Իրականում որքա՞ն արժե Մասիսի «100.000 դոլարանոց» գերմանական տոնածառը

Լուրերն այն մասին, որ գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված-չլսված տոն ապահովել՝ 5-օրյա տոնական ծրագրով և թանկարժեք տոնածառով, տարածվեցին այնքան արագ, որ մինչ քաղաքում տոնածառի հայտնվելն ի հայտ եկան տոնածառի գնի և գույնի մասին «առասպելները»: Հիշեցնենք, որ անցյալ տարի բարերար Գագիկ Ադիբեկյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայրենիքում բարեգործական ծրագրերի իրականացման, ինչպես նաև՝ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման համար: Ի դեպ, Գագիկ Ադիբեկյանը բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ազգականն է, որի հետ կառուցել է Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցին: Ինչևէ, վերադառնանք մեր տոնածառին:

Masis tonacar (2)

Դեկտեմբերի 20-ին Մասիս քաղաքում տոնական տրամադրությունն էր: Տոն, որին նախորդել էին 100.000 դոլար արժողությամբ տոնածառի և Ռուսաստանից հրավիրված Ձմեռ պապի և Ձյունանուշի մասին անհիմն, բայց «խիստ լրջացված» խոսակցությունները: Բնակիչների տարաբնույթ երևակայական պոռթկումների վերջակետը դրվեց դեկտեմբերի 20-ին, երբ ուղիղ ժամը 18:30-ին մեծ հանդիսավորությամբ վառվեցին հեռավոր Գերմանիայից «ժամանած» ոսկեգույն տոնածառի լույսերը: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ լույսերի շնորհիվ ոսկեգույնի վերածված տոնածառը, Մասիսի հրապարակում հայտնվելուց ի վեր, ոչ միայն զարմացրել էր բնակիչներին իր «ոչ կանաչ» լինելով, այլև կատակասերների թեմա էր դարձել…

Masis tonacar (4)

Կարդացեք նաև

Բանն այն է, որ առանց լույսերի այդքան սպասված և քննարկված տոնածառը, մեղմ ասած, մի փոքր դեղին է: Ինչևէ, հրաշքը տեղի ունեցավ, երբ վառվեցին տոնածառի լույսերը:

Մի կողմ թողնելով լիրիկան՝ «168 Ժամը» զրուցեց Մասիս քաղաքի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ՝ պարզելու համար «թանկարժեք» տոնածառի ի հայտ գալու դրդապատճառներն ու իրական արժեքը:

Sasha Hakobyan-Masisi qaxaqapet

– Պարո՛ն Հակոբյան, Դուք տեղյա՞կ եք, թե ինչու Գագիկ Ադիբեկյանը ներկա չի գտնվել իր իսկ կողմից կազմակերպված այս բավականին «թանկարժեք» տոնակատարության բացմանը:

– Անկեղծ լինելով՝ ասեմ, որ ես ևս սպասում էի նրա այցին: Պարզապես ես ինձ թույլ չտվեցի նրան հարցնել, թե ինչո՞ւ չի եկել:

– Նրա այցը նախատեսվո՞ւմ էր:

Gagik Adibekyan– Այո, նախատեսվում էր, որ պարոն Ադիբեկյանը պարտադիր պետք է ներկա լիներ: Ցավոք, չկարողացավ գալ: Բացմանը ներկա էին մեր կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, հոլանդական բարեգործական «Կամրջակ» ընկերությունը՝ ի դեմս Մարիա Գորիսի, և մեր մարզպետը:

– Ի՞նչ կապ ուներ «Կամրջակ» հիմնադրամն այսօրվա միջոցառման հետ:

– Մենք արդեն մի քանի տարի համագործակցում ենք հոլանդական «Կամրջակ» հիմնադրամի հետ: Նրանք բազմիցս օգնել են մեր քաղաքի սոցիալապես անապահով խավին: Վերջերս մեր քաղաքում այրվեց մի սեփական տուն: Մենք դիմեցինք «Կամրջակ» հիմնադրամին, և նրանք մոտ 700.000 դրամի չափով օգնություն հատկացրեցին՝ տունը վերանորոգելու, վերակառուցելու նպատակով:

– Իսկ քաղաքապետարանն աջակցե՞ց որևէ կերպ:

– Քաղաքապետարանը 200.000 դրամ հատկացրեց այդ նպատակով, ինչպես նաև՝ փայտանյութ հատկացրեցինք, որ կարողանան տանիքը կապել:

Masis tonacar (1)

– Լուրերում տարաբնույթ տեղեկություններ էին տարածվել Մասիսի նոր տոնածառի գնի վերաբերյալ: Խոսում էին շուրջ 100.000 դոլարի սահմանն անցնող թվից: Իրականում որքա՞ն արժե այս տոնածառը:

– Միանշանակ եմ ասում, որ այս տոնածառի արժեքը չի անցնում 100.000 դոլարի սահմանը: Իմ տեղեկություններով՝ տոնածառը գնվել է 51.000 եվրոյով և մոտավորապես 13.000 եվրո էլ կազմել է տեղափոխման ծախսերը: Տոնածառը մեքենաներով Մասիս է տեղափոխվել Գերմանիայից: Ընդհանուր առմամբ 64.000 եվրո է կազմել մեր տոնածառի գինը:

– Ի՞նչ կարծիքներ են հայտնում մասիսցիներն իրենց դեղին տոնածառի վերաբերյալ: Գիտեմ, որ տոնածառի գույնը կատակների տեղիք է տվել:

– Կատակասերներն ասում են, որ ճանապարհին ցուրտը տարել է տոնածառի գույնը, որ պետք է այստեղ կանաչ ներկեինք, նոր տեղադրեին՝ ուղղակի չենք հասցրել… Բայց երեկոյան, երբ լույսերը վառենք, միանշանակ վստահ եմ, որ տպավորությունները կփոխվի:

Masis tonacar (5)

– Խոսում էին նաև, որ Գ. Ադիբեկյանը Ռուսաստանից Ձմեռ պապ ու Ձյունանուշ է բերելու:

– Ձմեռ պապն ու Ձյունանուշը մեր ավագ դպրոցի երեխաներն են:

– Տեղական են, փաստորեն:

– Բայց միայն տոնածառի տեղադրմամբ չի սահմանափակվել պարոն Ադիբեկյանի բարեգործությունը: Նրա կողմից Մասիսի բոլոր մանկապարտեզների սաներին և 1-5-րդ դասարանում սովորող աշակերտներին Նոր տարվա կապակցությամբ քաղցրավենիք է տրվելու՝ նվերների տեսքով:

– Ե՞րբ: Շուտով արձակուրդ է:

– Մոտակա երկու օրը կտրվի: Բացի այդ, 1000 հատ գլխարկ և շարֆ է ուղարկվել մեր քաղաք, որոնց վրա անգլերեն գրված է՝ «I love Masis»:

– Դրանք ևս բաժանվելո՞ւ են:

– Դրանք չեն բաժանվելու, այլ վաճառվելու են ինքնարժեքով, և տվյալ գումարը հատկացվելու է «Մասիս» հիմնադրամին: Հետագայում այդ գումարը ևս ծախսվելու է քաղաքի համար:

– Պարո՛ն Հակոբյան, Դուք՝ լինելով Մասիսի բնակիչ և քաղաքապետ, շատ լավ գիտեք բնակչության մեծամասնության սոցիալապես ոչ բարվոք կարգավիճակի մասին: Չե՞ք կարծում, որ Մասիսում տոնական տրամադրություն ապահովելու համար ծախսված այդ հսկայական գումարը, եթե բաշխվեր անապահով ընտանիքներին՝ այն էլ տոներին ընդառաջ, շատ ավելի տեղին կլիներ:

– Ինչ-որ տեղ համամիտ եմ Ձեզ հետ՝ այո, սոցիալական խնդիրները շատ կան: Բայց կարծում եմ, որ մենք պետք է հարգանքով վերաբերվենք և չնեղացնենք մեր ազգի բարերարներին: Մենք չպետք է նեղացնենք նրանց, ինչպես եղավ 2007 թվականին, երբ մենք նեղացրեցինք լուսահոգի Հրանտ Վարդանյանին: Մենք չպետք է կրկնենք նույն սխալը: Այժմ ես փորձում եմ Միքայել և Կարեն Վարդանյանների հետ բանակցել, և ինչո՞ւ ոչ՝ նաև խնդրում եմ, որ ետ վերադառնան մեր շրջան: Ես չեմ ամաչում իմ ժողովրդի համար խնդրել:

Masis tonacar (6)

– Բացի բարեգործների ներդրումներից, արդյո՞ք մարզը պետությունից չի ստանում այնքան գումար, որ ստիպված չլինի խնդրել բարերարներին, օրինակ՝ մարզի լուսավորությունն ու մաքրությունն ապահովելու նպատակով:

– Պետությունից բոլոր համայնքները ստանում են դոտացիաներ: Դոտացիաները չեն ստանում մարդկանց օգնելու համար: Ինչ վերաբերում է մաքրությանն ու լուսավորությանը, ապա դա համայնքն է վճարում՝ համայնքի հարկերից: Բայց մենք հարկերն էլ ենք դժվարանում հավաքել, քանի որ աշխատում ենք շատ չնեղել բնակչությանը՝ հասկանալով, որ մարդիկ սոցիալապես վատ վիճակում են ապրում:

– Գաղտնիք չէ, որ նախքան բարեկարգումը Մասիսի անգամ քաղաքապետարանի հարակից այգին էր 90-ականները հիշեցնում: Սակայն քաղաքը՝ շնորհիվ բարերարների, օր օրի ուշքի է գալիս: Կպատմե՞ք ապագա անելիքների մասին:

– Մենք պայմանավորվածություն ունենք «Գրանդ հոլդինգի»՝ Միքայել և Կարեն Վարդանյանների հետ, գարնանը քաղաքապետարանի հարակից այգին հիմնովին վերանորոգելու: Ես նաև առաջարկել եմ այգում ամֆիթատրոնի պես մի շինություն կառուցել… Փետրվար ամսին մենք արդեն կունենանք այդ ամենի նախագիծը:

– Փաստորեն ծառահատո՞ւմ է լինելու:

– Միգուցե ծառերն ընդհանրապես վերացվեն և նոր դեկորատիվ ավելի գեղեցիկ ծառեր տնկվեն: Դա կերևա արդեն աշխատանքների ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս