«Բոլոր դեպքերը պետք է համառորեն տրամադրվեն իրավասու մարմիններին». փաստաբան
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրված բազմաթիվ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ահազանգեր են հնչեցվել լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու դիտորդական խմբերի կողմից: Ահազանգերը վերաբերում էին լրացուցիչ ցուցակներին, լցոնումներին, կրկնակի քվեարկության դեպքերին, այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, և այլն: Մտահոգություններ հնչեցվեցին նաև լրացուցիչ ընտրացուցակներով քվեարկության վերաբերյալ: Իրավապահ մարմիններում դեպքերի մի մասի վերաբերյալ քննություն է ընթանում. ՀՀ Քննչական կոմիտեում, օրինակ, երեկվա տվյալներով՝ երկու քրեական գործ կա հարուցված՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերով: Արձանագրված ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
– Պարոն Նորիկյան, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են հնչեցվել, որոշ դեպքերում կան նաև տեսագրություններ: Արդյոք դրանք բավարա՞ր են Սահմանադրական դատարան դիմելու համար:
– Ինքս հնարավորություն եմ ունեցել համացանցի միջոցով հետևել դիտորդների և բազմաթիվ վստահված անձանց կողմից վկայակոչվող ենթադրյալ խախտումներին: Ես կարծում եմ, որ այդ խախտումները, ինչպես նաև` Ձեր կողմից հիշատակված տեսաձայնագրությունները, իրավասու մարմինների կողմից պետք է մանրամասն քննարկման առարկա դառնան, և առերևույթ իրավախախտում ենթադրող տեսաձայնագրությունները, ինչպես նաև վստահված անձանց, դիտորդների կողմից ներկայացված բոլոր հայտարարություններն իրավասու մարմինների կողմից մանրամասն ուսումնասիրվելուց հետո պետք է սպառիչ պատասխաններ տրվեն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե դրանցում առկա են քրեաիրավական հիմքեր պարունակող հատկանիշներ, ապա, կարծում եմ, որ Գլխավոր դատախազությունն ուղղակի պարտավոր է իրավասու մարմիններին ցուցում տալ, որպեսզի նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, և մեղավոր անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: Ինչ վերաբերում է ծավալներին, ես կարծում եմ, որ դեռևս վաղ է դրանց մասին ամբողջական պատկերացում կազմել: Իհարկե, հնարավոր չէ այս պահին արձանագրել, որ մենք ընտրախախտումների այնպիսի ծավալ ունենք, որը «Հանրաքվեի մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով բավարար հիմք է, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչի քվեարկության արդյունքներն և նոր քվեարկություն նշանակի:
Շահագրգիռ անձինք, այդ թվում` «Ոչ»-ի դիրքորոշում ունեցող կուսակցությունները և «Ոչ»-ի շտաբը, պետք է ֆիլտրեն, համակողմանի վերլուծեն, հավաքեն այդ բոլոր ընտրախախտումների դեպքերը: Եվ բոլոր դեպքերում Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ կլինի: Ես չեմ կարող այս պահին ասել, թե ինչ ընթացք կունենա, քանի որ դեռևս հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել խախտումների ծավալների մասին:
Ինչ վերաբերում է բուն Սահմանադրական դատարան դիմելուն, ապա հարցը կարգավորվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, որում տառացիորեն նշվում է, որ՝ եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի և ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները:
Ենթադրենք՝ X թվով տեղամասերում ունենք ենթադրյալ խախտումներ, որոնք վիճարկվում են հանձնաժողովի որևէ անդամի կամ վստահված անձի կողմից: Եվ եթե ԿԸՀ-ի կողմից ստացած ընտրական խախտումների վերաբերյալ արձանագրությունների և տեղամասի արդյունքների արձանագրությունների համադրումից հետո ստացվում է, որ հնարավոր չէ որոշել ընտրությունների կամ քվեարկության արդյունքները, և եթե հնարավոր է շտկել այդ խախտումները, ապա այդ տեղամասերում նշանակվում է առանձին քվեարկություն: Բայց նույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել «Հանրաքվեի մասին» օրենքի կամ ընտրական իրավունքի հետ կապված օրենսդրության այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է նոր քվեարկություն:
Կարելի է հանգել հետևության, որ «Ոչ»-ի ճամբարը և ընդհանրապես Սահմանադրության փոփոխություններին դեմ հանդես եկող ուժերը, որոնք շահագրգիռ են՝ դիմելու Սահմանադրական դատարան, պետք է հավաքագրեն, ֆիլտրեն, հստակեցնեն խախտումների այնպիսի ծավալ, որով կհիմնավորվի, որ հանրաքվեն անցկացվել է մասսայական կեղծիքներով, և ինչպես կազմակերպման, այնպես էլ անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք ազդել են քվեարկության վերջնական արդյունքների վրա: Այս պայմաններում միայն, եթե այդպիսի արդյունքներ կներկայացվեն հանրությանը, կարող ենք խոսել՝ արդյոք տեղի ունեցե՞լ են այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են հանրաքվեի վերջնական արդյունքների վրա:
Շեշտեմ, որ Սահմանադրական դատարան կարող են դիմել հանրաքվեի արդյունքների վերջնական պաշտոնական հրապարակումից հետո 5-րդ օրը՝ մինչև ժամը 8-ը: Իսկ դա նշանակում է, որ հանրաքվեի անցկացումից հետո 7-րդ օրը ԿԸՀ-ն պարտավոր է հրապարակել հանրաքվեի վերջնական արդյունքները: Դրանից հետո 5 օրվա ընթացքում հնարավոր է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հանրաքվեի արդյունքները:
– Դեկտեմբերի 6-ին բազմաթիվ ահազանգեր եղան, որ մարդիկ գնացել են քվեարկության և տեղում պարզել, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են: Եթե այս ահազանգերը հաստատվեն, սրանք կարո՞ղ են լինել այն խախտումները, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա:
– Այո: Դրանք հիմնարար խախտումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են քվեարկության արդյունքների վրա: Ապացուցողական բազան այնքան պետք է լինի, որ դրանք ոչ թե կասկածի տակ դնեն ընտրությունների լեգիտիմությունը, այլ անվերապահորեն խոսեն համատարած կեղծիքների մասին, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա: Ես կարծում եմ, որ այդպիսի բոլոր դեպքերը պետք է համառորեն տրամադրվեն իրավասու մարմիններին, և հետամուտ լինեն, որ մինչև վերջ բացահայտվեն և պատժվեն մեղավորները: Եթե եղել է այդպիսի 1 կամ 2 քվեարկություն, հասկանալի է, որ մեղավորը կպատժվի, կամ պետք է հետամուտ լինել, որ պատժվի: Բայց արդյոք այդ երկու դեպքերն ազդե՞լ են նույն տեղամասում վերջնական արդյունքի վրա: Սա է վիճարկման հարցը: Այդ պատճառով եմ ասում՝ շահագրգիռ անձինք պետք է հետամուտ լինեն, որ որքան հնարավոր է շատ բացահայտեն կամ կարողանան ապացուցել, որպեսզի վիճարկեն ընդհանուր արդյունքների վրա ազդող հանգամանքը:
– Տարբեր անձինք, որոշ դեպքերում` նաև հանձնաժողովների անդամները մտահոգություն էին հայտնում` լրացուցիչ ընտրացուցակների հետ կապված: Հիմնականում նշվում էր, որ հնարավորություն է ստեղծվում կրկնակի քվեարկության համար: Այս հանգամանքն ի՞նչ պայմաններում, ինչպե՞ս, ի՞նչ հիմնավորումների դեպքում կարելի է ստուգել:
– Ես չեմ բացառում: Դրա վերահսկողական մեխանիզմը բացակայում է, և ես իսկապես կիսում եմ հանձնաժողովների անդամների և այդ բոլոր դիտորդների մտահոգությունները, որ լրացուցիչ ցուցակներում ներգրավված անձինք, գտնվելով վերահսկողությունից դուրս, կարող էին քվեարկել բազմաթիվ տեղամասերում: Խոսքն այն մասին է, որ, այո՛, դրանց ընդհանուր ցուցիչը կարող էր ազդել այս կամ այն տեղամասի արդյունքների վրա: Այո՛, ես գտնում եմ, որ այդ քվեարկությունը կարող էր ազդել տեղամասային ընդհանուր պատկերի վրա: Բայց կրկնում եմ՝ վերահսկողական մեխանիզմ ոչ միայն չկա, այլև այս պայմաններում դժվար է ասել, թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմ է անհրաժեշտ կիրառել, որպեսզի հնարավոր լինի բացառել լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց կրկնակի քվեարկությունը: