ ապրեք, տեսեք վատը որտեղ է: Չնայած մենք չենք դժգոհում մեր ապրուստից, բայց համեմատության համար թող գան տեսնեն այստեղ իրավիճակը ոնց է, մարդիկ ոնց են աշխատում ու հետո պահանջներ դնեն: Այսօր մարդիկ չգիտեն սահմանն ինչ է, սահմանային կրակոցն ինչ է, մարդիկ ոնց են 25 տարի այստեղ ապրում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: