Ի՞նչ կապ ունի Գյումրու «Մարիամ» ռադիոկայանը «Հայոց Վահան»-ի ղեկավարի հետ. ԱԱԾ են տարել ռադիոյի երկու պատասխանատուների. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Նախօրեին, վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ էին կատարում Գյումրու Ղորղանյան 83 առանձնատանը, որտեղ տեղակայված է «Մարիամ» հոգեւոր-մշակութային ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղը: Ռադիոկայանի աշխատակիցներից մեզ տեղեկացրեցին, որ կենտրոնական գրասենյակը Վատիկանում է. այն ունի տարբեր մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում: Երեկ փորձել էինք կապ հաստատել ռադիոկայանի հիմնադիր, Ավստրալիայից հայրենիք բնակության տեղափոխված Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի ու մյուս պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն, բոլորի հեռախոսներն անհասանելի էին, իսկ աշխատակիցները չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Հիշեցնենք, որ պաշտոնական աղբյուրները կցկտուր տեղեկություններ էին տրամադրում՝ ընդամենը նշելով, որ Գյումրու տվյալ հասցե եկել են Երեւանում հայտնաբերված ահաբեկչական խմբի հետքերով:

Ավելի ուշ պարզեցինք, որ ձերբակալված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի՝ «Հայոց Վահան» կազմակերպության կողմից Youtube-ում տեղադրված չորս ձայնագրություններից երեքը ռադիո «Մարիամ»-ում արված հարցազրույցներ են այս կազմակերպության նախագահի եւ անդամներից մեկի հետ:

Մենք այսօր եղանք Ղորղանյան 83 առանձնատանը, որտեղ մի քանի կազմակերպություններ են գործում, այդ թվում ինտերնետային կապ ապահովող ընկերություն: Դուռը բաց էր, ներսում կային 3 աշխատակիցներ: Նրանք մեզ միայն փոխանցեցին, որ երեկ իրենց թույլ չեն տվել մտնել ռադիոկայան՝ տեղեկացնելով, որ խուզարկություններ են կատարելու: ԱԱԾ-ականները ոչ մի բացատրություն չեն տվել, թե ինչու են խուզարկում գրասենյակը, վստահեցրել են, թե մինչեւ ժամը 13.00-ը կավարատեն խուզարկությունը:

Սակայն, ըստ աշխատակիցների, այն տեւել է մինչեւ ուշ երեկո: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները իրենց հետ տարել են ռադիոկայանի ամբողջ տեխնիկան, համակարգիչները: Ռադիոյի աշխատակիցները «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանին հիշում են որպես ռադիոյի հաղորդումներից մեկին հյուրընկալված անձ: Մենք գրասենյակից դուրս հանդիպեցինք նաեւ այլ աշխատակիցների, որոնք մինչեւ ուշ երեկո սպասել են խուզարկությունների ավարտին: Նրանցից մեկը մեզ ասաց, որ երբ եկել է աշխատանքի, իրենց բարեւել են ԱԱԾ-ականները, իրենք տեսել են նաեւ ռադիոկայանի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանին: Տեսնելով, որ խառը վիճակ է, հարցրել են՝ ինչպե՞ս եք, նա իրեն հատուկ պատասխան է տվել՝ ես միշտ լավ եմ: Այնուհետ, երբ ուշ ժամի ավարտվել է խուզարկությունը, խուզարկություն կատարող անձինք իրենց հետ տարել են նաեւ ռադիոկայանի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս