Դեպի անտարբեր Հայաստան

Անկախ նրանից, թե որքան համոզիչ կհնչեն սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների՝ «այո» քվեարկելու կոչերն ու ընդդիմացողների «ոչ» ասելու հորդորները, ակնհայտ է՝ հասարակությանը Սահմանադրության փոփոխությունը չի հուզում, քաղաքացիներն առավել քան անտարբեր ու իներտ են այս գործընթացի նկատմամբ: Շատերը կպնդեն, որ պատճառը հասարակության կրթվածության ցածր մակարդակն է, որ քաղաքացիների մեծամասնությունը չի գիտակցում` ինչ է Սահմանադրությունը, չի խորանում երկրի կառավարման այս կամ այն մոդելի մեջ, դրա համար էլ անտարբեր է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Դա գուցե և այդպես է, սակայն անտարբերության հիմնական պատճառը չէ:

Ժողովուրդը, ինչպես հայտնի է, ունի ներքին իմաստնություն, և, անկախ նրանից, թե հասարակության որ տոկոսն է հասկանում սահմանադրական այս կամ այն դրույթը, ժողովուրդն այդ ներքին իմաստնությամբ, ի վերջո, կարող է զգալ, որոշել իր շահն այս գործընթացից: Իսկ ողջ խնդիրն այն է, որ հասարակությունը, քաղաքացին չի տեսնում ու չի զգում իր շահը սահմանադրական փոփոխություններում, որքան էլ դրա հեղինակները կոկորդ պատռելով համոզեն, թե այն ավելի մարդակենտրոն է, քան մարդն ինքնին:

Իսկ քաղաքացին չի տեսնում ու չի զգում իր շահը սահմանադրական փոփոխություններում ոչ միայն՝ այն պատճառով, որ այդ շահը չի տեսել ու չի զգացել նաև գործող սահմանադրության մեջ ու ընդհանրապես սահմանադրության ինստիտուտի առումով, այլ՝ որովհետև Հայաստանում, ի թիվս այլ, այդ թվում՝ Սահմանադրության խախտումների, խախտված է մեկ այլ, շատ ավելի կարևոր ու խորքային երևույթ՝ շահերի համամասնությունը: Զանազան տեսություններում ընդունված է շահերը դասակարգել երեք խոշոր խմբի՝ անձնական կամ անհատական, խմբային կամ կորպորատիվ և հանրային կամ հասարակական շահերի:

Որևէ երկրի, որևէ հասարակության կայացվածությունն ու բարեկեցությունը, ի թիվս այլ գործոնների, կախված է նաև այն հանգամանքից, թե որքանով համամասնորեն են սպասարկվում ու բավարարվում այդ շահերը: Իսկ դրանց բավարարման նորմալ, արդյունավետ բանաձևն այն է, որ անհատական շահերի բավարարումը ոչ միայն չհակասի խմբային ու հանրային շահերին, այլ ճիշտ հակառակը՝ սպասարկի դրան: Այսինքն՝ առանձին վերցրած անհատների շահերը բավարարվեն այնպես, որպեսզի դա հանգեցնի խմբային ու, որպես դրա հետևանք՝ նաև հանրային, հասարակական շահերի բավարարմանը:

Հայաստանում, ինչպես և մեր նման, իրականում՝ շատ առումներով հետամնաց երկրներում, այս համամասնությունն անթույլատրելիորեն խախտված է: Առանձին վերցրած անհատների ու դրանց խմբերի (պայմանականորեն՝ քաղաքական ու տնտեսական վերնախավի, պաշտոնյաների ու օլիգարխների) շահերը բավարարվում են ոչ թե՝ հօգուտ, այլ՝ ի հաշիվ հասարակության, հանրային շահի: Սահմանադրական փոփոխությունները ևս այս տրամաբանության մեջ են:

Դրանց կողմ և դեմ են տարբեր կուսակցություններ ու նախաձեռնություններ, այսինքն՝ խմբային շահեր սպասարկող միավորներ: Սակայն քաղաքացու, հասարակության շահն այդ խմբերում ևս ոչ միայն չի բավարարվում, այլ ճիշտ հակառակը՝ այդ խմբերի շահերն են սպասարկվում՝ հասարակության հաշվին տարբեր գործարքների մեջ մտնելու հաշվին: Դրա համար քաղաքացին որևէ կուսակցության մեջ չի գտնում ու չի տեսնում իր շահը բավարարելու որևէ մեխանիզմ: Խորքային առումով հենց սա է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հասարակության անտարբերության հիմնական պատճառներից մեկը, որը, ի դեպ, գրեթե նույնությամբ ու նույն չափով վերաբերում է նաև քաղաքականությանն ընդհանրապես:

Քաղաքացիները քաղաքականությանը վերաբերվում են ոչ թե՝ որպես իրենց շահերի սպասարկման, իրենց կյանքի բարելավման գործիք, ինստիտուտ, այլ՝ հակառակը, որպես միջոց՝ իրենց շահերի ոտնահարման ճանապարհով սահմանափակ թվով մարդկանց խմբային շահերը բավարարելու համար: Այս խնդիրը ոչ մեկ օրում, ոչ մեկ հանրաքվեով, ոչ էլ մեկ ընտրությամբ չի կարող լուծվել: Դրա լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի արմատապես փոխվի պետական ու քաղաքական համակարգը, փոխվի մտածողությամբ, աշխահընկալմամբ, փոխվի այն աստիճան, որ գլխիվայր շուռ գա՝ դառնալով հասարակության շահերի սպասարկման, և ոչ թե՝ դրանց ոտնահարման համակարգ: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, սահմանադրություններն ու օրենքները, իշխանություններն ու ընդդիմությունները կփոխվեն՝ ամեն փոփոխությունից հետո ավելի ու ավելի հեռանալով հասարակությունից: Իսկ հասարակությունը, ցավոք, հեռանում է ոչ թե՝ իշխանությունից կամ ընդդիմությունից, այլ՝ պետությունից:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս