Հակակոռուպցիոն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ձևավորել քաղաքացիական ճակատ. Ա. Աշոտյան
Կոնգրես հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողով, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել վերոնշյալ կազմակերպությանը` նման նախաձեռնության համար: «Գաղտնիք չէ, որ կոռուպցիոն երևույթները, ինչպես բոլոր համակարգերում, կրթության ոլորտում ևս առկա են:
Ցավոք, մի կողմից կոռուպցիայի վերացման համար այս պահին չենք ձևավորել հանրային ճակատ, մյուս կողմից` կոռուպցիոն երևույթները շատ հաճախ քաղաքականացվելու և իշխանություն-ընդդիմություն բևեռացման ճանապարհին դառնում են փոխադարձ մեղադրանքների զինանոց: Այս դեպքում հնարավոր չէ խոսել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին, որն իրականում ոչ քաղաքական խնդիր է իրենից ներկայացնում, ոչ էլ որևէ գերատեսչության միանձնյա լուծելու խնդիր է:
Իրականում հակակոռուպցիոն ծրագրի մշակման և իրականացման համար անհրաժեշտ է ձևավորել քաղաքացիական ճակատ, և այս ճակատը պետք է իր մեջ միավորի բոլոր այն հանրային-հասարակական նախաձեռնությունները, որոնք իրականում այս երևույթը համարում են կործանարար և վտանգավոր առհասարակ երկրի և, մասնավորապես, կրթության համակարգի համար»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ոչ մի առանձին վերցրած նախարարություն, գերատեսչություն կամ կառավարություն չի կարող լոկ վարչական, քրեական, բյուրոկրատական եղանակներով ապահովել հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետությունը, եթե բուն շահառուն, կրթական ծառայությունների վերջնական սպառողը չի կիսում այդ պայքարի առաջնահերթությունները, խնդրի կարևորությունը և չի դառնում իրենց դաշնակից:
«Կոռուպցիայի նվազման հարցում, իհարկե, ունենք դրական միտում, սակայն արձանագրված ծավալը մեզ չի բավարարում: Կոռուպցիոն երևույթները մենք անկասկած դիտում ենք որպես մարտահրավեր, սակայն իմ կարծիքով` այդ երևույթների մասին ավելի շատ խոսվում է, քան դրանք գոյություն ունեն: Սակայն դրանք գոյություն ունեն այն ծավալի, որ վտանգում են կրթության որակը, արդյունավետությունը և մատչելիությունը: Հետևաբար, խնդրի լուծման համար նախարարությունը փորձում է միավորել ուժերը տարբեր հասարակական և միջազգային կառույցների հետ:
Մեր գործողությունների վերջնանպատակն է` գալ այնպիսի իրատեսական լուծումների` ստեղծելով հասարակական համախմբման բավարար կրիտիկական ներուժ, որ կտրուկ փոփոխություն կառաջացնի համակարգում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ չի կիսում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության պատվերով պատրաստված «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» զեկույցում տեղ գտած լուծումների մի զգալի մասը, բայց դա չի նշանակում, որ Կրթության և գիտության նախարարությունն աչք է փակում դրանց վրա:
«Զեկույցն իրականում պատրաստված է բանիմաց մարդկանց կողմից, որոնց տեսակետների հետ կարելի է չհամաձայնել, հիմնավորել և հակազդել, բայց պետք է հարգել և փորձել այս աշխատանքի մեջ տեսնել այն ամենը, ինչը կարող է մեզ միավորել»,-նշել է նախարարը` համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և Բաց Հասարակության Հիմնադրամներ– Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Համաժողովի շրջանակում ներկայացվել է ԲՀՀ Հայաստանի աջակցությամբ 2014 թվականին Կիրառական քաղաքականության կենտրոնի կողմից կրթության ոլորտում բարեվարքության և կոռուպցիայի հարցերով միջազգային փորձագետ Միհայլո Միլովանովիչի առաջնորդությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության ավարտական զեկույցը: