Նոր մութ խաղեր «Նաիրիտի» շուրջ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի շուրջ մի նոր ուշագրավ դատավարություն է սկսվել: «Մեգատեքս գրուպ» ընկերությունը դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Նաիրիտ գործարանի» և «Րեջիոն էներջի» ընկերության՝ պահանջելով դադարած համարել իր գույքի գրավադրումը: Գործը քննում է դատավոր Նաիրա Հովսեփյանը: Հաջորդ նիստը կայանալու է վաղը՝ նոյեմբերի 20-ին:
Ինչո՞վ է ուշագրավ այս դատավարությունը: «Մեգատեքս գրուպը», որ նախկին մահուդի գործարանն է, 2005 թվականից ի վեր չի գործում, Շենգավիթում զբաղեցնում է բավականին մեծ տարածք, շինություններ: «Հետքը» բացահայտել էր, որ 2009թ. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն երկրորդ խոշոր` 35.5 մլրդ դրամ վարկն էր ստացել ԱՊՀ Միջպետական բանկից: Այդ ժամանակ գործարանի տնօրենը Վահան Մելքոնյանն էր, ով այն ժամանակ և մինչ օրս էլ Միջպետական բանկում Հայաստանի ներկայացուցիչն է: Վահան Մելքոնյանը որոշել էր գնել ԱՊՀ Միջպետական բանկում գրավադրված «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 97 %-ը: Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորված է՝ իբրև իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Գործարանը «Մեգատեքս գրուպի» բաժնետոմսերի համար վճարել է 9.4 մլն դոլար (3.5 մլրդ դրամ): 2009թ. «Նաիրիտ գործարանը» չի գործել իր ամբողջ հզորությամբ, բայց կուտակված պարտքերի պայմաններում ձեռք է բերել «Մեգատեքս գրուպի» գրավադրած բաժնետոմսերը` ծախսելով շուրջ 9.4 մլն դոլար: «Մեգատեքս գրուպի» հիմնադիր ընկերությունների հետքն ավարտվում է հենց Վահան Մելքոնյանի դռանը՝ հիմնադիրները նրա հարազատներն են:
Եվ ահա, Վահան Մելքոնյանի գլխավորությամբ «Նաիրիտը» Միջպետական բանկից «Մեգատեքսի» բաժնետոմսերը գնելուց ընդամենը 3-4 ամիս անց դրանք գրավադրել էր 900 հազար դոլարի դիմաց, իսկ 4 տարի անց, քանի որ «Նաիրիտն» այդ գումարն այդպես էլ չվերադարձրեց, բանկն ընկերության բաժնետոմսերը վաճառեց «Րեջիոն էներջիին»: Իսկ դատարանում «Մեգատեքսը» պահանջ է ներկայացրել «Նաիրիտի» գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասով, որը բավարարվել է: Ստացվում է, «Մեգատեքսի» բաժնետոմսերը բանկի կալանքից դուրս են եկել, «Նաիրիտին» այլևս չեն պատկանում, և պարզ չէ, թե հիմա ինչո՞ւ է «Նաիրիտի» գույքի վրա կալանք դրվում: Դա հնարավոր կլիներ, եթե «Նաիրիտը» «Մեգատեքսին» գումար պարտք լիներ, ինչն այդպես չէ:
Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը: Բացատրությունը, թերևս, այն է, որ այս անգամ խաղի արդյունքում կարող է «Մեգատեքսի» գործարքը չեղյալ համարվել, բաժնետոմսերը նորից վերադարձվեն «Նաիրիտ», որի հաշվեկշռում կմնա 10 մլն դոլարը, և կորած 1 մլն-ի հարցը «կջրվի»: Չէ՞ որ հենց այս խնդրի հետ կապված են նաիրիտցիները փորձում այժմ հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի ու քննվի գոնե այդ դրվագը: Իսկ այս աֆյորայի արդյունքում դրա համար ուղղակի հիմք չի լինի: