Ինչ կփորձեն անել Ղարաբաղում Թուրքիան և Ադրբեջանը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության միջոցով

Սառը պատերազմի ավարտից հետո սկսված ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ամենածանր ճգնաժամի ֆոնին 2016 թվականից Գերմանիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը։

«Երկխոսություն, վստահություն և անվտանգություն»,- սրանք են լինելու Գերմանիայի առաջնահերթությունները ԵԱՀԿ նախագահության ժամանակահատվածում։ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքով` հենց երկխոսությունն է կարևոր ուկրաինական ճգնաժամի կարգավորման և ԵԱՀԿ տարածքում վստահություն կառուցելու համար, քանի որ վերջին 1.5 տարում եվրոպական անվտանգության հարցում վստահությունն անհետացել է։ Խոսելով Գերմանիայի առաջնայնությունների մասին` նա ընդգծել է ԵԱՀԿ դերի կարևորությունը` որպես հակամարտությունների լուծման և կանխարգելման գործիք, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության հարցերի վրա։

Որոշ երկրների նախագահության դեպքում նախագահությունն իսկապես օգտագործվում է զանազան հակամարտություններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում` դրական հանգրվանի հասնելու նպատակով։

Օրինակ` Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման հարցերում սովորաբար ակտիվ է լինում Շվեյցարիան իր նախագահության շրջանում։ 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն ասում էր, որ ստատուս-քվոն լավագույն տարբերակը չէ, և պետք է փորձել քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն։ Նա կողմերին առաջարկում էր, որպեսզի Շվեյցարիան դառնա համակարգված բանակցային գործընթաց սկսելու հարթակ, ավելին` նա ԼՂ հակամարտող երկրներին առաջարկում էր սահմանին և շփման գծում միջադեպերի հետախուզման մեխանիզմ ներդնել։

Այս նախաձեռնություններն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ օդում կախված մնացին, բայց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մինչ այժմ կարծում է, որ դրանք չօգտագործված հնարավորություն էին, և կողմերը դեռ կարող են ընդունել առաջարկն ու սկսել համակարգված բանակցություններ։ Թեև Ուորլիքն առաջարկում է հետևել Շվեյցարիային, օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Բեռլինում բանակցություններ իրականացրեցին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որը, ամենայն հավանականությամբ, ուղղված էր ԵԱՀԿ նախագահության մեկ տարվա ընթացքում Գերմանիայի նպատակների բացահայտմանը։ Կողմերը, ինչպես տեղեկացրել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, քննարկել են արցախյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու խնդիրը։

«Ուրախ եմ Բեռլինում հանդիպել Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել էր նա։ Սակայն հետաքրքրական էր նաև հանդիպումից հետո համանախագահների տարածած հաղորդագրությունն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությունն անընդունելի է։ Այս հաղորդագրության հասցեատերն այդպես էլ չհստակեցված մնաց։ Ըստ որոշ վերլուծաբանների, հասցեատերը Գերմանիան էր, որը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ պայմանավորված` ցանկանում է ՄԽ-ում փոխարինել Ֆրանսիային կամ ներգրավել Թուրքիային։ Իսկ ոմանց պնդմամբ` զգուշացումների հասցեատերը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էր, ով հայտարարությունից ժամեր առաջ ասուլիս էր տվել և չէր բացառել, որ Ստեփանակերտի օդանավակայանը կտրամադրվի Ռուսաստանին` սիրիական գործողությունների համար։

«168 Ժամի» հետ զրույցում Գերմանիայի Ազատ համալսարանի դասախոս, հայագետ, վերլուծաբան Ժիրայր Քոչարյանը փորձեց ուրվագծել, թե որ խնդիրները կլինեն Գերմանիայի ուշադրության կենտրոնում 2016թ.։ Նա նշեց, որ, բնականաբար, Գերմանիան կենտրոնանալու է ներգաղթյալների, ԵՄ-ՌԴ հարաբերություններում առաջացած ճգնաժամերի կարգավորման վրա։ Այդ ուղղությամբ, ըստ նրա, Մերկելն արդեն իսկ աշխատում է։ Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, Քոչարյանը չի կարծում, թե Գերմանիան բացառապես իր կամքով ցանկանում է առանձին դերակատարություն ստանձնել Մինսկի խմբում, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Գերմանիայի միջոցով բանակցությունները տեղափոխել իրենց համար ցանկալի հանգրվան, որպեսզի Ֆրանսիայի փոխարեն Գերմանիան մտնի Մինսկի խումբ` որպես համանախագահ երկիր։

«Սա, թերևս, կապված է մի շարք ընթացակարգերի հետ, այդքան էլ հեշտ իրականանալի չէ, բայց պետք է հստակ ասել, որ դա չափազանց վտանգավոր հեռանկար է Արցախի համար, որովհետև Գերմանիան առ այսօր խստորեն դատապարտում է Հայաստանի, իբրև թե, զավթողական քաղաքականությունը` ճանաչելով Արցախի տարածքը` որպես ադրբեջանական տարածք։ Կարծում եմ, որ սա շատ վտանգավոր է, ուստի Հայաստանի ներկայացուցիչները ԵԽ ԽՎ-ում ևս պետք է ակտիվ աշխատեն, նման ձևակերպումներով զեկույցները կարողանան բեկանել, որովհետև, եթե հիշում եք, վերջերս Մերկելը մեկնեց Թուրքիա և օժանդակեց, որպեսզի Էրդողանը նորից ընտրվի։

Գերմանիան երեք միլիարդ պետք է տրամադրի Թուրքիային, որպեսզի Թուրքիան օգնի Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի փախստականներին` չգալ Եվրոպա և Գերմանիա, քանի որ Եվրոպան այլևս ունակ չէ ընդունել նրանց։ Այդ զիջումները, որոնք արվում են Թուրքիային, պատճառ կդառնա նաև, որ Թուրքիան առաջարկներով հանդես գա։ Դրանցից մեկն այն կլինի, որ, անշուշտ, Հայոց ցեղասպանության մասին չխոսվի Գերմանիայում, չմտնի այդ հարցը Բունդեստագի օրակարգ։ Իրենք միշտ կարծում են, որ ֆրանսիայի ներկայացուցիչն ունի հայամետ դիրքորոշում, ուրեմն գերմանացի պետք է լինի։ Սա մեր շահին դեմ է։

Դա, անշուշտ, Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունն է, բայց ես գերմանական մամուլում չեմ կարդացել տեղեկություն այն մասին, որ Գերմանիան ընդունում է այդ առաջարկը։ Պարզապես կա Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունը, որը որոշ գործոնների ներքո կարող է ընդունվել Գերմանիայի կողմից։ Թեև, նույնիսկ Գերմանիայի ցանկության դեպքում, չեմ պատկերացնում, թե ԵԱՀԿ երկրներն ու կողմերն ինչպես կընդունեն այդ առաջարկը»,- մեկնաբանեց Ժիրայր Քոչարյանը։

Մեզ հետ զրույցում գերմանացի փորձագետ Ուվե Հալբախն ասաց, որ Գերմանիայի քաղաքականությունը նախագահության շրջանում բեկումնային փոփոխություններ չի կրելու։ Ըստ նրա` Գերմանիան ԼՂ հակամարտությունում ԵՄ ընդհանուր քաղաքականության կրողն է` փոքր նրբերանգային տարբերություններով։

Նրա խոսքով` միջնորդների ցանկության դեպքում Գերմանիան կփորձի աջակցել խաղաղ բանակցային գործընթացին։ Սակայն, վերլուծաբանի համոզմամբ, ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, քանի որ հակամարտության կողմերը սկզբունքային դիրքորոշումներ են որդեգրել, կտրուկ պահանջներ դնելով միմյանց առջև` չունենալով հակամարտության կարգավորման քաղաքական կամք։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձել են բանակցությունների համար հարմար պայմաններ ստեղծել, վերահսկել այդ գործընթացը և ըստ էության քիչ չափով են կարողացել ուղղորդել գործընթացը, ինչ-ինչ հարցեր լուծել։ Իրական բեկում չի լինի, քանի դեռ հակամարտության կողմերն իրենք դա չեն ցանկանում։

Սակայն պետք է նշել, որ հակամարտությունները և հատկապես ԼՂ հակամարտությունը, որն այլևս դժվար է կոչել սառեցված, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ ուշադրության է արժանանում ԵՄ-ի կողմից, ուստի ԵՄ-ն առանձին երկրների միջոցով փորձում է դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա, թեև ԵՄ-ն ունի բազում չկարգավորված խնդիրներ։ Գուցե դա փորձի անել Գերմանիայի միջոցով, թեև Գերմանիան հատուկ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասաց Հալբախը։ Անդրադառնալով կարծիքներին, թե Գերմանիան կփորձի ադրբեջանամետ դերակատարություն ունենալ հակամարտության բանակցային գործընթացում իր նախագահության շրջանակում` Հալբախն ասաց, որ նույնիսկ միջնորդները, բացառությամբ ռուսական կողմի, չեն կարողանում կողմերին կարգավորման ուղղորդել։ Իսկ Գերմանիայի նման դերակատարման մասին, նրա գնահատմամբ, ավելորդ է խոսել։

«Գերմանիային, ինչպես ԵՄ-ին, այսօր անհրաժեշտ է կայուն հարևանություն, կարգավորված հակամարտություններ։ Միայն ադրբեջանամետ դիրքորոշումներով Գերմանիան կստանա Հայաստանի բացասական պատասխանը, այսինքն` գերմանական նման միջամտությունն էլ ավելի ապակայունացնող կլինի, ինչը, կարծում եմ, Գերմանիայի արտաքին քաղաքական դոկտրինի ղեկավարները շատ լավ են հասկանում։ Կարծում եմ, որ այն, ինչ կփորձի անել Գերմանիան այս ընթացքում, հակամարտության կողմերի միջև լարվածության մակարդակի նվազեցումն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջոցով։ Այլ ջանքեր, չեմ կարծում, թե Գերմանիան կարողանա այս պահին ներդնել, երբ Գերմանիայի համար առաջին խնդիրը ներգաղթյալների ճգնաժամն է, որին Գերմանիան փորձում է Թուրքիայի միջոցով լուծում տալ»,- մեկնաբանեց Հալբախը։

Տեսանյութեր

Լրահոս