Բաժիններ՝

Լարված իրավիճակ Ադրբեջանում. իրավապահների ու բնակիչների բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան բնակավայրում բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել:

Ինչպես հայտնել է Turan գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններին, ոստիկանությունն անցկացրել է հայտնի աստվածաբան, «Մուսուլմանական միասնություն» շարժման ղեկավար Տալե Բագիրզադեին կալանավորելու հատուկ օպերացիա:  Նրա կողմնակիցների ու իրավապահների միջև կռիվ է սկսվել, ինչի հետևանքով իրավապահների ուղղությամբ նռնակ է նետվել: Նշվում է, որ Բագիրզադեից բացի ձերբակալվել են նաև նրա համախոհներից ոմանք:
Islamazeri.az կայքի տվյալով՝ օպերացիան անցկացվել է ցերեկային նամազի ժամանակ, ինչը հարուցել է հավատացյալների դժգոհությունը:

Ոստիկանությունը հատուկ միջոցներ է օգտագործել օպերացիայի ժամանակ: Հատուկ նշանակության ջոկատի դիմակավորված անդամները ներխուժել են շինություն, որտեղ աղոթել են հավատացյալները, ոմանց գլխին սև պարկ են հագցրել ու դուրս տարել:

Adrbejan (3) Adrbejan (2) Adrbejan (5)

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ հատուկ գործողության հետևանքով ոչնչացվել է զինված խմբավորման 4 անդամ, սպանվել է նաև հատուկ գործողությանը մասնակցող ՆԳՆ-ի երկու աշխատակից: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկաններն սպանվել են իրենց կողմը նետված նռնակի պայթյունից, ևս մի քանիսը վիրավորվել են: Նշվում է, որ տեղացիները գործի են դրել ատրճանակներ ու ինքնաձիգներ: Սաբուչինսկի շրջանի թիվ 3 հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են տուժածները, Turan-ին հայտնել են, որ իրենց արգելվում է ինչ-որ տեղեկություն հայտնել զոհերի կամ վիրավորների մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ «արմատական իսլամ դավանող զինված խմբավորումը մի շարք սադրանքներ, ահաբեկչություններ ու զանգվածային անկարգություններ էր  նախապատրաստում ու ՆԳՆ-ն այդ խմբին վնասազերծելու նպատակով ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ»:

Նշվում է, որ խումբը ցանկացել է բռնությամբ փոխել սահմանադրական կարգը, երկրում հաստատել շարիաթի օրենքներ: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է «Մուսուլմանական միասնություն» շարժումը, որը կողմնակիցներ է հավաքագրել Բաքվում ու երկրի մյուս շրջաններում, նրանց մատակարարել զենք ու պայթուցիկ նյութեր:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հայտարարել են, որ խումբը Նարդարանում կազմակերպել է անօրինական հավաքներ, թռուցիկներ բաժանել բնակչությանը, ահաբեկչություններ են նախապատրաստվել պաշտոնյաների դեմ:

Հաղորդվում է, որ Նարդարանում իրավիճակը թեժացել է: Դեպի բնակավայր տանող ճանապարհները տեղացիները փակել են:

Adrbejan (1) Adrbejan (4) Adrbejan (6)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս