Քաղաքական «ջիհադի» սկզբունքը՝ «անհապաղ հեռացեք»-«100 տոկոս էլ ստանաք, չենք հեռանա». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Տվյալ երկրում որեւէ գաղափարախոսության «կիրառելիությունը» ստուգելու համար անհրաժեշտ են քիչ թե շատ արդար ընտրություններ: Այս կամ այն գաղափարների կողմնակիցները պետք է քաղաքացիներին համոզեն, որ դրանք կլուծեն պետության առաջ կանգնած խնդիրները, այդպիսով ստանան ընտրողների քվեն, որից հետո փորձեն այդ գաղափարներն իրականացնել: Եթե դրանք սխալ գաղափարներ էին, կամ իրականացումը չի ստացվել, ապա հաջորդ ընտրություններին քաղաքացիները ձայն կտան այլ գաղափարների եւ իրականացնողների:
Ենթադրենք, 90-ականների առաջին կեսին ՀՀՇ-ն դավանում էր ազատական գաղափարներ, ձեւավորվում էր «աջ ուժերի միություն», արտահայտում էր «նորաստեղծ» բուրժուազիայի, գործատուների շահերը եւ այլն: Տեսականորեն հրաշալի ծրագիր է: Բայց դրա արդյունավետությունը փորձարկելու համար պետք էր ստանալ ընտրողների քվեների մեծամասնությունը: Քանի որ դա տեղի չունեցավ, ոչ լիբերալները, ոչ նրանց հետ տեսականորեն մրցակցող սոցիալ-դեմոկրատները, ոչ ազգայնականները, ոչ էլ հասարակությունը այդպես էլ չհասկացան, թե որ գաղափարներն են աշխատում: Եվ դրանից հետո սկսեց աշխատել միայն մի սկզբունք՝ քաղաքական «ջիհադի» սկզբունքը՝ «անհապաղ հեռացեք»-«100 տոկոս էլ ստանաք, չենք հեռանա»:
Բայց 95-ին Կարամելի Հարութին եւ Կոմբիկերի Վլադին ազատականությունը նույնքան էր հետաքրքրում, որքան հիմա Շմայսին եւ Թոխմախի Մհերին հուզում է նժդեհականությունը:
Երբ չկա գիտակցական ընտրություն կատարելու հնարավորություն, մարդիկ ղեկավարվում են բնազդներով, իսկ այդ դեպքում մարդիկ դառնում են զանգված, որը կարող է գնալ ամեն մի անհեթեթության հետեւից եւ ենթարկվել (ժամանակավորապես, իհարկե) ամեն մի դատարկ ամբոխավարի «հրահանգներին»: Զանգվածին գաղափարներ պետք չեն, զանգվածին պետք է «ջիհադ»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: