«Երկիր մոլորակին սպառնացող վտանգները չափազանցված են. մարդկությունը կարող է հանգիստ լինել». Գարիկ Իսրայելյան

Հարցազրույց հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանի հետ (հարցազրույցի սկիզբը՝ այստեղ.

– Ամեն անգամ Հայաստան վերադառնալիս` ի՞նչն է առաջինն աչքի զարնում։

– Մինչև հիմա չեմ հանդիպել այնպիսի մեկին, որ գոհ լինի իր կյանքից։ Պարզ է, որ այստեղ ինձ նորակառույց շենքերով կամ ռեստորաններով չեն խաբի, թե իբր Հայաստանի վիճակը լավացել է։ Ինձ համար սա կենսապայմանների բարելավման ոչ դրականի, ոչ բացասականի ցուցանիշ չէ։ Միակ բանը, որ իսկապես դրական է` երիտասարդների մի տոկոսն է, ովքեր սկսել են ավելի ռեալիստ լինել ու հասկանում են, որ իրենց միայն պետք է սովորել, զարգանալ և լավ կրթություն ստանալ։ Նրանք ծարավ են կրթության։ Հայաստանում ես մշտապես հանդիպում եմ այդպիսի երիտասարդների։

– Երիտասարդ ուղեղների արտահոսքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի զարգացման վրա։

Կարդացեք նաև

– Բնական է, որ հնարավորության դեպքում սովորելու նպատակով արտասահման մեկնող երիտասարդներն այստեղ չեն վերադառնա։ Նույն խնդիրը կա նաև, ասենք, Իսպանիայի պես երկրում, ամենուր։ Կարծեմ` միջազգային մոնիտորինգի արդյունքում, չգիտեմ` ինչքանո՞վ է հավաստի, գրանցվել է, որ միջազգային շուկայում Հայաստանի տնտեսական հզորությունն ու տեղը թույլ է տալիս երկրում ունենալ 2 մլն-ից ոչ ավելի բնակիչ։ Այս սիստեմը, որում մենք ապրում ենք, ունի մի Աստված` դա շուկան է և, ընդ որում, այդ շուկան ազատ էլ չէ, դա էլ գիտենք։ Հիմա, թե այդ «ազատ» շուկան ինչպե՞ս կորոշի` իր քաոսային ու կիսաքաոսային օրենքներով, այդպես էլ կլինի։ Որքան էլ ուզում է մենք մեր խորհրդարանում նոր օրենքներ ընդունենք կամ Սահմանադրություն փոխենք, միևնույն է` միջազգային շուկան է թելադրում խաղի կանոնները, և սրա հետ պետք է համակերպվել և հաշվի նստել։

– Մի առիթով` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության շրջանակներում Դուք այսպիսի նկատառում եք հայտնել. որպեսզի ստանանք գիտական ֆինանսավորում` պետք է պայքարել և ապացուցել երեք բան.
1. Գիտական հայտնագործությունները կազմում են մեր ազգի արժեքներից մեկը, թերևս` ամենակարևոր արժեքները (սա շատ կարևոր է Հայաստանի համար)։
2. Մենք կարող ենք ամենաբարձր մակարդակի գիտական նախագծեր անել, ունենք անհրաժեշտ գիտական բազա և պայմաններ։
3. Հայաստանը կներկայանա աշխարհում ոչ միայն` որպես հարուստ անցյալ ունեցող երկիր (տուրիստների համար հետաքրքիր), այլև գիտական և տեխնոլոգիական ներկա և, ամենակարևորը, ապագա ունեցող երկիր (սա շատ օգուտ կբերի մեր երկրին, մարդկությանը, որոշ դեպքերում` նաև մեր տնտեսությանը)։

– Դա երևի ես շատ վաղուց եմ ասել, որովհետև այդ կետերն արդիական կարելի էր համարել դեռ այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը նոր էր փլուզվել, և այս բնագավառում դեռ համապատասխան պոտենցիալ ու բազա ուներ, երբ ավանդույթներն իսպառ չէին վերացել։ Հիմա այս կետերով գիտության այս ոլորտի առաջընթացն ապահովելու համար արդեն ուշ է։ Խոսակցության մի տեսակ կա, որ ես ոչ մի կերպ չեմ հասկանում` մեզ պետք է զարգացած գիտություն, որովհետև ամոթ է մեզ համար, որովհետև մեր ազգին վայել չէ գիտության այս վիճակը, և այլն։ Ես սա այնքան էլ իրատեսական չեմ համարում։

– Լավ, իսկ Հայաստանն աշխարհին ներկայանալու ի՞նչ պոտենցիալ ունի։

– Ես դա էլ չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում` ներկայանալ աշխարհին։ Աշխարհը թքած ունի ամեն ինչի ու, այդ թվում` նաև մեզ վրա, սկսենք դրանից։

– Համաձայն եմ, որ աշխարհն իր դիրքորոշումն ունի, իսկ մենք պետք է դիրքորոշում ունենա՞նք, թե՞ դա մեզ պետք չի։

– Երկրները միմյանցից տարբերվում են իրենց պատմությամբ և արվեստով։ Գիտությունով տարբերվելը շատ հավակնոտ ու դժվար բան է, որովհետև հիմա գիտությունը դարձել է միջազգային մի մեծ ամբողջություն։ Էլ չեմ ասում այն մասին, որ գիտությամբ հայտնի երկրներն իրենց համալսարանների ու գիտական կենտրոնների PR արշավների համար որքան ֆինանսական միջոցներ են ներդնում, որի մասին մերոնք, օրինակ, գաղափար անգամ չեն կարող ունենալ։ Հիմա մենք սկսենք խոսե՞լ այս մասին, թե՞ ոչ։

– Ոչ, եկեք խոսենք Արցախում Աստղացուցարան կառուցելու Ձեր նախաձեռնության մասին։

– Ա՛յ դա շատ կարևոր հարց է։ Աստղացուցարանները երեխաներին, պատանիներին, երիտասարդներին ոգեշնչող դերակատարում ունեն։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ երևույթ է։ Աստղացուցարաններում այսօրվա տեխնիկական զարգացած հնարավորություններով` հոյակապ ձայնային և վիզուալ հնարավորություններով, 30-40 րոպե տևողությամբ այնպիսի գիտահանրամատչելի ֆիլմեր են ցուցադրում, որ ցանկացած 10 տարեկանից սկսած` մինչև տարեց մարդիկ, կարող են նայել ու զարգանալ ու ինքնակրթվել։ Ընդ որում` բոլոր ոլորտների մասին ֆիլմերով` ատոմի կառուցվածքի, կենսաբանության, աշխարհագրության, աստղաֆիզիկայի բոլոր ճյուղերիգ Այստեղ մտնող երեխաներն այնքան ինֆորմացիա են ստանում, որ դուրս են գալիս շոկի մեջ ու հարստացած` մի տարում դպրոցում այդքանը չեն սովորիգ

– Կարծեմ Երևանում` Կոմիտասի անվան այգում էլ է ժամանակին աստղացուցարան է  եղել։

– Այդ պլանետարիումներն առաջ էլ եղել են, բայց շատ պարզունակ տեխնիկական հնարավորություններով, իսկ Երևանի աստղացուցարանը վաղուց փակվել է ու թալանվել։ Հիմա, երբ գիտությունն ու տեխնոլոգիաները զարգացել են, 3D համակարգի միջոցով բարձր որակի և շատ հզոր գիտահանրամատչելի ֆիլմեր են պատրաստվում։ Երբ երեխաներն այդ աստղացուցարաններում սկսում են գիտական շոուներ նայել, իսկ դրանք բոլորը գիտական են, նրանք այդտեղից դուրս են գալիս այնքան ոգեշնչված ու երևակայությունը զարգացրած, որ հնարավոր չէ պատկերացնել։ Պատմականորեն միայն իր անունն է մնացել աստղացուցարան, բայց ինքն իր ֆունկցիայով վաղուց արդեն այդքանով չի սահմանափակվում։

– Ինչո՞ւ եք հենց Արցախում փորձում իրականացնել աստղացուցարանի գաղափարը։

– Այդ գաղափարն առաջացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսում էինք տեղի ուսումնական համակարգի բարելավման խնդիրների մասին։ Նա անմիջապես արժևորեց աստղացուցարան ստեղծելու գաղափարը։ Աստղացուցարանը կառուցելուց բացի, նաև պետք է գնել այդ ֆիլմերի լիցենզիաները, որոնք, ի դեպ, բավական թանկ ֆիլմեր են, որովհետև ամբողջովին անիմացիոն 3D համակարգով ստեղծված գիտական ֆիլմ-շոուներ են։ Ընդամենը պետք է գնել լիցենզիաները, թարգմանել հայերեն լեզվով ու տարիներով ցուցադրել դրանք։

– Ի՞նչ փուլում է այդ նախագծի իրականացումը։

– Իրականացման համար պետք են շահագրգիռ մարդիկ, բարերարներ, ովքեր հասկանում են դրա կարևորությունը։ Արցախում հիմա շատ ավելի առաջնային խնդիրներ կան, ես հասկանում եմ` նոր հիվանդանոցների, բնակելի տների կառուցման խնդիրներ։

Նախագծի իրականացման համար ինքս էլ եմ փորձում հանդիպել հետաքրքրված մարդկանց հետ, այդ թվում նաև՝ «Starmus» փառատոնի ընձեռած հնարավորությունների սահմաններում պետք է փորձեմ շահագրգռված մարդկանց ներգրավել։ Արցախի իշխանությունները, իհարկե, կտրամադրեն դրա համար նախատեսված տարածք ու, վստահ եմ, կանեն այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է։ Ես այս մասին խոսել եմ նաև Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ, որ նմանատիպ ծրագիր էլ իրականացվի Երևանում։ Նա ասաց, որ դիմել է Երևանի քաղաքապետարանին։

– Կարծեմ իրատեսական էլ չի ներսում սրանով հետաքրքրված մարդիկ փնտրել։

– Իհարկե, լավ կլիներ, բայց իրատեսական չէ, միայն դրսից կկարողանանք մարդկանց ներգրավել։

– Որո՞նք են համաշխարհային մասշտաբով աստղագիտության ոլորտում գրանցված վերջին տարիների ձեռքբերումները։

– Վերջին 25-30 տարում գրանցված նկատելի ձեռքբերումներից մեկը ֆունդամենտալ ամենակարևոր հայտնագործություններից մեկը` 1995թ.-ին արևից հեռու առաջին մոլորակի հայտնաբերումն է։ Նշանակալի հայտնագործություն է նաև տիեզերքի մնացորդային ճառագայթման հայտնագործությունը, որի համար Նոբելյան մրցանակ շնորհվեց, շատ արագ պտտվող գերխիտ աստղերի հայտնագործումը, որը ցույց է տալիս սև խոռոչների առկայությունը, նաև տիեզերքում մութ նյութի հայտնաբերումը։ Ես թվարկում եմ միայն դիտողական հայտնագործությունները, իսկ տեսական հայտնագործությունների թիվը շատ մեծ է։

– Որո՞նք են տիեզերքում այս պահին Երկիր մոլորակին սպառնացող ռեալ վտանգները։

– Առաջին հերթին` աստերոիդները։ Երկիր մոլորակի առանցքի վրա, որի շուրջ պտտվում է մեր մոլորակը, մեծ թվով աստերոիդներ կան, որոնց 1 տոկոսն անգամ չենք ճանաչում։ Սա նշանակում է որ ցանկացած ժամանակ այդ աստերոիդներից մեկը կարող է հարվածել երկիր մոլորակին։

– Ուրեմն ճիշտ են այն լուրերը, որ ցանկացած պահի Երկիր մոլորակը կարող է բախվել աստերոիդի հետ։

– Ոչ, դրանց հիմնական մասը սուտ են, որովհետև, երբ դրանք հայտնվում են` մենք դրանց օրբիտաները շատ ճիշտ հաշվում ենք ու գիտենք, որ չի հարվածի։ Այդ հայտարարությունների մեծ մասը պանիկա առաջացնելու համար է արվում, բայց, որ դրանց մեծ մասը շատ մոտ են պտտվում երկիր մոլորակին` դա այդպես է։ Երբ Չելյաբինսկում աստերոիդը բախվեց` մեզանից ոչ մեկը դա չտեսավ։ Դա այնքան անակնկալ էր, որ հենց մեր բնագավառում մեծ շոկ առաջացրեց։

Դա, իհարկե, հետո իր գիտական բացատրությունը ստացավ, թե ինչո՞ւ էր աննկատ մնացել, որովհետև երկիր մոլորակին էր մոտեցել ցերեկվա ժամերին, որը ֆիքսել հնարավոր չի եղել, ու չափերն էլ մեծ չէր։ Նման դեպքերը կանխելու համար գիտական աշխարհում համապատասխան քայլեր միշտ արվում են։ Այնպես որ, մարդկությունը կարող է հանգիստ լինել։

Տեսանյութեր

Լրահոս