«Սահմանադրական հեղաշրջում, որն իր հետևանքներով հավասարազոր է ռազմական հեղաշրջման». Հմայակ Հովհաննիսյան
«Քաղաքականության մեջ ցանկացած ճշմարտություն բացարձակ չի լինում, պետք է տեսնել ժամանակի մեջ: Դրա համար ասել, որ 90-ականներին մենք կողմ էին կառավարման խորհրդարանական ձևին ու պետք է այսօր էլ այդպես դիտենք հարցը, չի կարելի, որովհետև այսօր կոնկետ իրավիճակ գոյություն ունի: Այսօր կան արտաքին քաղաքական մարտահրավերներ, և կա հասարակության այն սոցիալական կառուցվածքը, որը բնութագրվում է որպես ծայրահեղ բևեռացում. մի քանի ընտանիքներ տնօրինում են ազգային հարստության առյուծի բաժինը, մնացածին բաժին է հասնում այդ հարստության մի չինչին մասը»,- սահմանադրական փոփոխությունների մասին քննարկմանը նման կարծիք հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ սա սահմանադրական փոփոխություն չէ, այլ սահմանադրական հեղաշրջում, «որն իր հետևանքներով հավասարազոր է ռազմական հեղաշրջման հետևանքներին»:
«Ռազմական հեղաշրջման արդյունքում սահմանափակվում է ընտրության իրավունքը։ Այս սահմանադրական փոփոխությունը նույն հարցն է լուծում. ժողովրդից խլում են ուղիղ ընտրությունների միջոցով գերագույն իշխանություն ընտրելու իրավունքը»,- ասաց նա:
Նա հայտարարեց, որ բոլոր այն ուժերը, որոնք արտահայտվում են ի օգուտ այս նախագծի, իշխանության շահերը ներկայացնող ուժերն են. «Ամենայն պատասխանատվությամբ նաև հայտարարում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք սկզբունքային պայքար են սկսել սահմանադրական «չարեփոխումների» դեմ, իրական ընդդիմություն են, միակ ընդդիմադիր ուժերն են:
«Այո»-ի շտաբի կառուցվածքը տեսեք՝ բոլոր մարզպետները, վարչապետը, այս երկրի բոլոր օլիգարխները, բոլոր այն մարդիկ, որոնք գործող Սահմանադրության 65-րդ հոդվածը խախտում են, որոնք ստեղծել են մի չարի համակարգ երկրում, որի պայմաններում քաղաքական իշխանությունն ու բիզնեսը սերտաճել են, այսօր ներկայացված են այդ շտաբում:
Իհարկե, նրանք այսօր ստիպված են զիջել Դաշնակցությանը այդ հնարավորությունը՝ հապարակային պաշտպանելու այս Նոր սահմանադրությունը, որովհետև իրենք երես չունեն: Մեկը չի հարցնում՝ երբ այն ժամանակ Դաշնակցությունը առաջ էր քաշում խորհրդարանական կառավարման համակարգ ունենալու անհրաժեշտությունը, Սերժ Սարգսյանը որտե՞ղ էր: Սերժ Սարգսյանը միակ քաղաքական գործիչն է, որ այս 25 տարիների համար պատասխանատվություն է կրում, որովհետև վերջին տասը տարիներին եղել է երկրի համար առաջին ղեկավարը, իսկ դրանից առաջ՝ համար երկրորդը: Բա այն ժամանակ ինչո՞ւ ի օգուտ չէր արտահայտվում, ինչո՞ւ հանկարծ իր պաշտոնավարության ավարտի նախօրյակին որոշեց այս սահմանադրական փոփոխություններն իրականացնել այն դեպքում, երբ իր և ՀՀԿ-ի նախընտրական պլատֆորմում խոսք իսկ անգամ չկա սահմանադրական փոփոխությունների մասին»:
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների հարցը առաջացավ 2013թ. սեպտեմբերին, անմիջապես սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո. «Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է Մոսկվային ասեր՝ այո, ես պետք է մնամ, որպեսզի տեր կանգնեմ ԵՏՄ մտնելու մասին կայացրած միահեծան որոշմանը, իսկ մնալու մեխանիզմը սա է: Հասարակության մեջ նման պահանջ չկար, իսկ Դաշնակցությունը նույնիսկ չէր էլ երազում, որ իրեն հնարավորություն կընձեռնվի դուրս գալ ասպարեզ և տեր կանգնել 90-ական թվականների իր առաջարկություններին: Այսինքն՝ քաղաքական մոտիվացիան կարևոր է պարզելու համար ինչ հետևանքներ կունենա տվյալ քաղաքական նախաձեռնությունը»:
Հ. Հովհաննսիյանի համար միակ դրական երևույթը այն է, որ քաղաքական դաշտը հստակեցվում է: