Բաժիններ՝

«Քաղաքական ուժերի հետ կապ այս պահի դրությամբ չենք տեսնում». ԱԱԾ-ի աշխատակիցը՝ Նորք-Մարաշում վնասազերծված խմբի մասին

Թե որքանով է Նորք-Մարաշում օրերս վնասազերծված զինված խումբը կապված «Իսլամական պետության» հետ, դեռ պարզ չէ, բայց այդ վարկածը քննության է առնվում ԱԱԾ-ի կողմից: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

«Մեր ծառայությունների խողովակների միջոցով համապատասխան հարցումներ կանենք՝ պարզելու համար, թե Արթուր Վարդանյանը կոնկրետ ի՞նչ գործունեությամբ է զբաղվել, արդյոք մեզ հայտնի կազմակերպությունները կապ և առնչություն ունե՞ն տվյալ դեպքի հետ, թե՞ ոչ»,- նշեց ԱԱԾ-ի աշխատակիցը:

Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն թույլ տվեց, որպեսզի վնասազերծման գործողությունից ժամեր անց լրագրողները տեսանկարահանեն, ձեռք տան այն իրերին, որոնք կարող էին փաստեր հանդիսանալ, Մ. Համբարձումյանն այսպես պատասխանեց.

«Խուզարկությանը ներգրավված է եղել բնակարանի սեփականատերը: Այսինքն՝ խուզարկության ընթացքում ներգրավվելուց հետո՝ կազմվել է խուզարկության վերաբերյալ քննչական արձանագրություն, այդ արձանագրության մեջ մանրակրկիտ նշվել են բոլոր այն իրեղեն ապացույցները, որոնք կարևորություն են ներկայացրել  քննության համար և ներգրավվել են մեր կողմից: Լրագրողնեը խուզարկության ընթացքում այդ բնակարանում չեն եղել, դա փաստ է, ու որևէ լրագրող եթե ասի, որ այնտեղ է եղել՝ դա հերյուրանք կամ սուտ կլինի: Լրագրողները ներս են մտել արդեն խուզարկության ավարտից հետո՝ բնակարանի սեփականատիրոջ թույլտվությամբ: Կնքվում են այն բնակարանները, որտեղ նախաքննական մարմինները դեռևս գործողություններ կատարելու անհրաժեշտություն են տեսնում ապագայում: Իսկ մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, քանի որ մենք արդեն առգրավվել էինք բոլոր իրերն ու այն առարկաները, որոնք մենք գնահատել ենք, որ կապ ունեն գործի հետ»:

ԱԱԾ-ի աշխատակցի խոսքով՝ զենքերի ձեռքբերման հետ կապված շատ մանրակրկիտ  քննություն է կատարվել, ձեռք բերված և հայտնաբերված զենքը խմբին չի բավարարել, ու  խումբը միջոցներ է ձեռնարկել այլ  աղբյուրներից նոր քանակությամբ զենք հայթայթելու ուղղությամբ:

Մ. Համբարձումյանը նշեց, որ հանցավոր խմբի գործունեությունը վերահսկվել է այն պահից սկսած, երբ նրանք հայտնվել են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերահսկվել են ԱԱԾ-ի ուժերով: Նրա փոխանցմամբ՝ խումբը վնասազերծվել է հանցագործության կատարումից ընդամենն օրեր առաջ:

Հարցին, թե որքանո՞վ է խումբը կապված հայաստանյան քաղաքական ուժերի հետ՝ ԱԱԾ-ի աշխատակիցն այսպես պատասխանեց. «Մենք քաղաքական ուժերի հետ կապ այս պահի դրությամբ չենք տեսնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս