Կառավարությունը մերժեց ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունների կողմից առաջարկվող նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախաձեռնության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պատգամավորն այս նախաձեռնությամբ առաջարկում է, որ պատգամավորների կողմից քաղաքացիների հետ հանդիպումների և ընդունելությունների կազմակերպումը պատգամավորների համար լինի ոչ թե իրավունք, այլ պարտականություն. «Իրականում մենք կարծում ենք, որ սա բացառապես պատգամավորների որոշելիքն է՝ իրավունքի՞, թե՞ պարտականության ռեժիմով աշխատել, և գործադիրը ձեռնպահ է մնում այս հարցում որևէ դիրքորոշում ներկայացնելուց, սակայն մեկ դիտարկում՝ երբ նախատեսում ենք որևէ պարտականություն, պետք է լինեն որոշակի հետևանքներ կամ պատասխանատվություն: Այս նախագծով դա արված չէ, հետևաբար՝ իրավունքը դադարում է, պարտականությունն էլ դառնում է խիստ հռչակագրային»:

Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված մյուս նախաձեռնությունը ևս վերաբերում էր «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է փոխել պատգամավորական խմբի ստեղծման կարգը` սահ­մա­նելով գործող 10 պատգամավորի փոխարեն՝ առնվազն 5 պատգամավորի մասնակցությամբ պատգամավորական խմբեր ձևավորելու հնարավորություն: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ խմբակցությունների և խմբերի գործունեության ռեժիմը խիստ տարբերվում է, և կառավարությունը դեմ է օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանն առաջարկում էին փոփոխություններ կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պատգամավորներն առաջարկում են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում, ոը պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն և սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված կոչերի համար, պատասխանատվությունը մեղմացնել: «Նրանց փաստարկն այն է, որ սա կարող է խնդիր առաջացնել խոսքի ազատության իրավունքի իրացման հետ կապված, մասնավորապես, այդ կոչերը կարող են չզուգորդվել որևէ գործողությամբ: Իրականում մենք մի քանի փաստարկներով կարծում ենք, որ նպատակահարմար չէ նախաձեռնությունն ընդունել: Խնդիրն այն է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան խոսքի ազատության 10-րդ հոդվածի 2-րդ մասում, երբ շանս է տալիս սահմանափակել խոսքի ազատությունը, իր նախադեպային պրակտիկայով ցույց է տալիս, որ այս հոդվածում նշված դեպքերը խոսքի ազատության իրավունքի սահմանափակման դեպքերից են, այսինքն՝ այդ կոչերն ուղղված են հրահրելու, հրապարակային որոշակի գործողությունների կազմակերպմանն են ուղղորդում, դրանք իշխանությանն ուղղված քննադատություն, հրաժարականի պահանջ… այս համատեքստից դուրս են և չեն կարող համարվել խոսքի ազատության դրսևորման մեխանիզմ: Միևնույն ժամանակ, նշեմ, որ միջազգային փորձն ուսումնասիրված է, և եվրոպական շատ երկրներում նույնպես ազատազրկում է նախատեսված այս հոդվածի համար»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեմ են օրենսդրական եզրակացությանը:

Տեսանյութեր

Լրահոս