«Ախր իմ տղեն 19 տարեկան էր, իմ տղեն պիտի զինվոր դառնար, պիտի էս Հայրենիքը պաշտպաներ»

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Նշենք, որ Հ. Բարսեղյանը հունվարի 29-ին հայտնաբերվել էր պտտաձողից կախված վիճակում:

Երեկ դատարան էին եկել սպանված կուրսանտի հարազատները, ծնողները: Դահլիճում ներկաներից մեկը ձեռքին պարզել էր Հ. Բարսեղյանի լուսանկարը: Դեռ նիստը չսկսած՝ դատարանում միջադեպ գրանցվեց. ներկաները վրդովվեցին ու սկսեցին բացականչել, երբ ներս մտան Հ. Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդները՝ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը:

«Անասուններ», «տականք», «կմորթեմ, այ թուլի ծնունդ», «թուրքի ծնունդներ»գ դահլիճում բղավում էին Հ, Բարսեղյանի հարազատները: Վատացավ Հ. Բարսեղյանի մոր ինքնազգացողությունը: «Դուք ծնող չե՞ք, ժողովուրդ, ախր իմ տղեն 19 տարեկան էր, իմ տղեն պիտի զինվորական դառնար, պիտի էս հայրենիքը պաշտպաներ»,- ասում էր նա: Երկար ժամանակ պահանջվեց իրավիճակը հանդարտեցնելու համար:

Դատական նիստը սկսվեց, սակայն հետաձգվեց դատավարության որոշ մասնակիցների բացակայության պատճառաբանությամբ: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը, ով, դատավորի խոսքով, հայտնել էր, որ ավելի վաղ նշանակված մեկ այլ նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին. դատարան չէին ներկայացել նաև գործով ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը, նրա պաշտպանը: Դատավորը նշեց, որ վերջիններս բացակայության պատճառների մասին տեղեկություն չեն հայտնել, այդպիսի պայմաններում նրանց բացակայությունն անհարգելի է համարում, հաջորդ դատական նիստին նրանց ներկայությամբ դատարանը կանդրադառնա այդ հարցին:

Կարդացեք նաև

Haykaz-datavorՄինչ նիստը հետաձգելը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը զգուշացրեց ներկաներին՝ եթե որևէ մեկը դատական նիստերի ընթացքում առանց թույլտվության ձայն հանի կամ խոսի, ապա սանկցիաներ կկիրառվեն:

Նրա կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր ներկա են նիստին, շահագրգռված են գործի արդարացի ելքով, և ցանկացած նման միջադեպ, դատական նիստի ընթացքի բնականոն ընթացքին խոչընդոտ ազդում են գործի քննության վրա:

Հ. Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ով ճանաչվել է իրավահաջորդ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծանոթացել է քրեական գործի նյութերին, և պարզ է դարձել՝ ինչ է տեղի ունեցել:

«Իրենց դուր չի եկել, որ ինչ-որ մեկը՝ թեկուզ ճիշտ, իրենցից առավել լինի: Այդ չորսն իրենք պիտի նայեին այդ զոնը: Բայց այն, որ մյուսները հանգիստ ծառայում, սովորում են, իրենց դուր չի եկել: Ամեն ինչում պիտի իրենք առաջինը լինեին: Հիմնականում դա է եղել, դա ինքնահաստատվելու փորձ է եղել: Մինչև Հայկազի սպանությունը նկարագրվում են մյուս կուրսանտների ահագին ծեծեր, ջարդեր: Ստից բանի համար, կարող է՝ շարքի մեջ կողքինի հետ խոսելու համար բռնեն, շարքի մեջ ծեծեն 4 հոգով»,- ասաց նա:

haykaz-papa1Սպանված կուրսանտի հայրը նշեց, որ միայն ցմահ ազատազրկում է պահանջելու. «Միայն դա է ճիշտ: Ես ափսոսանք եմ հայտնում, որ մեր պետությունը գնդակահարությունը վերացրեց: Մենք դեռ այն պետությունը չէինք, որ գնդակահարությունը վերացնեինք: Այդքան տականքների մենք ինչի՞ համար ենք պահում»: Կուրսանտի հոր խոսքով՝ որդին ճաշարանում կոնֆլիկտ է ունեցել զինծառայողներից Կարեն Բաղրամյանի հետ՝ փնթի ուտելու համար: «Ճաշարանում նկատողություն է արել ընդամենը փնթի ուտելու համար, ինչին Կարեն Բաղրամյանը 6-ին ասում է՝ ձեր դուրը չի գալիս, հելեք, գնացեք ուրիշ սեղան նստեք: 6-ն էլ ասում են՝ դու մենակ տեղափոխվիր: Ինքը պտտվում, ուրիշ սեղանի վրա է նստում: Վաչեն (խոսքը գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի մասին է.- Օ.Հ.) նկատում է (դե, ինքը զոն նայողն է եղել, դա զոն են սարքած եղել) գալիս է, բա՝ ի՞նչ է եղել, ասում են՝ սենց փնթի է, բա՝ ես ձեզ էլի եմ հարցնում՝ ո՞վ է Կարենին բան ասել: Երեք հոգի պատասխանում են, որ իրենք են ասել, որ նորմալ ուտի: Դրանից հետո Վարազդատ Սաֆարյանն է մոտենում Հայկազին, կոպիտ խոսում հետը, կոնֆլիկտ է լինում նրա հետ: Նշված է, որ ժամը 8-ի սահմաններում Գնել Թևոսյանը՝ այդ գնդապետի լակոտն է մոտենում, սկսում են իրար քաշքշել՝ դու ո՞վ ես եղել, որ այդպիսի բաներ ասես:

Բայց միայն Հայկազն ասած չի լինում, 6-ն էլ դժգոհ են լինում նրա ուտելուց: Դրանից հետո գիշերը, երբ իրենք խմելիս են լինում (Վաչեի ծննդյան օրն են նշելիս լինում, ոչ թե բանակի օրը` չնայած հունվարի 28-ն է լինում), Գնելը գալիս է, Հայկազին կանչում է՝ ժամը 12-ի թե 1-ի սահմաններում է լինում, չեմ հիշում, ասում է՝ արի, գործ կա, Հայկազն ասում է՝ ես ձեզ հետ գործ չունեմ, ասում է՝ դու չունես, մենք ունենք: Երեխեն հետները գնում է: 15 րոպե թե կես ժամ անց ինքը ծեծված գալիս է (հենց Վարազդատ Սաֆարյանն էլ է այնտեղ եղել և մասնակցել այդ ծեծին):

Ծեծից հետո գալիս է, երբ մտնում է ներս (վկաներն այդպես են պատմում), ասում է՝ էս անասուններն իմ հետ էս ի՞նչ արեցին… երևի շատ ուժեղ ծեծած են եղել: Դրանից հետո պառկում է քնելու, ասում են՝ այնտեղ հայհոյանք էլ է տվել»:

Ըստ կուրսանտի հոր՝ որոշ ժամանակ անց ներս են մտել, պահել որդու ոտքերը, կտրել երակը, ապա որդին փսխել է. «Ասում են՝ Գնելն ասում է` ադյալը գցեք վրեն, թող տեղերի մեջ հետ տա: Ասում են՝ երեխեն էլի սկսեց դիմադրություն ցույց տալ, արդեն այդքանից հետո նրա խռխռոցը լսեցինք, որ արդեն սկսել էին խեղդել: Խեղդելուց հետո Նորիկ Սահակյանն ասում է՝ տանենք գցենք երրորդ հարկից, թե իբր ինքնասպան է եղել: Գնելն ասում է՝ տենց պալիտ կլինենք: Որոշում են, ասում է՝ դե բուշլատի քուղերը քանդեք, տանենք կախենք, բայց գրություն է պետք, որ իբր ինքն է իրեն կախել:

Մովսեսը պատասխանում է` ես հեսա այնպես կկեղծեմ, որ ոչ մեկը չի ջոկի: Հայկազի տետրի միջից թուղթ է կտրում, գրիչը վերցնում: Ուզում են այդտեղ գրեն, լուսավորությունը շատ թույլ է լինում, ասում է՝ այստեղ բան չի երևում: Ասում են՝ դե, բան չի երևում, գնա, ուրիշ սենյակ մտի, գրի: Երևի հենց բիտովկա էլ գնում է, գրում է՝ քաշքշուկի համար ոչ մեկի չմեղադրեք, ես հոգնել եմ այս ամեն ինչից: Մնացածն արդեն հագցնում են իր շորերը, դուրս են հանում: Օրապահներն էլ են այնտեղ եղել, և օրապահներն էլ են տեսել՝ ով է հանում իրեն»:

Ա. Բարսեղյանի խոսքով՝ ժամը 3:30-ի սահմաններում օրապահը մտել է սենյակ, որտեղ սպանվել է Հ. Բարսեղյանը, սակայն նրա հագուստից մարդանման բան են սարքել, թե իբր քնած է, և, քանի որ ձմռանը հիմնականում քնել են գլուխները փակ, չեն ստուգել:
Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի՝ ռազմական ինստիտուտի 408 ննջարանում իր անկողնու վրա պառկած վիճակում բռնել են Հ. Բարսեղյանի ոտքերը, ձեռքերը, փակել բերանը, սուր կտրող գործիքով կտրել աջ ձեռքի արյունատար անոթը, արյունահոսություն առաջացրել, կոտրել նրա ենթալեզվային ոսկորը:

Դիակի դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ կուրսանտի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից` պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով: Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Հ. Բարսեղյանը նախքան պտտաձողից կախվելը մահացած է եղել: Ըստ նախաքննական մարմնի՝ կուրսանտն ապա տեղափոխվել է և կախվել պտտաձողի վրա:
Գործով 4 ամբաստանյալները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետեր):

Բացի այդ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել այլ հոդվածներով: Միայն 104-րդ հոդվածի 2-րդ մասով որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Մյուս ամբաստանյալին՝ Վարազդատ Սաֆարյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վ. Սահակյանի, Մ. Ազարյանի հետ միասին ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:

Օֆելյա Հովհաննիսյան
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս