Բաժիններ՝

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված քաղաքացին մեղադրվում է պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված քաղաքացու կողմից պաշտոնեական փաստաթուղթ համարվող այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

29-ամյա Ա.Վարդանյանը 2013 թվականի փետրվարի 25-ին դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար։ Հետագայում դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից և հաշվառվել ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Երևանի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքում՝ պարտավորվելով չփոխել մշտական բնակության վայրը, ամիսը 2 անգամ ներկայանալ և ստորագրել պաշտոնեական փաստաթուղթ համարվող, անձնական գործին կցված այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցում:

Նախնական քննության տվյալներով՝ Ա.Վարդանյանը, որոշելով մեկնել Մոսկվա, վերահսկողությունից խուսափելու նպատակով, կեղծել է պաշտոնեական փաստաթուղթ համարվող, անձնական գործին կցված այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը և նոյեմբերի 26-ի հերթական այցի ժամանակ նախապես ստորագրել է նաև դեկտեմբեր ամսվա համար ու մեկնել Մոսկվա։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս