Բաժիններ՝

Ինչպե՞ս կարող է քրիստոնյան զենք վերցնել ու գնալ պատերազմի. պարզաբանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը

– Ինչպե՞ս կարող է քրիստոնյան զենք վերցնել ու գնալ պատերազմի: Չէ՞ որ պատերազմը չարիք է, իսկ նրանք, ովքեր մասնակից են չարիքի, դառնում են չարի գործակիցներ, այսինքն՝ սատանայի ծառաներ:

– Ուզում եք ասել, որ մեր սուրբ զորավարները՝ Ս. Սարգիսը, Ս. Վարդան Մամիկոնյանը և շատ ուրիշ հայտնի և անհայտ հերոսներ, ովքեր պատերազմում իրենց կյանքն են զոհել հանուն սուրբ հավատի և հայրենիքի, նրանք բոլորը սատանայի ծառանե՞րն են: Կամ գուցե կուզեի՞ք, որ թշնամու հարձակման պահին Ձեր կողքին լինի «Եհովայի վկան», որը զենք չի վերցնի և վախկոտի պես կփախչի՝ թողնելով Ձեզ անպաշտպան՝ մահվան ճիրաններում:Ասում եք, որ «նրանք, ովքեր մասնակից են չարիքի, դառնում են չարի գործակիցներ»: Ես կասեմ այլ կերպ. ով չի արգելում չարին՝ չարիք գործել, դառնում է չարի գործակիցն ու օգնականը:Այն, որ քրիստոնյաները պացիֆիստ են, սուտ բամբասանք է, զրպարտություն քրիստոնեության հանդեպ:

Պատերազմը սրբազան գործ է նրանց համար, ովքեր ձեռնարկում են այն անհրաժեշտությունից դրդված՝ ճշմարտության պաշտպանության համար: Նրանք, ովքեր զենք են վերցնում, այդ դեպքում հերոսություն են գործում և, դիմանալով վնասվածքներին և տանջանքներին և զոհելով կյանքը հանուն արյունակիցների և հայրենիքի, գնում են սուրբ նահատակների հետևից դեպի անթառամ և հավերժական պսակը:Պատերազմի էությունը սպանության և չարի բերկրանքի մեջ չէ: Նույնիսկ ընդհակառակը՝ այն բացահայտում է թաքնված չարությունը և հնարավորություն է տալիս մարդուն պարզորոշ ընտրություն կատարել չարի և բարու միջև: Ծուլությունը, թուլամորթությունը և չարին չհակառակվելը նպաստում են չարին: Մարդու ամբողջ կյանքը պայքար է: Պայքարելու կարողությունը կյանքի գլխավոր պայմանն է: Իհարկե ուժն ու ակտիվությունը հնարավոր է օգտագործել ոչ միայն ի բարին, այլ նաև ի չարը: Չարն անբարոյական է, բայց քանի դեռ մարդն ունի ուժ, կյանք, ապա որքան էլ նենգությամբ չարն ուղղված լինի, միևնույն է կա հնարավորություն և հույս վերափոխել չարը և ուղղել այն ի բարի:Ժխտելով արդար ազատագրական պատերազմների օրինականությունը, մենք դրանով իսկ խեղաթյուրում ենք Աստվածային ճշմարտությունը, որն է. «Ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Մատթ. 26: 52). դա նշանակում է, որ ով չար նպատակի համար բռնության թուր բարձրացնի, պետք է կոտորվի բռնության դեմ բարձրացված արդարության թրով՝ չարը կանխելու համար:Դարեդար քրիստոսասեր զինվորները օրհնվում էին իրենց հոգևոր հովիվների կողմից ոչ թե թշնամու հետ բանակցություններ վարելու, այլ սպանելու համար: Հայ ազգը բազմիցս բարձրացրել է իր թուրը հայրենիքի և հավատքի պաշտպանության համար՝ նախօրոք աղոթքի մեջ օգնություն և օրհնություն խնդրելով Աստծուց. խոստովանելով և հաղորդվելով` վերցնում էին զենքերը և գնում կռվի:

Իսկ Ավարայրի ճակատամարտում հենց քահանաներն էին քայլում զորքի առջևից՝ ոգեշնչելով զինվորներին աղոթքներով և սեփական օրինակով սրբազան կռվի, սուրբ մահվան:Նիկոլայ Բերդյաևը գրել է պատերազմի ժամանակ կատարված սպանության մասին. «Պատերազմի ժամանակ տեղի ունեցած սպանությունը ուղղված չէ մարդկային անձի հերքմանը կամ ոչնչացմանը: Պատերազմը չի ենթադրում մարդկային անձի հանդեպ ատելություն: Պատերազմի ժամանակ տեղի չի ունենում մարդու սպանության հոգևոր գործողություն: Զինվորները մարդասպաններ չեն: Չարությունը պետք է փնտրել ոչ թե պատերազմի մեջ, այլ պատերազմից առաջ՝ արտաքինից շատ խաղաղ ժամանակներում: Այս խաղաղ ժամանակներում են կատարվում հոգևոր սպանությունները, պաշարվում են չարությունը և ատելությունը:

Իսկ պատերազմի ժամանակ զոհաբերաբար հատուցվում է կատարված չարիքը: Պատերազմի ժամանակ մարդն իր վրա է վերցնում սեփական ուղու հետևանքները, կրում է պատասխանատվություն, ընդունում ամեն ինչ, ընդհուպ մինչև մահ»:Սպանության մեջ միշտ ենթադրվում է մի նպատակ. «մարդկային անձի ոչնչացում»: Պատերազմի նպատակը հաղթանակն է, իսկ կյանքի ոչնչացումը միշտ չէ, որ անպայման միջոց է այդ նպատակին հասնելու համար: Եթե սպանությունը մեղք է, քանի որ խախտում է սիրո մասին պատվիրանը, ապա միայն այն պատերազմն է մեղք, որը խախտում է սիրո այս բարձրագույն սկզբունքը: Այլ խոսքով՝ ամեն պատերազմ չէ, որ մեղք է, այլ միայն այն պատերազմը, որը հետապնդում է չար նպատակ, որովհետև պատերազմի բարոյական չափանիշը որոշվում է նրանով, թե հանուն ինչի են ձգտում հաղթանակի:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս