«Ափսոսանք եմ հայտնում, որ մեր պետությունը գնդակահարությունը վերացրեց». Հայկազ Բարսեղյանի հայրը ներկայացնում է որդու սպանության մանրամասները

ՀՀ ՊՆ Վարզեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ով նրա իրավահաջորդ է ճանաչվել, ծանոթացել է քրեական գործի նյութերին, և պարզ է դարձել՝ ինչ է տեղի ունեցել: «Իրենց դուր չի եկել, որ ինչ-որ մեկը՝ թեկուզ ճիշտ, իրենցից առավել լինի: Այդ չորսն իրենք պիտի նայեին այդ զոնը: Բայց այն, որ մյուսները հանգիստ ծառայում, սովորում են, իրենց դուր չի եկել: Ամեն ինչում պիտի իրենք առաջինը լինեին: Հիմնականում դա է եղել, դա ինքնահաստատվելու փորձ է եղել: Մինչև Հայկազի սպանությունը նկարագրվում են մյուս կուրսանտների ծեծեր, ջարդեր: Ստից բանի համար, կարող է՝ շարքի մեջ կողքինի հետ խոսելու համար բռնեն, ծեծեն 4 հոգով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը:

Սպանված կուրսանտի հայրը նշեց, որ միայն ցմահ ազատազրկում է պահանջելու. «Միայն դա է ճիշտ: Ես ափսոսանք եմ հայտնում, որ մեր պետությունը գնդակահարությունը վերացրեց: Մենք դեռ այն պետությունը չէինք, որ գնդակահարությունը վերացնեինք: Այդքան տականքների մենք ինչի՞ համար ենք պահում»: Կուրսանտի խոսքով՝ որդին ճաշարանում կոնֆլիկտ է ունեցել զինծառայողներից Կարեն Բաղրամյանի հետ՝ փնթի ուտելու համար: «Ճաշարանում նկատողություն է արել ընդամենը փնթի ուտելու համար, ինչին Կարեն Բաղրամյանը 6-ին ասում է՝ ձեր դուրը չի գալիս, հելեք, գնացեք ուրիշ սեղան նստեք: 6-ն էլ ասում են՝ դու մենակ տեղափոխվիր: Ինքը պտտվում, ուրիշ սեղանի վրա է նստում: Վաչեն (խոսքը գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի մասին է.- Օ. Հ.) նկատում է (դե, ինքը զոն նայողն է եղել, դա զոն են սարքած եղել) գալիս է, բա՝ ի՞նչ է եղել, ասում են՝ սենց փնթի է, բա՝ ես ձեզ էլի եմ հարցնում՝ ո՞վ է Կարենին բան ասել: Երեք հոգի պատասխանում են, որ իրենք են ասել, որ նորմալ ուտի: Դրանից հետո Վարազդատ Սաֆարյանն է մոտենում Հայկազին, կոպիտ խոսում հետը, կոնֆլիկտ է լինում նրա հետ: Նշված է, որ ժամը 8-ի սահմաններում Գնել Թևոսյանը՝ այդ գնդապետի լակոտն է մոտենում, սկսում են իրար քաշքշել՝ դու ով ես եղել, որ այդպիսի բաներ ասես:

Բայց միայն Հայկազն ասած չի լինում, 6-ն էլ դժգոհ են լինում նրա ուտելուց: Դրանից հետո՝ գիշերը, երբ իրենք խմելիս են լինում (Վաչեի ծննդյան օրն են նշելիս լինում, ոչ թե բանակի օրը՝ չնայած հունվարի 28-ն է լինում), Գնելը գալիս է, Հայկազին կանչում է՝ ժամը 12-ի թե 1-ի սահմաններում է լինում, չեմ հիշում, ասում է՝ արի, գործ կա, Հայկազն ասում է՝ ես ձեզ հետ գործ չունեմ, ասում է՝ դու չունես, մենք ունենք: Երեխեն հետները գնում է: 15 րոպե թե կես ժամ անց ինքը ծեծված գալիս է (հենց Վարազդատ Սաֆարյանն էլ է այնտեղ եղել և մասնակցել այդ ծեծին): Ծեծից հետո գալիս է, երբ մտնում է ներս (վկաներն այդպես են պատմում), ասում է՝ էս անասուններն իմ հետ էս ի՞նչ արեցին… երևի շատ ուժեղ ծեծած են եղել: Դրանից հետո պառկում է քնելու, ասում են՝ այնտեղ հայհոյանք էլ է տվել»:

Ըստ կուրսանտի հոր՝ որոշ ժամանակ անց ներս են մտել, պահել որդու ոտքերը, կտրել երակը, ապա որդին փսխել է. «Ասում են՝ Գնելն ասում է՝ ադյալը գցեք վրեն, թող տեղերի մեջ հետ տա: Ասում են՝ երեխեն էլի սկսեց դիմադրություն ցույց տալ, արդեն այդքանից հետո նրա խռխռոցը լսեցինք, որ արդեն սկսել էին խեղդել: Խեղդելուց հետո Նորիկ Սահակյանն ասում է՝ տանենք գցենք երրորդ հարկից, թե իբր ինքնասպան է եղել: Գնելն ասում է՝ տենց պալիտ կլինենք: Որոշում են, ասում է՝ դե բուշլատի քուղերը քանդեք, տանենք կախենք, բայց գրություն է պետք, որ իբր ինքն է իրեն կախել: Մովսեսը պատասխանում է՝ ես հեսա այնպես կկեղծեմ, որ ոչ մեկը չի ջոկի:

Հայկազի տետրի միջից թուղթ է կտրում, գրիչը վերցնում: Ուզում են այդտեղ գրեն, լուսավորությունը շատ թույլ է լինում, ասում է՝ այստեղ բան չի երևում: Ասում են՝ դե, բան չի երևում, գնա, ուրիշ սենյակ մտի, գրի: Երևի հենց բիտովկա էլ գնում է, գրում է՝ քաշքշուկի համար ոչ մեկի չմեղադրեք, ես հոգնել եմ այս ամեն ինչից: Մնացածն արդեն հագցնում են իր շորերը, դուրս են հանում: Օրապահներն էլ են այնտեղ եղել, և օրապահներն էլ են տեսել՝ ով է հանում իրեն»:

Արկադի Բարսեղյանի խոսքով՝ ժամը 3:30-ի սահմաններում օրապահը մտել է սենյակ, որտեղ սպանվել է Հայկազ Բարսեղյանը, սակայն նրա հագուստից մարդանման բան են սարքել, թե իբր քնած է, և, քանի որ ձմռանը հիմնականում քնել են գլուխները փակ, չեն ստուգել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս