«Սովորելը երբեք ուշ չէ. կրթված լինելը, առաջին հերթին՝ ինքնաիրացման ու ինքնազարգացման գործիք է». Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մեկ տարի առաջ հրաժարական ներկայացրեց և այժմ General management է ուսանում Հարվարդի համալսարանում: Պետական համակարգում 18 տարի անընդմեջ գտնվող պաշտոնյայի հրաժարականը բավականին անսպասելի էր: «Իմ հրաժարականը պայմանավորված է բացառապես անձնական դրդապատճառներով և ապագայիս հետ կապված իմ մտադրություններով: Պատճառների թվում է նաև այն, որ կցանկանայի փորձել դրսևորվել այլ բնագավառներում, որոնք կապ չունեն պետական համակարգի հետ»,- հրաժարականի մասին 168.am-ին տված հարցազրույցում ասել էր Ա. Գևորգյանը:

Հրաժարականից հետո նա ստանձնեց ռուսաստանցի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը: Ներկայումս Արմեն Գևորգյանը գտնվում է ակադեմիական արձակուրդում:

«168 Ժամը» կապ հաստատեց Արմեն Գևորգյանի հետ, վերջինս համաձայնեց պատասխանել Հարվարդում ուսումնառության, իր հետագա ծրագրերի մասին մեր մի քանի հարցերին, ինչպես նաև անդրադարձավ Հայաստան չվերադառնալու մասին տարածվող լուրերին՝ հերքելով դրանք:

Պարոն Գևորգյան, մեկ տարի առաջ Դուք հեռացաք կառավարությունից, իսկ հիմա սովորում եք Հարվարդի համալսարանում: Բավականին հետաքրքիր շրջադարձ է

Կարդացեք նաև

– Նախ՝ շնորհակալ եմ՝ փորձով և տեղեկատվությամբ կիսվելու հնարավորություն ընձեռելու համար: Շատերին թվում էր, թե ես վերջ դրեցի իմ կարիերային: Բայց միանգամից ասեմ, որ սխալվում են:

Ես որոշեցի պետական համակարգից հեռանալ 41 տարեկանում. շատերի մոտ հենց կյանքի այդ փուլում են նոր հնարավորություններ ու հեռանկարներ բացվում: Գուցե մի փոքր փիլիսոփայորեն հնչի, բայց դա կյանքի այնպիսի մի շրջան է, որը ենթադրում է, որ հաջորդ փուլ արդեն պետք է մտնես քո անցած ճանապարհի գնահատականով և այն գիտակցումով, թե ինչ ես ուզում ապագայում, ու ինչպես պետք է դրան հասնել: Պարտադիր չէ հավերժ լինել պետական համակարգում կամ քաղաքականության մեջ, մարդը կարող է իրեն դրսևորել նաև այլ ոլորտներում, կարող է այլ կերպ օգտակար լինել երկրին և հասարակությանը, եթե դրա պահանջարկը լինի:

Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար կարևոր է մի պահ դադար տալ, ամփոփել արդյունքները, որոշել ապագա առաջնահերթությունները: Պարզապես պետք է ճիշտ ընտրել այդ պահը, իսկ ընտրելուց հետո էլ՝ չտրվել զգացմունքներին, ընկճվածությանն ու պահանջված չլինելու զգացողություններին:

Այս փուլում որոշակի չափով նաև հասարակական-քաղաքական և պետական գործունեության հետևանքով ձևավորված մտածողության փոփոխություն է տեղի ունենում, շատ հարցերի նայում ես այլ կերպ, ազատության զգացողությունը, երբ զգում ես, որ չկան պաշտոնով ու կարգավիճակով պայմանավորված գործողությունների և մտքերի սահմանափակումներ, մի կողմից՝ քեզ ավելի իրատես ու պրագմատիկ, մյուս կողմից՝ ռոմանտիկ է դարձնում:

Արդեն մեկ տարվա հեռվից կարող եմ ասել, որ չեմ ափսոսում որոշմանս համար:

Armen-Gevorgyan

Փոքր-ինչ պատմեք Հարվարդում Ձեր ուսումնառության մասին: Որքանով տեղյակ ենք՝ մասնակցում եք բիզնես մենեջմենթի ծրագրին: Ձեր փորձառությամբ մարդու համար արդյոք հետաքրքի՞ր է այդ ծրագիրը, ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր կարգավիճակում, կա՞ն բաներ, որ չգիտեիք և հենց Հարվարդում իմացաք:

– Ամենակարևորը, որ կարող եմ վստահաբար ասել, այն է, որ երբեք ուշ չէ սովորել: Աշխարհը զարգանում է, փոխվում են մոտեցումներն ու տեխնոլոգիաները, երկրները, մարդիկ: Կրթված մարդը միայն նա չէ, ով լավ կրթություն է ստացել, այլ նա է, ով կարող է ստացած գիտելիքները լրացնել և կատարելագործել, կամ, այլ խոսքով ասած՝ զարգանալ: Կրթված լինելը, առաջին հերթին՝ ինքնաիրացման ու ինքնազարգացման գործիք է:

Երկրորդը՝ պետք է կարողանալ սովորել, և ես ստիպված էի որոշակի առումով նորից սովորել, թե ինչպես է պետք սովորել: Կարևոր է լսելու, ճիշտ հարցեր տալու ունակությունը, միտքն արտահայտելն ու չվախենալը, որ կարող ես սխալվել, կամ քեզ կարող են ճիշտ չհասկանալ: Այս ամենը հնարավոր է բաց ու կրեատիվ կրթական միջավայրում: Ինձ համար այս միջավայրում ամենակարևորը կարդալն է, ինչով շատ ինտենսիվ եմ զբաղվում՝ ծրագրի առանձնահատկությունից ելնելով: Եթե անկեղծ լինեմ՝ բավական դժվար էր յուրացնել նոր առարկաները զրոյից, այն էլ՝ անգլերենով. այդպիսի երկու առարկա կար՝ «հաշվապահական հաշվետվությունն» ու «ֆինանսական վերլուծությունը»:

Ծրագրի ուսուցանման մեթոդը ենթադրում է ուսման մեջ լիակատար խորասուզում: Առկա է բարյացակամության, ինտերակտիվ կառուցողական երկխոսության մթնոլորտ, ամեն ինչ կենտրոնացած է ամեն ինչում հաջողելու գաղափարի շուրջ: Այս ամենից բացի, ուսուցանման ողջ գործընթացը կառուցված է շատ պրակտիկ և պրագմատիկ խնդիրների լուծման վրա, որի կենտրոնում մարդն է՝ լինի առաջնո՞րդ, թե՞ մենեջեր, սովորական սպառո՞ղ, թե՞ հաճախորդ:

Ծրագրին մասնակցելու ոչ պակաս կարևոր գործոնը նաև անգլերենս կատարելագործելու ցանկությունն էր: Օտար լեզուների իմացությունը ժամանակակից մարդուն դարձնում է ավելի մրցունակ, պահանջված և ընկալելի:

Իմ բախտը բերել է նաև նրանով, որ այս ծրագրով դասավանդում են աշխարհի լավագույն մասնագետները: Սա եզակի փորձառություն է: Հենց դրա համար ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Ռուբեն Վարդանյանին՝ առաջին հերթին՝ ինտենսիվորեն համոզելու, և երկրորդը՝ նման հնարավորություն ընձեռելու համար:

Որո՞նք են Ձեր ամենաուշագրավ բացահայտումները Հարվարդում: Որքան գիտենք՝ բիզնես մենջմենթի ծրագիրը հիմնականում նախատեսված է տնտեսության, քաղաքականության, հանրային կյանքի տարբեր ոլորտների ղեկավարների համար: Ի՞նչ գիտեն այդ ծրագրի մասնակիցները Հայաստանի մասին, ի՞նչ պատկերացումներ ունեն մեր մասին, երբևէ ստիպված եղե՞լ եք բացատրել, թե ովքեր ենք մենք:

– Ծրագրում ներգրավված է 40 երկրից մոտ 140 մասնակից: Որքան էլ տարօրինակ թվա, այս ծրագրի բազմամյա գոյության ողջ ընթացքում Հայաստանից ես առաջին ներկայացուցիչն եմ: Բոլոր մասնակիցները գործունեության տարբեր ոլորտներ և տարբեր մասշտաբներ են ներկայացնում՝ սկսած բանկայինից՝ մինչև ավիացիա, ստարտափերից՝ մինչև բազմամիլիարդ կարողությամբ անդրազգային կորպորացիաներ:

Ցավոք, պետք է արձանագրեմ, որ մասնակիցների նշանակալի մասը մեր երկրի մասին պատկերացում չունի: Շատերի մոտ էլ դա շատ կցկտուր ու ոչ ճշգրիտ է: Դա ինձ տխրեցրեց, քանի որ նրանք բավականին գրագետ և առաջադեմ մարդիկ են, ու եթե այդպիսի խնդիր ունեն, նշանակում է՝ աշխարհում այն ավելի մեծ մասշտաբով է առկա:

Այս կրթական ծրագրից ստացած՝ աշխարհընկալման առումով ամենակարևոր եզրահանգումն այն է, որ յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այն հարցում, որ աշխարհը պետք է զարգանա, և յուրաքանչյուրը պետք է իր ավանդը ներդնի այդ գործընթացում:
Ծրագիրն իր մասնակիցներին պատրաստում է նրան, որ վերջիններս չբավարարվեն ձեռք բերված արդյունքներով, պատրաստ լինեն փոխել իրենք իրենց և շրջապատող աշխարհը: Դրանում է ցանկացած կորպորացիայի, ցանկացած առողջ հասարակության, ցանկացած քաղաքակիրթ պետության հաջող զարգացման երաշխիքը:

Հեռվից, և այն էլ՝ այդ միջավայրում, սովորաբար ավելի տեսանելի են դառնում մեր խնդիրներն ու դրանց պատճառները: Ծանոթանալով կառավարման տարբեր նոր մոդելներին, նոր միտումներին՝ ի՞նչն եք առաջնային համարում մեր երկրի զարգացման համար: Ինչի՞ն են հիմա երկրները մեծ ուշադրություն դարձնում՝ ավելի մրցունակ դառնալու համար:

– Ցանկացած հաջող հասարակություն պետք է ձգտի դաստիարակել այնպիսի մարդկանց, ովքեր՝

– կարող են ունենալ իրենց սեփական կարծիքը, որի արդյունքում անհատական դիրքորոշում կձևավորվի,

– պետք է ունենան ապագայի տեսլական և հավատ նրա նկատմամբ, ինչն էլ կմղի զարգանալ և առաջ շարժվել, փոխել ինքն իրեն և շրջապատը:

Յուրաքանչյուրը, ով ավարտում է այս ծրագիրը, կարծում եմ՝ պետք է քաջություն ունենա՝ փոխել ինքն իրեն և ուրիշ դարձնել իրեն շրջապատող աշխարհը:

Ակնհայտ է, որ հնարավոր չէ զանգվածաբար առաջնորդներ պատրաստել, բայց կրթական հաստատությունից մարդիկ դուրս են գալիս ինչ-որ նոր բան ներմուծելու, իրենց աշխատանքում նոր արդյունքի ու մակարդակի հասնելու ցանկությամբ:

Հասկանալի է, որ մենք շատ բան չգիտենք և, սկզբունքորեն, չենք կարող ամեն ինչ իմանալ: Լավ լիդերի խնդիրն է՝ չվախենալ իր շուրջը հավաքել մարդկանց, ովքեր կարող են լրացնել միմյանց, ովքեր պատրաստ են նորարարությունների և էքսպերիմենտների, ովքեր պատրաստ են համբերությամբ և հարգանքով վերաբերվել ուրիշի կարծիքին, կարող են ստեղծել նոր արժեքներ, ովքեր պատրաստ են խրախուսել նախաձեռնողականությունը, ովքեր պատրաստ են մրցակցել և հետևել խաղի հաստատված կանոններին:

Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը, զարգացած հասարակություններն առաջ են մղում, խրախուսում են նորարարությունները, ստեղծագործ մոտեցումը և սոցիալական պատասխանատվությունը: Ձևավորվել է նոր գլոբալ մտածողություն՝ հիմնված նոր սկզբունքների և մոտեցումների վրա: Այդ գլոբալ մտածողության էությունը միջակության մերժումն է և ցանկացած նոր ձեռնարկի, նոր նախաձեռնության բացառիկության ընդունումը:

Ձևավորվել է բեկում առաջացնող սերունդ: Տեսեք, ո՞րն է այն անձանց միջին տարիքը, ովքեր ղեկավարում են գլոբալ կորպորացիաներն ու ընկերությունները, որոնք փոխում են աշխարհն ու սահմանված կարծրատիպերը: Նրանք ձևավորում են իրենց ընկերությունների, հասարակությունների, որտեղ գործում են, և վերջնարդյունքում՝ երկրի մրցակցային առավելությունները: Ունե՞նք արդյոք մենք այդպիսի մրցակցային առավելություն:

Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները բավականին շատ են: Այսօր գլխավորը ճիշտ հասարակական մեխանիզմների ստեղծումն է՝ դրանց քննարկման, որոշման և ընդունման համար: Իմ կարծիքով՝ այսօր ամենահրատապ մարտահրավերներից են կրթությունը, արդարությունն ու հավասարությունը, խաղաղությունը: Սրանք բոլորը, իրենց հերթին՝ ձևավորում են մեր երկրում հասարակական զարգացման հիմնական մարտահրավերը, որն է՝ արժանապատվության և բարեկեցության հասարակության ձևավորում:

– Բարեկեցիկ ու արժանապատիվ հասարակությունը նաև զարգացած տնտեսության և տնտեսությանը պետության օպտիմալ միջամտության հետևանք է …

– Այո, կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության մեջ պետության տեղի և դերի ընկալումը: Կարծում եմ՝ մեր երկրում այդ դերի գիտակցման ոչ այնքան ճիշտ պատկերացում է ձևավորվել, որը կայանում է նրանում, թե պետությունը լայնորեն միջամտում է բիզնեսի գործերին՝ պայմանավորված մեր իրականությունում ձևավորված բացասական ավանդույթներով և միտումներով: Իրականում, պետության գործառույթները որոշիչ են հաջող տնտեսական գործունեության համար: Ես կառանձնացնեի պետության դերի և նշանակության մասին հետևյալ ընկալումները.

– արդարության գործառույթ. պետությունը պաշտպանում և, միաժամանակ, հարկ եղած դեպքում, պատժում է,

– խրախուսում է մրցակցությունը և դրա համար անհրաժեշտ հավասար պայմաններ է ստեղծում,

– նպաստում է տնտեսական միջավայրում մոտեցումների և որոշումների բազմազանությանը,

– նպաստում է նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը,

– ստեղծում է անհրաժեշտ պայմաններ ներդրումների ներգրավման համար:

Ամբողջ խնդիրն այն է, թե պետությունն ինչպե՞ս և ի՞նչ ծավալով է այդ գործառույթներն իրականացնում, այնպես, որ չսահմանափակի տնտեսական ազատությունն ու ձեռներեցությունը:

– Պարոն Գևորգյան, հասցնո՞ւմ եք հետևել հայաստանյան իրադարձություններին, ծանո՞թ եք սահմանադրական փոփոխությունների փաստաթղթին: Հաշվի առնելով, որ Դուք երկար տարիներ պետական բարձր պաշտոններ եք զբաղեցրել, աշխատել եք և՛ մինչև 2005 թվականը գործող Սահմանադրությամբ, և՛ փոփոխված Սահմանադրությամբ, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նոր փոփոխությունների անհրաժեշտություն կար:

– Սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ կարող եմ կարծիքս հայտնել արդեն նոր ձեռք բերած գիտելիքների տեսանկյունից. փոփոխությունների նպատակահարմարության հարցը քննարկել այն դեպքում, երբ գործընթացը սկսվել է, առնվազն արդյունավետ չէ: Ցավոք, ես հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալ մանրամասներին, բայց որոշ դիտարկումներով կարող եմ կիսվել:

Առաջին հերթին՝ Հայաստանում օրակարգը շարունակում է ձևավորել գործող իշխանությունը, որն արդյունքում ավելի նախաձեռնող է, քան ընդդիմությունը: Նկատի ունեմ հենց սահմանադրական բարեփոխումների անցկացման գաղափարը:

Երկրորդը՝ պետք է հասկանալ՝ ի՞նչ է մեզ սպասվում այդ փոփոխություններից հետո: Դա միայն ենթադրում է պետական մարմինների և իշխանության ինստիտուտների կարգավիճակի մեխանիկական փոփոխությո՞ւն, թե՞ պետք է առաջնորդվենք մեր երկրի հասարակական զարգացման առավել գլոբալ նպատակներով: Կլինի՞ այն լայն հասարակական կոնսենսուս և մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերների շուրջ մոբիլիզացիա, թե՞ մենք կխորացնենք հակադրությունը ու դրանով բաց կթողնենք ավելի արմատական և որակական բարեփոխումների անցկացման հնարավորությունը՝ բեկումնային զարգացման համար:

Ինչպիսի՞ն են Ձեր ապագայի ծրագրերը, մասնավորապես, Հարվարդից հետո: Թեև Դուք IDeA հիմնադրամի պաշտոնական ղեկավարն եք, բայց լուրեր կան, թե հնարավոր է՝ չվերադառնաք, ճի՞շտ է, թե՞ ոչ:

– Ինչպես նախորդ տարի ձեր թերթին տված հարցազրույցում էի ասել՝ Հայաստանից գնալու ոչ մի ծրագիր չունեմ: Վերադառնում եմ դեկտեմբերին: Ես շնորհակալ եմ ընտանիքիս, և առաջին հերթին՝ կնոջս, ով ըմբռնումով մոտեցավ այս ծրագրին մասնակցելու և տևական ժամանակ բացակայելու իմ ծրագրերին: Ուրախ եմ, որ իմ ընտանիքն ինձ այդ հնարավորությունը տվեց: Սա որոշակի իմաստով նաև անձնական փորձություն էր ինձ համար. ամենամեծ դժվարությունն ընտանիքիս, հարազատներիս նկատմամբ կարոտն էր: Կարոտում եմ Երևանը:

Ավելի կոնկրետացնենք. նույն հացազրույցում ասել էիք, թե քաղաքական որևէ գործընթացում Ձեր մասնակցությունը չեք պատկերացնում: Չի՞ փոխվել արդյոք Ձեր մոտեցումը: Ինչո՞վ եք զբաղվելու՝ ունենալով այդքան հարուստ փորձ և ստանալով նոր, մրցունակ գիտելիքներ:

– Քաղաքական գործունեության հետ կապված ծրագրեր այս պահին չունեմ, քանի որ ուրիշ առաջնահերթություններով եմ ղեկավարվում: Քո երկրին օգտակար լինելու համար, ինչպես արդեն նշեցի, պարտադիր չէ քաղաքականությամբ զբաղվել: Բայց չեմ բացառում, որ հանգամանքներով պայմանավորված՝ դա կարող է միշտ լինել:

Տեսանյութեր

Լրահոս