«Խորհրդարանական համակարգը կայուն ժողովրդավարության հնարավորություն է, սակայն կայունությունը ձևավորվում է իշխանությունից». հույն վերլուծաբան

«Խորհրդարանական կառավարման համակարգը տալիս է կայուն ժողովրդավարության հնարավորություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հույն դասախոս, Լիոնի համալսարանի գիտաշխատող, հեղինակավոր հույն քաղաքական, տնտեսական, իրավական վերլուծաբան Նիկոս Լիգերոսը՝ անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին և կառավարման համակարգի տեսակի կարևորությանը ժողովրդավարության զարգացման գործընթացում:

Նա նշեց, որ մարդիկ են ստեղծում կառավարման համակարգերը և ոչ հակառակը: Լիգերոսը տեղեկացրեց, որ Հունաստանում մարդիկ ապրում են խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում և այն համարում են ժողովրդավարական կառավարման ձև, քանի որ մարդիկ ավելի մեծ իշխանություն և ազատություններ ունեն: Սակայն նա միևնույն ժամանակ նշեց, որ համակարգի արդյունավետությունն իրականում կախված է կուսակցությունից, նրանց հուսալիությունից և միմյանց հետ համագործակցությունից:

«Այս համակարգով մենք կարող ենք շատ բան անել մարդկանց համար և ոչ հրամայական կերպով, պարզապես կա շատ ավելի մեծ ազատություն նորարարական գաղափարներ արտահայտելու համար: Մյուս կողմից պետք է շատ ավելի հետևողական լինեք Ձեր ընտրություններում, եթե ցանկանում եք ունենալ ռազմավարություն ազգային մակարդակով»,- նշեց նա: Հույն վերլուծաբանն ասաց, որ նոր Սահմանադրությունն ավելի ժողովրդավարական տեսլական է ենթադրում երկրի ապագայի համար, այսինքն` դա հնարավորություն է զարգացնել ազատությունը:

«Բայց արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է ռազմավարություն, քանի որ հնարավորությունը դեռ իրողություն չէ: Սահմանադրությունն ունի մի շարք հնարավորություններ, բայց մարդկանցից է կախված դրանցով հաջորդ իրականությունը ստեղծելը»,- ասաց նա` շարունակելով, որ այս համակարգով երկիրը կարող է ունենալ կայուն ժողովրդավարություն, սակայն այդ կայունությունը ձևավորվում է իշխանությունից:

 

Տեսանյութեր

Լրահոս