Վարկդ «ընդունելի» լինի

Եվ այսպես, ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական անգամ մեծացնել Հայաստանի արտաքին պարտքը։ Այս անգամ վերցնելու ենք 300 միլիոն դոլարի վարկ` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից։

Կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկը կտրամադրվի երեք մասնաբաժիններով` յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1տոկոս, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է։ Ինչ վերաբերում է նախապայմաններին և վարկի նպատակին. «Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը։ Ծրագրի գլխավոր ուղղություններն են` էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, բիզնեսի վարման պայմանների բարելավում»։

Պաշտոնական հաղորդագրությունից հասկացա՞ք` ինչի համար ենք վարկ վերցնում և կոնկրետ ինչի վրա ենք ծախսելու։ Մենք նույնպես չհասկացանք։ Ձևակերպումները բավականին լայն են և լղոզված։

Փորձեցինք առավել մանրամասն բացատրություն գտնել նախագծի հիմնավորման մեջ։ Գտանք այսպիսի մի տեքստ. «Ծրագրում նախատեսված տնտեսական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումների փաթեթն ուղղված է հիմնական կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաև` տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը։ Միջոցառումներն ուղղված են ինչպես` ՀՀ տնտեսության առանձին տարրերի կայունացմանը (էներգետիկ, շինարարական, բյուջետային հատվածներ), այնպես էլ` ներքին և արտաքին տնտեսական կապերի ընդհանուր, երկարաժամկետ և կառուցվածքային ամրապնդմանը»։

Ամենաառաջին հարցը, որ առաջացավ այս տողերը կարդալիս, հետևյալն էր` որո՞նք են Հայաստանի տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտները։ Որքան հիշում ենք` մեր տնտեսական աճի տեմպերը վատը չեն։ Մանավանդ, եթե համեմատում ենք ԵՏՄ գլխավոր խաղացողի` Ռուսաստանի հետ։ Նաև հիշում ենք, որ ըստ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուների` ամեն ինչ կարող էր շատ ավելի լավ լինել, եթե մեր տնտեսության վրա չազդեին բացասական արտաքին գործոնները։ Օրինակ, դրամական փոխանցումների կրճատումը, որը բերում է սպառման կրճատման և ընդհանուր տնտեսական ակտիվության թուլացման։ Կամ` արտաքին առևտրաշրջանառության անկումը։ Տրանսֆերտները գալիս են հիմնականում Ռուսաստանից, և նվազել են հենց ա՛յդ երկրից եկող տրանսֆերտները։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը նույնպես նվազել է` հատկապես Ռուսաստանի պարագայում և հատկապես արտահանման մասով։ Տնտեսական աճի բարձր տեմպերին խոչընդոտում են նաև այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են` օրենքի իշխանության բացակայությունը, մենաշնորհները, կոռուպցիան և այլն։ Կարճ ասած, ոնց էլ հարցին մոտենանք` Հայաստանի տնտեսական աճի ավելի բարձր տեմպերին խոչընդոտում են առաջին հերթին` կախվածությունը ԵՏՄ-ից (կամ նույնն է թե` Ռուսաստանից), և գործարար միջավայրին խանգարող այն «գաղջ մթնոլորտը», որը բնորոշ է հետխորհրդային տարածքի երկրներին։

Ու ստացվում է, որ ՀՀ տնտեսական աճին խոչընդոտող ամենագլխավոր գործոնը Հայաստանի կախվածությունն է Ռուսաստանից և անդամակցությունը ԵՏՄ-ի նման անհասկանալի ու անարդյունավետ կառույցին։ Ու եթե ցանկանում ենք ավելի բարձր տնտեսական աճ` պետք է թուլացնենք այդ կախվածությունը ԵՏՄ-ից ու վարենք ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Հիմա ի՞նչ` ԵՏՄ-ի կառույցը մեզ վարկավորում է, որ ԵՏՄ-ի հետ կապերը սահուն խզե՞նք։ Իհա՛րկե ոչ։ Ու հետևաբար` հավատ չեն ներշնչում բարեփոխումների ու տնտեսական աճի բարելավման վերաբերյալ հիմնավորումները։

Իսկ եթե ավելի անկե՞ղծ։ Ինչո՞ւ ենք վարկ վերցնում ու ի՞նչ ռիսկեր ենք ուզում չեզոքացնել։ Պարզվում է` համաձայնագրի նախագծի հիմնավորման մեջ կա այդ անկեղծ պատասխանը` ինչի վրա են ծախսվելու պարտքով վերցված միլիոնները։ «Ֆինանսական վարկի միջոցները Ստացողի (Հայաստանի Հանրապետության.- Բ.Թ.) կողմից օգտագործվում են Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար։ Համաձայնագրի նպատակներով Ընդունելի ծախսեր են հանդիսանում Ստացողի կողմից Ֆինանսական վարկի միջոցների օգտագործումը պետական բյուջեի այն ծախսերի ֆինանսավորման համար, որոնք «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված են համապատասխան տարվա համար»,- նշվում է փաստաթղթում։

Հիմա պա՞րզ է։ Հայաստանը հերթական անգամ վարկ է վերցնում բյուջեի ծախսերը հոգալու համար։ Ի՞նչ տնտեսական ավելի բարձր աճ, ի՞նչ բարեփոխումներ։ Փողը ծախսվելու է թոշակ ու նպաստ վճարելու համար, որովհետև, չնայած հայտարարվող տնտեսական աճին` հարկեր հավաքելը լուրջ դժվարություն է ներկայացնելու։ Այս մասին օրերս ակնարկել էր անգամ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` բյուջեի կատարողականի մասին ասելով. «Մենք մեծ նվազումներ ունենք` հատկապես ներմուծման ծավալների կրճատման հետ կապված։ Հաջորդ տարվա համեմատ` եթե այս տեմպերը շարունակվեն, արդեն պետք է անհանգստանալ»։
Իրականում ՀՀ կառավարությունն արդեն իսկ անհանգիստ է։ Ու այդ անհանգստությունը պաշտոնապես երևաց դեռ 1 ամիս առաջ, երբ ներկայացվեց 2016-ի բյուջեի նախագիծը։ Բանն այն է, որ չնայած 2016 թվականին կանխատեսվող 2.2% տնտեսական աճին` կառավարությունը հաջորդ տարի նախատեսում է հավաքել շուրջ 10 միլիարդ դրամով ավելի շատ հարկեր, քան 2015-ին։ Իսկ բյուջեի ծախսերը, հակառակը` ավելանալու են 68 միլիարդ դրամով։ Արդյունքում` մեծանում է բյուջեի դեֆիցիտը, որը ծրագրվել է 190.7 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 3.5%-ի չափով։

Ինչի՞ հաշվին պետք է ֆինանսավորվի դեֆիցիտը` ճիշտ է, ներքին ու արտաքին պարտքի։

Ըստ Բյուջե 2016-ի, դեֆիցիտի 63.2%-ը կամ 120.6 միլիարդ դրամը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրներից։ Ինչպես «ցավով» նշել են բյուջեն կազմողները` «Դեռևս զգալի են արտաքին աղբյուրներից` միջազգային կազմակերպություններից (մեծամասամբ` Համաշխարհային բանկի) և օտարերկրյա պետություններից ստացվելիք արտոնյալ վարկերի հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող միջոցները»։
Մի խոսքով, կառավարությունը դեռ բյուջեի ծրագրով նախատեսել է 120.6 միլիարդ դրամով (շուրջ 250 միլիոն դոլարով) ավելացնել արտաքին պարտքը։ Սակայն, ինչպես երևում է` այսօրվանից արդեն մտահոգություն կա, որ 250 միլիոն դոլարը կարող է չբավականացնել, և համաձայնագիր է կնքվում 300 միլիոն դոլարի համար։ Ու սա` միայն Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից։ Չի բացառվում, որ «ստրախովկայի» համար ՀՀ կառավարությունն այլ աղբյուրներից նույնպես փորձի ֆինանսավորում հայթայթել։ Օրինակ, «Հայկական Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ մերոնք նպատակ ունեն 2016-ին ևս 500-700 միլիոն դոլարի եվրոբոնդեր թողարկել։ Այսինքն` ավելացնել արտաքին պարտքը։ Ճիշտ է, սա հաստատված տեղեկություն չէ, սակայն դատելով իրադարձությունների ընթացքից` լրիվ հավանական է։

Հիշեցնենք, որ արտաքին պարտքի մեծությունը, ըստ 2016 թվականի պետբյուջեի նախագծի, 2016-ի վերջին կկազմի 4 միլիարդ 818 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 49.3%-ը)։ Սակայն դատելով այս համաձայնագրից և զգուշավոր հայտարարություններից` չի բացառվում, որ արտաքին պարտքը գերազանցի 5 միլիարդ դոլարը։ Հիշեցնենք նաև, որ պետական բյուջեի ծախսերից 7.2%-ը (շուրջ 100 մլրդ դրամ) հաջորդ տարի ուղղելու ենք պետական պարտքի սպասարկմանը։ Այս տեմպերով շարունակելու դեպքում այս թիվը գնալով մեծանալու է, դրա համար էլ աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու ռեսուրս չի մնալու։

Իհարկե, մեր տնտեսական բլոկի պատասխանատուները կշարունակեն հայտարարել, որ անհանգստանալ պետք չէ, պարտքի թույլատրելի շեմը չենք անցել, դեֆոլտի վտանգ չկա, և այլն։ Սակայն գլխավոր մտահոգությունը ոչ թե դեֆոլտն է, այլ պարտքային բեռի ավելացման նպատակը` յոլա գնալը։ Այո, մենք պարտք ենք վերցնում` նախկին պարտքերը փակելու ու ծայրը ծայրին հասցնելու համար։ Միակ «օգուտը» լինելու է այն, որ վարկը մարելու ժամանակ մեր գործընկերներին ենք հատկացնելու ռազմավարական օբյեկտներից ևս մեկը։ Եթե, իհարկե, մինչ այդ նման բան մնացած լինի։

Տեսանյութեր

Լրահոս