
Ժիրինովսկին առաջարկել է Ստամբուլի վրա միջուկային ռումբ գցել

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Թուրքիային պատասխանել հրթիռա-միջուկային հարվածով: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է «Խոսում է Մոսկվան»:
«Ստամբուլը ոչնչացնելը շատ հեշտ է՝ բավական է միջուկային ռումբ նետել նեղուցը ու այն քաղաքը կողողի: Դա այնքան սարսափելի ջրհեղեղ կլինի, ջրի սյունը կբարձրանա 10-15 մետրով, ու քաղաքն այլևս չի լինի, իսկ այնտեղ 9 մլն մարդ է ապրում»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները չեն միջամտի՝ «չցանկանալով մահանալ միջուկային հրդեհում»: Նա նշել է, որ ներկայում Թուրքիան Ռուսաստանի թիվ 1 թշնամին է:
Քաղաքական գործչի կարծիքով՝ ներկայում Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը «կատաղած» է: «Նրանք չգիտեն, թե ինչ տեղի կունենա: Ես նրանց փոխարեն հիմա կվախենայի Թուրքիային հասցվելիք կործանիչ հարվածից: Նախագահի մի հիմար գործողություն, ու երկիրը ընդհանրապես կարող է գոյություն չունենալ»,- հավելել է նա: