«Եթե դուք «ստատուս» եք գրում, ապա բնական է, որ ակնկալում եք, որ տակը կգրվի…». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ ինձ մոտիկ մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնում ֆեյսբուքում եւ այլ նման տեղերում գրված հիմարությունների կամ ցնդաբանությունների առթիվ եւ լրջորեն խրվում են այդ մակարդակի քննարկումների մեջ, ես միշտ պատասխանում եմ՝ սա համացանց է, այստեղ տեսակետի կշիռը փետուրից ծանր չէ, այստեղ գրում են ոչ այնքան նրա համար, որ դուք դա կարդաք, որքան՝ սեփական հոգեկան խնդիրները հաղթահարելու համար։ Երբ բոլոր այդ «ստատուսներին», «լայքերին» եւ մեկնաբանություններին մոտենում ես այդ չափանիշներով, կյանքն ավելի պայծառ է դառնում։ Մասնավորապես, ֆեյսբուքյան «հանրությունը» ֆրագմենտացված է՝ մարդն իր ընկերների շարքում պահում է առաջին հերթին իր համախոհներին եւ, բնականաբար, ցանկանում է արժանանալ հենց նրա՛նց դրվատանքին: Հետեւաբար, եթե դուք «ստատուս» եք գրում, ապա բնական է, որ ակնկալում եք, որ տակը կգրվի՝ «խզարեցիր», «պորտը տեղը դրեցիր», «դիմակը պատռեցիր», «սպանիր»: Քո գրությունը նախատեսված է հենց նման գնահատականի համար, եւ շատ բնական է, որ դրա ոճային ուղղվածությունը պետք է լինի «խզարելը»: Խոսքն, ընդգծեմ, «օգտատիրոջ» ակտիվության մասին է, ոչ թե լրատվամիջոցի «կիսած» հոդվածի: Ես շահագրգռված եմ, որ իմ հոդվածը կարդան, ոչ թե հավանեն: Չնայած կան բազմաթիվ քարոզչական լրատվամիջոցներ, որոնց նպատակը նույնպես «դիմակ պատռելն» ու «պորտը տեղը դնելն է»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս