Էդուարդ Եգորյան. Ընտրությունները եւ ղեկավարության մեքենայությունները (արխիվ). hambardzum.am
1. Դեմոկրատական ընտրությունները կենսական անհրաժեշտություն են
Կենտրոնի գաղութատիրական քաղաքականությունը հանրապետությունում իրականցվում է տեղական կուսակցաբյուրոկրատական ապարատի իր դրածոների միջոցով։ Դժվար չէ վերհիշել, որ վերջին երկու տարում ժողովուրդը հոգնատանջ է եղել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու կամ էլ այս կամ այն որոշումն ընդունել տալու պայքարում։ Այսինքն, հիմնականում պայքարել ենք «մեր» իսկ ղեկավարության դեմ՝ հանուն ազգային նպատակների։ Այս առումով Մերձբալթյան հանրապետությունների ձեռքբերումները պայմանավորված են հենց նրանով, որ հաղթահարելով սեփական կուսակցական ապարատի դիմադրությունը՝ ստիպեց նրան՝ Մոսկվայի հետ ճակատամարտ տալ Մոսկվայի դեմ։
Այսպիսով, ազգային-ազատագրական պայքարը հաջողությամբ շարունակելու համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդական ղեկավարություն, որի գոյությունը հնարավորություն կտա լուծել ազգի համար կենսական խնդիրները։ Իսկ ժողովրդական ղեկավարություն ստեղծվում է միայն դեմոկրատական ընտրությունների միջոցով։
Դեմոկրատական ընտրությունները կարող են լուծել նաեւ բոլորի անհանգստացնող միասնության խնդիրը։ Այն քաղաքական կազմակերպությունները, որոնք ժողովրդի մեջ ունեն իրական ազդեցություն, պառլամենտում կստանան դրան համապատասխան տեղեր։
Ժողովրդական պառլամենտը կարող է դառնալ այն ուժը, որի շուրջն էլ կհամախմբվի ամբողջ հայ ժողովուրդը։
Անհրաժեշտ է հասկնաալ, որ կայսրության կենտրոնից նշանակված ղեկավարության շուրջը համախմբելը անհնարին է։ Այդ ղեկավարությունը մերը չէ, որովհետեւ մենք չենք նրան ընտրել․ մեր կարծիքը նույնիսկ ձեւի համար չեն հարցրել։ Անհնարին է, որ հանրապետության եւ կենտրոնի միջեւ առճակատման դեպքում կենտրոնի դրածոները գործեն հօգուտ հանրապետության, ազգային շահերի համար՝ իրենց սնող եւ պահպանող կենտրոնի դեմ։ Եվ պատահական չէ, որ 1988թ. Աշնանը Ազատության հրապարակում ժողովրդի հետ լինելու երդում տվող ղեկավարությունը արդեն դեկտեմբերին կենտրոնի հետ միասին սկսեց շարժման ջարդը։
Այսպիսով, թե ազգային-ազատագրական պայքարի, թե միասնության, թե ընդհանրապես՝ ազգի գոյատեւման եւ զարգացման համար իրապես ժողովրդավարական ընտրությունների ապահովումը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է։
2. Ապարատային մեքենայությունների եւ նրանց դեմ պայքարելու հնարավորությունների մասին
Հիմնվելով 189թ․ մարտի 26-ի ընտրությունների ժամանակ մի քանի հիմնարկ-ձեռնարկություններից լիազորված դիտորների տվյալնրի վրա, փորձենք թվարկել այն օրինախախտումները, որոնք ապարատը կարող է կիրառել նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ։
ա․ Հիմնարկ-ձեռնարկությունների վարչությունը եւ կուսպալատը, շրջանային կուսակցական գործադիր կոմիտեները խոչընդներ են հարուցում դեպուտատների թեկնածուների առաջադրմանը նվիրված ժողովների հրավիրմանը, կամ արդեն տեղի ունեցած ժողովների արձանագրությունների վավերացմանը․ փորձում են ձախողել։
Սրա դեմ միասնական դեղատոմս դժվար է առաջարկել։ Ամեն ինչ կախված է տեղում ժողովրդավարական ուժերի ակտիվությունից եւ մինչեւ վերջ պայքարելու վճռականությունից։
Ինչպես այս, այնպես էլ ուրիշ ապարատային խոչընդոտներ հաղթահարելու համար կարելի է դիմել տեղական բնույթի նստացույցի, միտինգի, գործադուլի, պիկետի։
Անօրինականությունների մասին անընդհատ պետք է հայտարարություններ հրապարակել միտինգներում, թերթերում եւ թռուցիկներում։
բ․ Դեպուտատության թեկնածուների առաջադրման արձանագրության իբր թե ոչ ճիշտ ձեւակերպման պատրվակով, կամ՝ ժողովի օրինական ընթացքը կասկածի տակ դնելու միջոցով օրակարգային հանձնաժողովը կարող է փորձել չգրանցել ապարատին ոչ հարմար թեկնածուին։
Նման խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է՝
1. Թերթերում հրապարակել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դեպուտատի առաջադրմանը նվիրված ժողովի արձանագրության ձեւը,
2. առաջադրման ժողովին հրավիրել համապատասխան օկրուգային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ։ Ի դեպ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշտական հերթապահություն է սահմանել Շահումյանի անվան պալատում։
գ․ Հնարավոր օրինախախտումներ քվեարկության ժամանակ՝
1. մեկ ընտրող քվեարկում է մի քանի ընտրողների (օրինակ, ընտանիքի անդամների) փախարեն,
2. ընտրական հանձնաժողովի անդամները իրենք կարող են քվեատուփ նետել մեծ քանակությամբ քվեաթերթիկներ,
3. հիվանդ ընտրողների համար նախատեսված քվեատուփերը կարող են առանց հսկողության դուրս բերվել ընտրական տեղամասերից եւ վերադարձվել անհայտ քվեաթերթիկներով լցված,
4. որեւէ ընտրական տեղամասի քվեաթերթիկները ինչ-որ մեկի (օրինակ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի) միջոցով նետվում են մեյ այլ տեղամասի քվեատուփի մեջ, իսկ վերջինիս քվեաթերթիկները՝ առաջին քվեատուփի մեջ։
Նման մեթոդներով 1989թ․ մարտի 26-ի ընտրությունների ժամանակ (օրինակ՝ Մաշտոցի շրջանում) կուսակցական ապարատը հասավ մեծ «հաջողությունների»։ Այդպես 54/8 տեղամասում, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկության մասնակցել է ընտրողների 72 տոկոսը, իսկ ըստ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի «Աստրա» եւ «Անի» գիտաարտադրական հիմնարկների լիազորված դիտորդների տվյալների, մասնկացել է ընդամենը 8 տոկոսը։ Ընտրությունների մասնակիցների միջին թիվը, ըստ դիտորդների, 10 տոկոսից չի անցել։
Անհրաժեշտ է պայքարել նախ եւ առաջ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ընտրական հանձնաժողովների ժողովրդավարական կարգավորման հաամր։
Արդեն այժմ հասարակական կազմակերպությունների շրջանային մարմինները, տվյալ օկրուգի տարածքում գտնվող հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, ըստ բնակության վայրի ընտրողների ժողովները պետք է առաջարկեն տեղամասյին ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներ եւ համապատասխան շրջանային խորհրդից կամ գործադիր կոմիտեից պահանջեն նրանց հաստատումը։
Չպետք է թույլ տալ, որ գործադիր կոմիտեները հանձնաժողովի մեջ ընդգրկվեն միմյանցից վարչական կախման մեջ գտնվող անձանց։ Դրան կարող են հասնել ՀՀՇ-ի շրջանային մարմինները, ինչպես նաեւ հիմնարկ-ձեռնարկությունների ԱԿԽ-ները։
դ. Ընտրական տեղամասերում հասարակական դիտորդների խմբերի ձեւավորումը կարեւոր դեր է խաղում։ Օրենքը հիմնարկ-ձեռնարկություններին եւ հասարակական կազմակերպություններին թույլ է տալիս լիազորված դիտորդների միջոցով սահմանել քվեարկության եւ նրա արդյունքների ամփոփման վերահսկողություն։ Նույն օրենքով օկրուգային հանձնաժողովն իրավունք ունի սահմանափակել հսկիչների թիվը։ Ապարատը, օգտվելով դրանից, փորձում է այդ սահամանափակ թիվը լրացնել սեփական հսկիչներով եւ, այսպիսով, բացառել իրոք ժողովրդական վերահսկողությունը։ Լիարժեք հսկողություն իրականացնելու համար հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, ըստ բնակության վայրի ընտրողների ժողովները ընտրությունից ոչ ուշ, քան 3 օր առաջ օկրուգային հանձնաժողովին պետք է ներկայացնեն դիտորդների իրենց ցուցակները եւ հասնեն դրանց պաշտոնական հաստատմանը։
Նոր ընտրական օրենքով դիտորդի իրավունք է տրվում նաեւ դեպուտատության թեկնածուի վստահված անձանց։
Օրինախախտումների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ապարատին հակադրել ժողովրդական ուժերի միասնական կազմակերպված գործողությունները։ Նշենք մի քանի միջոցառումներ, որոնք ըստ մեզ, կարող են ծառայել այդ նպատակին՝
1. հիմնարկ-ձեռնարկություններ, ըստ բնակության վայրի ընտրողների ժողովները, հասարակական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները ստեղծում են ազատ դեմոկրատական ընտրություններին նպաստող խմբեր, որոնք պետք է միավորվեն կամ իրենց աշխատանքը կոորդինացնեն ըստ ընտրական օկրուգի, շրջանի, քաղաքի։ Այդ խմբերը պետք է ժամանակին կազմակերպեն տեղամասին ընտրական հանձնաժողովների թեկնածուների առաջադրումը, պայքարեն նրանց հաստատման համար, կազմակերպեն իրոք ժողովրդական դեպուտատների թեկնածուների առաջադրմումը, գրանցումը, ըստ օկրուգների, ճիշտ տեղաբաշխումը, նրանց նախընտրական կամպանիայի անցկացումը, քվեարկության օրը ընտրական տեղամասերի վերահսկողությունը։
2. Ընտրությունների կազմակերպման հանրապետական ժողովրդականշտաբի եւ կոնսուլտացիոն բյուրոյի ստեղծում՝ մշտական հերթապահությամբ։
3. Քաղաքային, շրջանային, օկրուգային նախընտրական միտինգների կազմակերպում, ինֆորմացիոն թռուցիկների տարածում։
Կարծում եմ այնպիսի ժամանակներ են, որ կարելի է ասել՝ մենք կունենանք այն իշխանությունը, որին արժանի ենք։ Մեր ապագան մեր ձեռքում է եւ չպետք է հույս դնել ինչ-որ արտաքին ուժերի վրա։ Եթե ձախողվենք, մեղավոր ենք միայն ու միայն մենք։
Էդուարդ Եգորյան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, գիտ․ թեկնածու
Հայք N 6, Մարտ 1990 (ամբողջական համարը տե՛ս այստեղ)
hambardzum.am