Բաժիններ՝

Ձերբակալված խմբի անդամ Տիգրան Բոյաջյանը դուրս էր մնացել համալսարանից

Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, սեփական տներից մեկում վնասազերծել էին զինված մի քանի անձանց: Ըստ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հայտարարության. «Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել» : Ձերբակալվածների թիվը, ըստ ԱԱԾ պաշտոնյաների տվյալների՝ հասել է 21-ի:

Tigran Boyajyan (1) Tigran Boyajyan (2)

168.am-ի տեղեկություններով՝ վնասազերծվածներից մեկը 1996թ. ծնված Տիգրան Բոյաջյանն է, ով մինչև վերջերս սովորում էր Երևանի պետական համալսարանի «Ակտուարական և Ֆինանսական մաթեմատիկա» ֆակուլտետում՝ 2-րդ կուրսում: Վերջինս, սակայն, ըստ ուսանողների, վերջին շրջանում գրեթե միշտ բացակայել է դասերից, նույնիսկ քննությունները չի կարողացել վերահանձնել և դուրս է մնացել համալսարանից: Ըստ ուսանողների՝ նա վերջին շրջանում դարձել էր Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնած «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից, մասնակցել է նրանց կողմից կազմակերպված քաղաքական ակցիաներին, միջոցառումներին, այդ իսկ պատճառով հաճախ բացակայել է դասերից:

Կարդացեք նաև

Բացակայությունների պատճառով նա չի կարողացել վերահանձնել քննությունները, ինչի հետևանքով վերջնականապես դուրս է մնացել համալսարանից: Նա, ինչպես պնդում են ուսանողները, լավ երիտասարդ էր և նրան ճանաչողների համար անսպասելի է եղել և դասերից այդչափ բացակայությունները, և հետագայում՝ համալսարանից դուրս մնալը: Տիգրան Բոյաջյանը ֆեյսբուքյան էջում ներկայանում էր նաև Tiger անվամբ, նույն գործով ձերբակալված Նելլի Մինասյանի հետ ակտիվորեն մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներին:

Tigran Boyajyan (1)

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինված հանցավոր խումբը՝ զինված ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով, նախատեսել էր զինված գործողություններ կատարել մայրաքաղաքում: Ավելին, ըստ նույն տեղեկությունների՝ դա պետք է տեղի ունենար հանրահավաքներից մեկի ժամանակ:

Tigran Boyajyan (2)

Փորձեցինք Տիգրան Բոյաջյանի մասին տեղեկատվությունը ճշտել «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներից: 168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից ոմանք նշեցին, որ վերջին շրջանում չեն տեսել ու կապ չեն ունեցել Տիգրան Բոյաջյանի հետ: «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում չի տեսել Տիգրանին ու ոչ մի տեղեկություն չունի նրանից. «Մենք կուսակցություն էլ չենք, անդամատոմսեր էլ չենք տալիս, աջակիցն ուզում է՝ գնում է- գալիս է, հեռանում է, մոտենում է, ինչպես ուզում է՝ վարվում է, մենք աջակիցներ ունենք, որ մեզ հետ չեն էլ շփվում ընդհանրապես»: Մենք խնդրեցինք նրան՝ որոշակի կոնտակտներ մեզ տրամադրել, որպեսզի կարողանանք կապ հաստատել Տ. Բոյաջյանի հետ, սակայն Վ. Ավետիսյանն ասաց, որ իրենք հազարավոր աջակիցներ ունեն, ու ոչ բոլորի հեռախոսահամարներն են պահում: Հիշեցնենք, որ Տ. Բոյաջյանը ժամանակին նաև հերթապահում էր «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում և հարցազրույցներով հանդես գալիս:

Մեր այն հարցին էլ, թե՝ չկա՞ մեկը, որ կարող է ինչ-որ տեղեկություն հայտնել կամ նրա հետ կապ հաստատելու հեռախոսահամարներ տալ մեզ, Վ. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, այս պահին որևէ մեկը մտքիս չի գալիս»:

Մեզ հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մեկ այլ անդամ՝ Կարող Եղնուկյանը, նույնպես նշեց, որ ոչ մի տեղեկություն չունի Տ. Բոյաջյանի մասին, ու չգիտի էլ՝ ինչպես կապ հաստատել նրա հետ:

Tigran Boyajyan111

Նշենք, որ Տ. Բոյաջյանի ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարի բաժանորդը չի պատասխանում հեռախոսազանգերին: Տ. Բոյաջյանից տեղեկություններ չունի ու անգամ նրան չի ճանաչում «Ո՛չ թալանին» նախաձեռնության նախկին անդամ, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը: Սակայն, հատկանշական է, որ Տ. Բոյաջյանն ակտիվորեն մասնակցում էր Բաղրամյանի ցույցերին: Վ. Շուշանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ցույցերի ժամանակ հազարավոր ակտիվիստներ են մասնակցել, ու դժվար է բոլորին հիշելը:

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս