Ադրբեջանում իրավիճակը լարված է. նարդարանցիները պահանջում են իրենց հանձնել զոհերի մարմինները
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրերս Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան բնակավայրում բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել:
Ինչպես հայտնել էր Turan գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններին, ոստիկանությունն անցկացրել է հայտնի աստվածաբան, «Մուսուլմանական միասնություն» շարժման ղեկավար Տալե Բագիրզադեին կալանավորելու հատուկ օպերացիա: Նրա կողմնակիցների ու իրավապահների միջև կռիվ էր սկսվել: Հատուկ գործողության հետևանքով սպանվել էր 4 նարդարանցի, նաև Ադրբեջանի ՆԳՆ-ի 2 աշխատակից: Իրավիճակը բնակավայրում ներկայում շարունակում է լարված մնալ, դեպի բնակավայր տանող ճանապարհները տեղացիները փակել են, երիտասարդները շարունակում են պարեկություն անել փողոցներում ու բնակավայրի հրապարակում: Նարդարան տանող ճանապարհներին կառուցվել են քարերից բարիկադներ:
Նարդարանի տարեց բնակիչները մտադիր են բանակցել իրավապահ մարմինների բնակիչների հետ ու պարզել ձերբակալված, վիրավոր նարդարանցիների հետագա ճակատագիրը ու պահանջել իրենց վերադարձնել զոհերի մարմինները: Այս մասին Turan-ին հայտնել է Նարդարանի բնակիներից Նատիգ Քերիմովը:
Վերջինս հայտնել է, որ իրենք դեռ ոչ մի տեղեկություն չունեն վիրավորների ու զոհերի մասին: «Հարազատների տեղեկություններով՝ ձերբակալվել է 18-20 մարդ: Ոչ մի տեղեկություն չկա վիրավորների թվի ու նրանց վիճակի մասին»,- ասել է Քերիմովը:
Սաբուչինսկի շրջանի թիվ 3 հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են տուժածները, Turan-ին հայտնել են, որ իրենց արգելվում է ինչ-որ տեղեկություն հայտնել զոհերի կամ վիրավորների մասին:
Նա նաև հայտնել է, որ բնակիչները վրդովվել են Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարություններից, թե Նարդարանում բնակիչները պատրաստվել են իրականացնել պետական հեղաշրջում, իսկ ձերբակալված երիտասարդներին անվանում են ծայրահեղականներ:
«Մենք կտրականապես հերքում ենք այդ պնդումները: Մենք պահանջում ենք անցկացնել օբյեկտիվ հետաքննություն: Ականատեսները պնդում են, որ տեղացիները կրակ չեն բացել ոստիկանության վրա: Իրավապահները պետք է պարզեն, թե ով է կրակել: Անթույլատրելի է առանց բացատրության զանգվածաբար մարդկանց կալանավորելը»,- ասել է Քերիմովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարություն էին տարածել, որում նշվում է, թե արմատական իսլամ դավանող զինված խմբավորումը մի շարք սադրանքներ, ահաբեկչություններ ու զանգվածային անկարգություններ էր նախապատրաստում ու ՆԳՆ-ն այդ խմբին վնասազերծելու նպատակով ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ»:
Նշվում է, որ խումբը ցանկացել է բռնությամբ փոխել սահմանադրական կարգը, երկրում հաստատել շարիաթի օրենքներ: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է «Մուսուլմանական միասնություն» շարժումը, որը կողմնակիցներ է հավաքագրել Բաքվում ու երկրի մյուս շրջաններում, նրանց մատակարարել զենք ու պայթուցիկ նյութեր: