«Նելլին կյանքում մրջյուն չի տրորի, ինչ մնաց` տեռորիստ լինի». մայրը պատմում է Նելլի Մինասյանի մասին
ՀՀ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Նելլի Մինասյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավաության դատարանն այսօր քննելու է նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուց հարցը: Ըստ ԱԱԾ-ի՝ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Զրուցել ենք Նելլի Մինասյանի մոր՝ տիկին Նարինեի հետ:
– Տիկին Նարինե, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր դստերը:
– Ինքը հրաշք մարդ է, ոչ մի վատ բան երբեք արած չկա ինքը: Ոչ գողություն էր սիրում. երբ լսում էր մեկը մյուսից գողություն է արել, շատ վատ էր տանում: Ինքն ավելի շատ զինվորների համար էր մտածում: Ընդհանրապես արցունք բառն իր մոտ չկա: Մի անգամ տեսա արցունքն աչքերին facebook-ում բան էր կարդում, հարցրի՝ ինչ է եղել: Մի աղջիկ էր գրել՝ «ախպերիկ ջան, մաման քո ծնունդը նշում է, դու ներկա չես քո ծնունդին«: Հիմա էլ, երբ հիշում եմ, իրոք իմ լացն է գալիս: Ինքն այդ աղջկա համար մի տեսակ եղավ, ասում էր՝ հիմա ինչ վիճակում են նրանց ծնողները: Հիմա այդ նույն վիճակում արդեն մենք ենք:
Ինքը հայրենասեր մարդ էր: Մի անգամ ասաց, որ զինվորներին են ուզում օգնել: Աշխատանքի էի գնում, տեսա հավաքված են, ասեցի՝ տեսնեմ Նելլին այստե՞ղ է, թե՞ ոչ: Ինքն էլ էր այնտեղ, չգիտեմ՝ զինվորների համար ինչ էին հավաքում՝ քաղցրավենիք էր, ինչ էր: Ասացի՝ ես էլ տանեմ, գումար տամ, ասաց՝ չէ, մամ, ես ինչքան տվել եմ, բավական է, իմ ձեռքի փողը լրիվ իրենց եմ տվել:
– Նելլին ընդհանրապես ինչո՞վ էր զբաղվում:
– «Գլաձորի» իրավաբանականում էր սովորում: Ինքը լավ էլ սովորում էր, ուսումից հետ չէր մնում, պրակտիկա էր գնում: Հիմնականում այդպես: Մինչև սեպտեմբեր աշխատում էր, դրանից հետո դուրս եկավ աշխատանքից, որ կարողանար իր դասերով լինել: Այդքան բան:
– Նելլին և ևս 9 անձի ձերբակալել են Նորք-Մարաշում գտնվող բնակարանից…
– Ես այդ օրը տանը չեմ եղել, դրա համար չգիտեմ՝ ինքը տա՞նն է եղել, թե՞ տանը չի եղել: Մնացել էի մերոնց տանը: Առավոտյան 11-ին եմ եկել: Այդ ժամանակ տանը չի եղել, մտածեցի՝ դասի է գնացել, դասից կգա: Facebook մտա՝ տեսնեմ ինչ կա, ինչ չկա, իր նկարը տեսա, զարմացա, որ իր նկարը… գրած էր՝ տեռորիստ են, եսիմ ինչ են: Նելլին կյանքում մրջյուն չի տրորի, ինչ մնաց՝ տեռորիստ լինի: Թող այդպիսի բաներ չանեն, ժողովրդին իզուր լարեն այդ երեխեքի դեմ:
– Մյուս ձերբակալվածների հետ Նելլին ի՞նչ հարաբերություններ ուներ:
– Ես միայն գիտեմ, որ Մարինեի (խոսքը Մարինե Մկրտչյանի մասին է, ով ևս ձերբակալվել է այս գործի շրջանակներում:- Օ.Հ.) ընկերուհին է եղել: Ուրիշ ոչ մի բան չգիտեմ: Չեմ ճանաչում նրանց, ընդհանրապես ոչ մեկին տեսած չեմ, չգիտեմ:
– Նշվում է, որ վերջին մեկ ամսում ապրել են Նորք-Մարաշում գտնվող տանը:
– Ես մոտ 20 օր, հնարավոր է՝ մի փոքր ավել, չեմ հիշում, գյուղում եմ եղել, բայց միշտ խոսել եմ իր հետ, միշտ զանգել եմ, միշտ խոսել եմ հետը, կապ ունեցել եմ: Ոչ մի բան չեմ նկատել, չգիտեմ՝ ինչ ասեմ:
– Ձերբակալվելուց հետո որևէ կերպ կարողացե՞լ եք կապվել Ձեր դստեր հետ:
– Չէ:
– Փաստորեն լրատվամիջոցներից եք իմացել, որ Ձեր դստերը ձերբակալել են:
– Ես խառնված, չգիտեմ՝ ինչ վիճակի հասել եմ այնտեղ, որտեղ ինքը պրակտիկայի էր, որ փաստաբանին հարցնեմ, տեսնեմ՝ ինչ է, թե երեխեքի գլխին են սարքում, թե … Իրենք էլ էին շոկի մեջ, Նելլիից ընդհանրապես ոչ մի վատ բան չէին սպասում: Ու իրոք, ինքն այն մարդն է, որ…
– Ի՞նչ եք կարծում՝ այս ամբողջ պատմությունն ինչի՞ց է առաջացել: Ի վերջո, նշվում է, որ հանցավոր խմբակցություն է ստեղծվել:
– Մենք էլ չենք կարողանում հասկանալ է, չենք կարողանում հասկանալ՝ սա ինչ է: Չենք կարողանում:
– Նելլին երբևէ խնդիր ունեցե՞լ է իրավապահների հետ:
– Չէ, չէ: Հենց ինքն էր ուզում ոստիկան դառնալ: Ի՞նչ խնդիր պիտի ունենար:
– Նշվում էր, որ Նելլին ակտիվիստ է, մասնակցել է «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիաներին:
– Մասնակցել է, դրանից հետո հետ է դարձել, էլ չի գնացել: Ես իրեն հարցրի՝ էլ ինչո՞ւ չես գնում: Ջրցանի հաջորդ օրը գնացել է, էլ չի գնացել: Հարցրի՝ ինչո՞ւ չես գնացել, ասաց՝ այդ օրն ինչ-որ կուսակցականներ են եկել, ոնց որ իրենցով են ուզում անել այդ խաղաղ ցույցը, ուրիշ բանի են վերածում, այդտեղ էլ արդեն մեր գործը չէ: Իրենք խմբով էին, ինչ էին, չեմ կարող իմանալ, լրիվը հետ են դարձել, էլ չեն գնացել:
– Այսինքն՝ ինքը քաղաքական կուսակցությունների անդամ էլ չէր:
– Չէ, չէ, չէ: