«Դեպքեր են եղել, երբ 50 կգ խաղողի դիմաց մի շիշ կոնյակ են փորձել տալ գյուղացուն». Հրաչ Բերբերյան
Հարցազրույց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ
– Օրեր առաջ Կառավարության նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ հակակարկտային կայաններն այդքան էլ արդյունավետ չեն, աշխարհում վաղուց հրաժարվել են նման կայանների ծառայություններից: Նա նշեց, որ պետք է հրաժարվել նման կայաններից, և առաջարկեց ցանցային պաշտպանության մեխանիզմը: Արդյոք հակակարկտային կայաններն անարդյունավե՞տ են, և ցանցային մեխանիզմն իրո՞ք 100 տոկոսանոց պաշտպանություն է երաշխավորում, ինչպես նշում է գյուղնախարարը:
– 10 տարի շարունակ պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսել 400 սարք ձեռք բերելու համար: Մենք հենց առաջին տարին ենք ասել, որ դրանք ոչ էֆեկտիվ սարքեր են, հատկապես, երբ ացետիլենային համակարգը փոխարինում ես բութանային համակարգով: Սկզբում, երբ Արգենտինայից հակակարկտային սարքեր էին ներկրվելու, որոնք աշխատում էին ացետիլենային համակարգով, ես հանձնաժողովի անդամ էի, բայց գրել էի՝ քանի որ սարքերի աշխատանքին ծանոթ չեմ, դեմ եմ դրանց՝ մինչև փորձարկում չանցնեն Հայաստանում, բայց ինձ չլսեցին ու 1 մլն դոլար ծախսեցին այդ սարքերի համար: Ես գիտեի, որ Եվրոպայում վաղուց այդ սարքերը չեն գործածվում, որովհետև իրենց չեն արդարացրել: Բութանի ու ացետիլենի տարբերությունը, որպես ազդող նյութ, հսկայական է: Թե ո՞ր խելոքը որոշեց անցնել բութանին՝ այդպես էլ չհասկացանք, միգուցե բութանի վաճառքն ավելի՞ ձեռնտու էր, քան ացետիլենինը: Բութանը չի կարող 8 կմ բարձրանալ և ազդել, որ բյուրեղացում չլինի, իսկ ացետիլենը բարձրանում է և չի թողնում, որ ջուրը բյուրեղանա, այսինքն՝ կարկուտի փոխարեն՝ պետք է անձրև գա: Բայց մեկ է՝այդ սարքերը ցածր էֆեկտիվություն ունեն:
Լուրջ կառույցներ կան, որոնք պայքարում են, որպեսզի այդ սարքերը շարունակեն մնալ գործածության մեջ, քանի որ արդեն այստեղ են սկսել զբաղվել դրանց արտադրությամբ: Շահագրգիռ կողմ կա, բայց կառավարությունը դադարեցրեց այդ սարքերի ձեռքբերման ֆինանսավորումը: Հակակարկտային ծառայության աշխատակիցների աշխատանքը բավարար է, բայց սարքերն անորակ են: Քանի որ այդ կազմակերպությունը ծառայություն է մատուցում գյուղատնտեսությանը, կարող է կամաց-կամաց անցնել տնտհաշվարկի, ոչ թե բյուջեից աշխատավարձ ստանալ և վատնել այդ գումարները: Թող գյուղապետերի կամ գյուղացիների հետ պայմանագիր կնքեն, որպես ծառայություն՝ տրամադրեն նրանց: Ինչ վերաբերում է ցանցային համակարգին, ապա այն երաշխավորում է 100%-անոց էֆեկտիվություն, տարածված է Եվրոպայում, ու որևէ կարկուտ բերքին չի վնասի: Բացի այդ, 2-3 աստիճանով պահպանում է, որ ցրտահարություն չլինի:
– Պարոն Բերբերյան, այս տարի կարտոֆիլի բերքատվության ցուցանիշն ինչպիսի՞ն է: Վերջերս թերթերից մեկը, անդրադառնալով գյուղնախարարի այն հայտարարությանը, թե Գեղարքունիքի մարզում 1 հեկտարից մոտ 60 տոննա կարտոֆիլ են ստացել, գրել էր. «Գյուղատնտեսության նախարարը, իհարկե, կշեռքը ձեռքին չի կշռում հեկտարից ստացված բերքը, և այդ թվերը նրան ասում են, կամ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ «հավաստիացնում են» մարզպետարանից: Մարզպետարանում էլ կշեռքն առած չեն ընկնում դաշտերը ու այդ թվերը ստանում են գյուղապետարաններից: Գյուղապետարաններն էլ թիվ է, որ կրակում են»:
– Այս տարի կարտոֆիլի համար ծանր տարի էր, որովհետև ունեցանք 60-65 օր երաշտ, բայց, չնայած դրան, ի ուրախություն մեզ, հիմնական կարտոֆիլը ցանվել էր ոռոգելի հողերում, միայն Լոռու տարածքում ունեինք անջրդի կարտոֆիլ, բայց այնտեղ էլ անձրևների քանակը մի փոքր ավելի շատ է, հողի խոնավությունը երկար էր պահվել, և ունեցանք բերք, ինչը չի կարելի ասել Շիրակի մարզի մասին, որտեղ 10-15% բերքի կորուստ ունեցանք: Գեղարքունիքի մարզում կլիման ավելի մեղմ էր, երաշտն իր գործը, ճիշտ է, արել էր, բայց ոռոգելի դաշտը երաշխավորված բերք է, այսինքն՝ կայուն բերքն ապահովված էր: Կարտոֆիլով ինքնաբավ ենք:
Նախարարը Գեղարքունիքում հայտարարում է, որ կոնկրետ այս հողում կա 60 տոննա բերք, թերթերից մեկը թիվը վերածում է հանրապետականի, իսկ հանրապետական միջինը 60 տոննայից 3 անգամ պակաս է, այսինքն՝ չի կարելի մի ֆերմերի բերքը բերել հանրապետականի հետ համեմատել: Այդ լրատվամիջոցը գրում է, որ մենք միջին բերքատվությամբ մոտ 10 տոննայով անցել ենք Հոլանդիայից. դա խայտառակություն է: Մենք միշտ քննադատել ենք Գյուղնախարարությանը, ու իրենց առաջին թշնամին ես եմ, բոլորը դա գիտեն, բայց այդ ֆերմերը մեր միավորման անդամ է, և այո, այդ հողակտորում եղել է 60 տոննա բերք, իսկ հողակտորը 3 հա է եղել:
Կարտոֆիլի հետ կապված պետք է նաև նշեմ, որ կառավարության հետ մշակել ենք ծրագիր. 3 տարով հազարական տոննա էլիտար ենք ներկրելու (a և b դասի սերմացուներին հաջորդում է էլիտարը): Նպատակ ունենք կայուն սերմարտադրություն ստեղծել Հայաստանում: Այս տարի պայմանավորվածություն ունենք 10 հազար տոննա արտահանել ՌԴ: Շատ եմ ցավում, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը վարչապետի հանձնարարականից հետո մեզ գումար չհատկացրեց՝ մեկնաբանելով, որ կարտոֆիլի արտահանումն Էկոնոմիկայի նախարարության ֆունկցիաների մեջ չի մտնում, և իրենք պահածո են արտահանում: Ես դիմում եմ պարոն Կարեն Ճշմարիտյանին՝ թող իր տեղակալներին կարգի հրավիրի և հասկացնի, որ կարտոֆիլի արտահանումն էլի արտահանում է, ու մեր երկրի համար է, ոչ թե մեզ նամակ գրեն, որ իրենք փոքր բիզնեսն են ֆինանսավորում, իսկ կարտոֆիլը փոքր բիզնեսի մեջ չի մտնում: Կարելի է ստուգել՝ տեսնել, թե այն գումարները, որ կառավարությունն արտահանման համար տալիս է Էկոնոմիկայի նախարարությանը, ո՞ր ուղղությամբ են ծախսվում. շատ հետաքրքիր է:
Եթե կարտոֆիլի արտահանումը չի խթանվում, բա ի՞նչն եք խթանելու: Ծիրանի արտահանումը չենք ուզում ավելացնել, որովհետև այդ ծրագրի մեջ չի մտնում, լավ, բա մինչև հիմա գինեգործներին ինչո՞ւ չկարողացաք խթանել, որ շուկայի 50 տոկոսը կորցրել ենք, և այսօր մենք լուրջ վտանգ ենք տեսնում՝ հաջորդ տարի խաղողի գնումների հետ կապված ձախողման:
– Բայց այս տարի էլ խաղողի գնումը բավականին մեծ խնդիր առաջացրեց: Գյուղացուց խաղողը պարտքով են գնում, ու պարզ չէ՝ մի քանի ամսից կվճարե՞ն, թե՞ ոչ:
– Այստեղ մենք մտահոգված ենք: Գումարի պայմանագրային մասը վճարվել է, բայց մի մասն էլ առիթից օգտվեց, 70, 80, 100 դրամով գնեց խաղողը: Նույնիսկ դեպքեր եղան, երբ կոնյակով փորձեցին փոխանակել խաղողը: Այդ դեպքերն էլ շատ լավ գիտենք, որ ասում են՝ արի 50 կգ խաղողի դիմաց մի շիշ կոնյակ տամ: Գյուղացին օրենքով պաշտպանված չէ, և կփորձեն թալանել այն մարդուն, ով օրենքով պաշտպանված չէ: Ընդհանրապես, այս խնդիրները լուծելու համար պետք է գյուղմթերք արտադրողների մասին օրենքը, վերջիվերջո, ընդունենք: Բայց այս պառլամենտի հետ որևէ հույս չեմ կապում: