Թոփ 10 ֆուտբոլիստներ, ում եվրոպական գրանդները ցանկանում են ձեռք բերել ձմռանը
Հանրահայտ «91min» պարբերականն անդրադարձել է Եվրոպա լիգայում հանդես եկող տաղանդավոր ֆուտբոլիստներին, ում եվրոպական գրանդները ցանկանում են տեսնել՝ որպես կազմի ուժեղ համալրում:
Ձեզ ենք ներկայացնում պարբերականի կազմած ցանկը և ֆուտբոլիստների նկարագրությունները:
1. Յուրի Տիելեման-«Անդերլեխտ»- Ֆուտբոլիստն ընդամենը 18 տարեկան է, բայց նրան ցանկանում են ձեռք բերել մի շարք եվրոպական ակումբներ: Զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն հիմնական կազմի խաղացող է իր թիմում։ Բելգիացուն, այնուամենայնիվ, շատ դժվար կլինի ձեռք բերելը, քանի որ նրանից է մեծապես կախված «Անդերլեխտի» խաղը, որը դժվար թե ցանկանա բաժանվել իր առաջատարից մրցաշրջանի կեսին։
2. Հենրիխ Մխիթարյան -«Բորուսիա Դորտմունդ»- Մխիթարյանը Եվրոպա լիգայի յուրաքանչյուր երրորդ խաղում դարձել է գոլի հեղինակ և հանդիսանում է մի շարք ակումբների տրանսֆերային թիրախը։ Հայ ֆուտբոլիստը 13 գոլ է հեղինակել բոլոր մրցաշարերում միասին: Մխիթարյանն ընդամենը 26 տարեկան է ու խոստումնալից ապագա ունի:
3. Բերնարդո Սիլվա – «Մոնակո»- Պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան հստակ քայլերով մուտք է գործում եվրապական ֆուտբոլ: Նա շարունակաբար տպավորում է՝ խաղալով «Մոնակոյի» կիսապաշտպանությունում։ 21-ամյա ֆուտբոլիստի անունը կապում են «Չելսիի» ու «Ռեալ Մադրիդի» հետ: Եթե նա շարունակի նույն տեմպերով, ապա նրա տրանսֆերը ձմռանը շատ հավանական է:
4. Մոհամեդ Էլյունուսի- «Մյոլդե»- Նորվեգացի հարձակվող Մոհամեդ Էլյունուսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղում 13 գոլ է խփել, որոնցից 3-ը՝ Եվրոպա լիգայում։ WhoScored.com-ի համաձայն՝ նա երրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է Եվրոպա լիգայում։ 21-ամյա ֆուտբոլիստին պետք չէ դուրս թողնել ուշադրությունից:
5. Մուսա Կոնատե – «Սիոն»- «Սիոնի» հարձակվողը դուրս չի մնացել եվրոպական գրանդների ուշադրությունից առաջին հերթին՝ ֆիզիկական լավ պատրաստվածության և գրոհների եզրափակման կարողությամբ: 22-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում շվեյցարական թիմի կազմում խփել է 8 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։
6. Ռաուլ Բոբադիլյա- «Աուգսբուրգ»- Արգենտինացին այնքան էլ երիտասարդ չէ՝ 28 տարեկան, սակայն կուժեղացնի Անգլիայի առաջնության միջին կարգի ցանկացած թիմի կազմը։ Եվրոպա լիգայում նա արդեն 4 գոլ է խփել, իսկ «Աուգսբուրգը» դժվար թե նրա համար շատ բան պահանջի:
7. Գոնսալո Հիգուային – «Նապոլի»- Մինչև ծերանալն ու մազերի սպիտակելը Հիգուաինի անունն անընդհատ կապվելու է եվրոպական գրանդների հետ։ 27-ամյա արգենտինացի հարձակվողն այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում 16 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: Այս պահին նա Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է: Գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք «Նապոլին» բաց կթողնի նրան, թե՞ ոչ: Եթե Հիգուաինը շարունակի նման խաղ ցուցադրել, ապա նրա անունը շարունակվելու է հոլովվել ամսագրերի առաջին էջերին:
8. Արից Ադուրիս- «Ատլետիկ Բիլբաո»- Ադուրիսը ևս երիտասարդ չէ՝ 34 տարեկան: Չնայած տարիքին, նա շարունակում է մնալ գերազանց մարզավիճակում, և, վստահաբար, կարող է ևս մի քանի տարի խաղալ միջինից ուժեղ ակումբում: Նա այս մրցաշրջանում արդեն 15 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում է կատարել։ Լավ առաջարկի դեպքում «Ատլետիկ Բիլբաոն» դժվար թե հրաժարվի վաճառել նրան:
9. Թոմաս Լեմար – «Մոնակո»- Լեմարը «Մոնակոյի» երկրորդ ադամանդն է, և շատ դժվար է լինելու նրան պահել թիմում: Հարձակվողական ոճի այս կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում շատ տպավորիչ ելույթներ է ունենում, ինչը, անկասկած, թույլ կտա «Մոնակոյին» բավականին լուրջ գումար պահանջել նրա տրանսֆերի դիմաց:
10. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ -«Բորուսիա Դորտմունդ»- Գաբոնցի հարձակվողի անունը շրջանառվում է գրեթե ամեն խաղից հետո: 27-ամյա հարձակվողը Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկուն է՝ խփելով 4 գոլ, բացի այդ էլ, ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղերում խփել է 23 գոլ, ինչը լավագույն ցուցանիշն է Եվրոպայում։ Մամուլն անընդհատ քննարկում է ֆուտբոլիստի տեղափոխությունը՝ նրան տանելով Անգլիայից Իսպանիա, Միացյալ Նահանգներից՝ Ֆրանսիա:
Սիրարփի Աղաբաբյան