Բրյուսելն ընդունեց պաշտոնական Երևանի «և-և»-ը

Երկու տարի առաջ տապալված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրից հետո Եվրոպական միությունը Հայաստանի առջև այլևս «կամ-կամ»-ի հարց չի դնում։ Այս մասին պարզ դարձավ երեկ Երևանում անցկացված Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի ընթացքում, որը համանախագահում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը։

Կոմիտեն, որի առավել հետաքրքիր քննարկումները փակ ռեժիմով անցկացվեցին, անդրադարձել է ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Ըստ օրակարգի, նիստի ընթացքում քննարկվել է նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը։

Կարեն Ճշմարիտյանն իր բացման խոսքում հիշեցրեց, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպական միության խորհուրդը ԵՄ-ին մանդատ տրամադրեց` Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Նրա խոսքով` բանակցությունների մեկնարկը նախատեսվում է մինչև տարեվերջ, ապագա համաձայնագիրը նախատեսվում է, որ կփոխարինի ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին ներկայումս գործող համաձայնագրին` նպատակ ունենալով դառնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության երաշխիքը։

«2014թ. ընթացքում եվրոպական կողմի հետ բանակցություններ են տարվել այդ համաձայնագրում ներառվելիք ոլորտների շրջանակների ուրվագծման ուղղությամբ»,- ընդգծեց նախարարը` տեղեկացնելով, որ Հայաստանի բոլոր գերատեսչություններն առաջարկություններ ունեն ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների վերաբերյալ և դրանք կներկայացնեն նիստի ընթացքում։ Նա հատկապես կարևորեց GSP+ ծրագիրն ու ապագայում կնքվելիք «Հորիզոն 20 20» և «Կոսմե» ծրագրերը, ապա նաև տեղեկացրեց, որ ԵՄ-ն նախատեսում է այլ ծրագրի շրջանակում տրամադրել 15 միլիոն եվրոյի չափով գումար։

Կարդացեք նաև

«ՀՀ-ն ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրին»,- ասաց նա։ Հետաքրքրական էր նաև Վիգանդի ելույթը, ով իր խոսքում անդրադարձավ ոչ միայն ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այլև Հայաստանում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումներին։ Նրա խոսքով` իրենք իրենց հայ գործընկերների հետ քննարկումներ են անցկացնում ժողովրդավարության, լավ կառավարման հարցերի շուրջ։ «Մենք իրականացնում ենք կոնսուլտացիաներ, որ սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն անցկացվի ավելի արդյունավետ ու բարձր մակարդակով»,- ընդգծեց ԵՄ ներկայացուցիչը։

Հատկապես ուշագրավ էր նրա զրույցը լրագրողների հետ։ Հարցին, թե սահմանադրական հանրաքվեի հնարավոր խախտումներն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀ-ԵՄ համագործակցության վրա, նա պատասխանեց, որ չպետք է ենթադրել, որ ինչ-որ բան պետք է կեղծվի։

«Մենք գիտենք, որ այս երկրում հանրաքվեն անցկացվելու է ժողովրդավարական սկզբունքների համաձայն` ելնելով Հայաստանի Ընտրական օրենսգրքի պայմաններից։ Այս հանրաքվեն պետք է իրականացվի ըստ միջազգային չափանիշների, որոնք հայտնի են։ Մեր գործը չէ` կանխատեսել, թե ինչպիսին կլինի հանրաքվեն, մեր գործը հետևյալն է` երբ այն տեղի կունենա, մենք կարող ենք գնահատել և կարծիք հայտնել դրա վերաբերյալ, չենք կարող նախապես ասել` կկեղծվի՞, թե՞ ոչ։ Մենք ունենք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որն իր եզրակացություններն է արել։ ԵՄ-ում ունենք և՛ նախագահական կառավարման համակարգ, և՛ խորհրդարանական, կան նաև երկրներ, որոնք հանրապետություններ չեն, բայց ունեն լավ ժողովրդավարություններ։ Մենք գիտենք, որ Ձեր մոտ նման փոփոխություններ են նախատեսվում, ունենալով երկու համակարգերը` չենք կարող ասել` ո՞րն է լավ, ո՞րն է վատ, կարևորը` լավ կառավարվի»,- նման տեսակետ հայտնեց ԵՄ ներկայացուցիչը` շարունակելով, թե կարևոր է, որպեսզի սահմանադրական բարեփոխումները երկիրը տանեն կայունության, արդարության, ազատության, հիմնարար ազատությունների պահպանման ուղղությամբ։

Խոսելով ՀՀ-ԵՄ ապագայում կնքվելիք համաձայնագրի մասին, Գունար Վիգանդն ասաց, որ այն ընդլայնված ու խորն է լինելու։ Նա նշեց, որ իրեն մի քանի տարի առաջ ևս հարցնում էին, թե երբ է ստորագրվելու Ասոցացման համաձայնագիրը։ Սակայն, ըստ նրա, փաստաթուղթը երեքուկես տարի բանակցեցին և չստորագրեցին։

«Բայց այս անգամ մենք ցանկանում ենք բանակցել ու ստորագրել։ Միշտ էլ հաճելի չէ ստանալ հարց բանակցությունների ստորագրման մասին, քանի որ լավ չէ, երբ կան ժամանակային ճնշումներ։ Մենք ցանկանում ենք ունենալ լավ և կայուն համաձայնագիր։ Իմ գործընկեր Լյուկ Դիվինիեն պետք է բանակցի առևտրային և ներդրումային նախապայմանները։ Դա լինելու է կարևոր համաձայնագիր, քանի որ ունենալու է շատ լայն շրջանակ և խորացված տեսք։ Ես չեմ տեսնում լուրջ փոփոխություններ արտաքին, ներքին քաղաքականությունում, տնտեսական և ոլորտային համագործակցության ոլորտում։ Բայց, այո, փոփոխություններ լինելու են առևտրի և ներդրումային քաղաքականության մեջ, որովհետև դա առաջնահերթ ուղղություն է, քանի որ հարգում ենք Հայաստանի որոշումը` միանալ ԵՏՄ-ին»,- ասաց Վիգանդը։

Հարցին, թե այս անգամ ակնկալո՞ւմ է արդյոք ռուսական միջամտություն, նա պատասխանեց` կտրուկ` ոչ։ «Չենք սպասում, քանի որ մենք գիտենք, որ Հայաստանը խորհրդակցում է իր ԵՏՄ գործընկերների հետ, ինչպես Ղազախստանն է անում, որի հետ մենք բանակցել ենք համաձայնագիր։ Գործընկերները պետք է հարգեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են։ Մենք «կամ-կամ»-ի իրավիճակում չենք»,- ընդգծել է Վիգանդը։ Միևնույն հարցին է պատասխանել Կարեն Ճշմարիտյանը ևս, ասելով` «Ոչ, որոշողը մենք ենք»։

«168 Ժամի» հետ զրույցում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ եվրոպական կողմը ենթադրում է, որ բանակցությունների մասնակից կողմերը սկսում են իրենց աշխատանքները բարեխղճորեն։ «Այսինքն` երբ մենք որոշում ենք նստել միմյանց հետ և բանակցել, ապա մենք դա անում ենք` նպատակ ունենալով հասնել եզրափակիչ արդյունքի` համաձայնագրի։

Այսպիսով, կարծում եմ, որ կբանակցենք բարեխղճորեն և կհասնենք արդյունքի, որը երկու կողմի համար էլ ընդունելի կլինի»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ապագա համաձայնագրի բովանդակությանը և հայաստանյան փորձագետների հորդորներին, թե պետք է վերցնել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը և ապագա համաձայնագրի համաձայնեցման բանակցությունների վրա ժամանակ չվատնել, դեսպանն ասաց, որ ԵՄ-ն քննարկել է այդ տարբերակը, որից հետո կազմակերպել և իրականացրել է շրջանակավորման վարժություն` հայկական կողմի հետ։

«Մենք անցել ենք Ասոցացման համաձայնագրով և որոշել ենք այն բաժինները, որոնք կարող են վերցվել համաձայնագրից առանց փոփոխությունների, որոշակիացվել են նաև հատվածները, որոնք պահանջում են հավելյալ ջանքեր նոր իրավիճակի պատճառով, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Կարծում եմ, որ, ինչպես երևաց այսօր եվրոպական կողմից, մենք խորապես համոզված ենք, որ նոր համաձայնագրի համար Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը պետք է վերցվի այնպես, ինչպես բանակցվել է Վիլնյուսից առաջ»,- հստակեցրեց դեսպան Սվիտալսկին։

Վերջինս նաև ասաց, թե դժվար է ասել` երբ փաստաթուղթը ստորագրման համար պատրաստ կլինի։ Ըստ նրա` դեռ պետք է տեսնեն, թե ինչպես կընթանա բանակցությունների առաջին փուլը, ինչպիսին կլինի աշխատանքի դինամիկան։ «Այսօր կոմիտեի նիստն է, ԵՄ-ն առաջարկել է բանակցությունների կառուցվածք և ռիթմ, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ մենք կկարողանանք լուծել օրակարգային հարցերը»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Փաստորեն, Բրյուսելն ի վերջո ընդունեց պաշտոնական Երևանի բոլոր առաջարկները։ Երկու տարի առաջ կայացած ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ, երբ Հայաստանի ԵՏՄ անդամակցության և Ասոցացման համաձայնագրին միանալու հարցը հստակեցված չէր, ԵՄ պաշտոնյաները մերժում էին «և-և»-ի քաղաքականություն վարելու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը։

Ավելին, 2013թ. դեռևս հունիս ամսին Սերժ Սարգսյանը Լեհաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ-ն աշխատում է ոչ թե` «կամ-կամ» սկզբունքով, այլ` «և-և»-ի, որին ի պատասխան` Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին ասել էր. «Դուք չեք կարող միաժամանակ լինել երկու գոտում, Հայաստանը պետք է ընտրի»։ 2013թ. սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո ՀՀ իշխանությունները Եվրոպական միությանը նաև առաջարկեցին ստորագրել երեքուկես տարի բանակցված և արդեն իսկ նախաստորագրմանը պատրաստ Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական հատվածը։ Սակայն այս առաջարկը ևս ընթացք չստացավ։

Երկու տարի անց Երևանում Գունար Վիգանդը հայտարարում է, որ իրենք «կամ-կամ»-ի իրավիճակում չեն, ավելին, հասկանում են, որ Հայաստանը խորհրդակցություններ է անցկացնում նաև Ռուսաստանի հետ, ինչը ԵՄ ներկայացուցիչներին ենթադրելու առիթ է տալիս, որ Ռուսաստանը չի խոչընդոտի ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի ստորագրմանը։

Ներկայումս հայտարարությունների մակարդակում ակնհայտ է դառնում, որ Եվրոպական միությունը հասկացել է Հայաստանի աշխարհաքաղաքական իրողությունները և մնում է, ընդունելով Հայաստանի առաջարկները, վերջնական տեսքի բերել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը մեկ այլ անվան ներքո։ Իսկ կհաջողվի՞ արդյոք ստորագրել թարմացված Ասոցացման համաձայնագիրը, պարզ կդառնա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս