«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է նաև միջազգային հանրության տրամադրվածությունը». Վահրամ Տեր-Մաթևոսյան

«Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգը խոստանում է լեցուն լինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը` անդրադառնալով Թուրքիայում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգին:

Նա նախ՝ նշեց, որ մի քանի գործոններ պայմանավորեցին Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքները: Ըստ նրա` առաջին հերթին՝ կար մի քանի ամիս շարունակվող քաղաքացիական պատերազմ, ինչը չէր կարող անտարբեր թողնել թուրք հասարակությանը, երկրորդ` քաղաքացիական պատերազմը նյութականացավ, քանի որ կոալիցիոն կառավարություն չունենալու հեռանկարը հանգեցրեց տնտեսական որոշակի խնդիրների, որոնց հետևանքով թուրքերը սկսեցին տեսանելիորեն վատ ապրել, երրորդ` մեծ էր միջազգային և տեղական ֆինանսական կառույցների ճնշումն Էրդողանի նկատմամբ, որպեսզի նա զիջումների դիմեր, այնինչ զիջումների կարիք, որպես այդպիսին, չեղավ, չորրորդ` Թուրքիայում այդ շրջանում կար ինչպես՝ քրդական, այնպես էլ՝ «Իսլամական պետության» գործոնը, ուստի թուրք ժողովուրդն իշխող կուսակցության օգտին քվեարկեց, որպեսզի նա կարողանա ետ բերել երկրի կայունությունը:

«Էրդողանին և Դավութօղլուին հաջողվեց հասարակությանը հասցնել կարևոր ուղերձ, որի արդյունքում նրանց մոտ կարոտախտ ձևավորվեց երբեմնի կայուն զարգացման փուլի նկատմամբ»,- նկատեց Վ. Տեր-Մաթևոսյանը:

Վերջինս կարևորեց նաև Թուրքիայի հետընտրական անակնկալը: «Ողջ լրատվադաշտը և վերլուծական կենտրոնները, քաղաքական գործիչներն իրենց զարմանքն են հայտնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ինչ-որ բան փոխվեց Թուրքիայում երկու օր առաջ, ինչ-որ գործընթաց սկսվեց, որը ոչ ոք չէր սպասում: Այս ընտրությունները կարծես պետք է լինեին ամենաձանձրալի ընտրություններն, այնինչ դարձան ամենաինտրիգայինը` շատ ավելի հարցեր լուծելով, քան առաջ քաշելով, ինչպես թվում էր: Մինչ ընտրությունները տպավորություն էր ստեղծվում, որ Թուրքիան թևակոխելու է անկայունության մեկ այլ փուլ, այնինչ Թուրքիան հնարավորություն ստացավ կոնսոլիդացնել իշխանությունը և ետ բերել այն, ինչ կորսվել էր վերջին ամիսների ընթացքում»,- մեկնաբանեց Տեր-Մաթևոսյանը:

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է ներքին քաղաքականությանը, բայց այն նաև որոշակիորեն ավտոնոմ գործող գործընթաց է: Նրա փոխանցմամբ` կան մի քանի օրակարգային հարցեր, որոնց Թուրքիան ավելի մեծ ուշադրություն կդարձնի՝ որոշ առումով ավելի անզիջում դիրքերից:

«Իհարկե, այդ ցանկում սիրիական ճգնաժամն է, այստեղ Էրդողանը հակված կլինի զիջումների տրամադրությունը կամ հակվածությունը վերանայելուն: Եթե նախկինում հակված էր, որպեսզի Ասադը մասնակցի նոր իշխանության ձևավորման գործընթացին, ապա գուցե հակված լինի ավելի կոշտ դիրքերից հանդես գալ այդ հարցում: Մյուսը փախստականների խնդիրն է, ապա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարվել են, թուրք-ամերիկյան հարաբերությունները, ԵՄ-ի հետ հարաբերությունները: Թուրքիայի քաղաքական օրակարգը խոստանում է ոչ պակաս լեցուն լինել, քան մինչ այս ընտրությունների նախաշեմը»,- մեկնաբանեց նա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ վերլուծաբանի, հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում կշարունակեն ունենալ զրոյական կարևորություն՝ առնվազն տեսանելի քաղաքական օրակարգում:

«Քանի դեռ այդ հարաբերությունները չեն բերվել քաղաքական օրակարգ, ապա կշարունակեն մնալ այնպես, ինչպես կան: Մյուս կողմից էլ՝ մինչև 2019թ. Թուրքիան չունի համապետական ընտրություններ: Եթե հաշվի չառնենք հնարավոր սահմանադրական հանրաքվեն, որը Թուրքիայի իշխանությունները կարող են իրականացնել, ապա, կարծես թե, եթե լինի անհրաժեշտ քաղաքական կամք, ապա Թուրքիան կարող է հայ-թուրքական հարաբերություններում որոշակի վերանայված մոտեցումներ ցուցաբերել, որի արդյունքում այդ հարաբերությունները կարող են վերադառնալ օրակարգ: Բայց, անկեղծ ասած, դրա համար միայն Հայաստանի և Թուրքիայի քաղաքական կամքը բավարար չէ, պետք է նաև միջազգային հանրության տրամադրվածությունը, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը ետնաբեմում գտնվող հարց չլինի, որպեսզի դրանցով զբաղվեն, և միայն այդ դեպքում կարելի է ինչ որ բան ակնկալել»,- իր կարծիքը հայտնեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս