«Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին». Սերգեյ Նարիշկին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Խոցել ահաբեկչության դեմ պայքարող ռազմական օդանավը՝ նշանակում է աջակցել ահաբեկիչներին: Նախորդ տարի Թուրքիայի փոքր եղբայր համարվող Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հրամանով հայկական ուղղաթիռի խոցումը հավանաբար Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ տպավորություն է ստեղծել, թե կարող են նման ծանրագույն հանցանքներն անպատիժ մնալ: Ինչպես գիտենք, աշխարհը փոխվում է, ձեւավորվում են քաղաքական նոր մոտեցումներ, նոր իրավիճակներ, եւ այդ ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ Ռուսաստանի դաշնակիցն է, որ ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Իսկ Թուրքիան, ցավոք, վերջին 100 տարում այդպես էլ չի փոխվել»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ պարոն Շարմազանովը հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովն անընդունելի է համարում խորհրդարանականների նկատմամբ որեւէ պատժամիջոցի կիրառումը. այն որեւէ կերպ չի կարող տեղավորվել «պառլամենտ» եզրույթում: Էդուարդ Շարմազանովը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Հայաստանը ողջունում է վերջին օրերին Դումայում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենքի նախագծի ընդունումը, քանի որ, ինչպես նշել է նա, անցյալի ոճիրներին համարժեք գնահատական չտալը ծնում է նոր ոճիրներ, այդ թվում՝ ահաբեկչական գործողություններ, որոնց ականատեսն ենք այժմ:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային հարթակներում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար: Նա ընդգծել է, որ անցյալի մեղքերը, ոճիրներն ու հանցանքները պետք է դատապարտվեն ըստ արժանվույն, ինչը հնարավորություն կտա խուսափելու նման հանցանքների կրկնությունից: Ինչ վերաբերում է Թուրքիային, Սերգեյ Նարիշկինն իր խոսքում մասնավորապես նշել է. «Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Իսկ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել 2016թ. ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը Երեւանում անցկացնելու հայկական կողմի առաջարկի համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵՏՄ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վերահաստատել համատեղ աշխատանքի կարեւորությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս