
«Մարդիկ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց տվյալները հասանելի են երրորդ անձանց». Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով «Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հրապարակած Աշխարհի երկրներում ինտերնետի ազատության 2015 թվականի զեկույցին, որով Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքին, ասաց, որ զեկույցը երրորդն է Հայաստանի վերաբերյալ, և, ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ այնտեղ դեռ ոչ բոլոր երկրներն են ընդգրկված. «Երեք տարվա ընթացքում մեր դիրքերը մի փոքր բարելավել ենք և ինչ-որ առումով ազատ ինտերնետի շեմին ենք: Զեկույցն արվում է բավականին խիստ մոտեցումներով:
Ցանցից օգտվողների քանակը գնալով ավելի աճում ու տարածվում է: Աճում է նաև բջջային հեռախոսներից օգտվողների թիվը, բջջային հեռախոսներից ինտերնետ մտնողների թիվը, մեզ մոտ նաև սակագներն են ցածր: Սա բազիսայինն է, ինչը թույլ է տալիս համացանցում ստեղծել կարծիքների փոխանակում: Մյուս դրական փաստը դիտվել է այն, որ չնայած ավանդական մամուլը խնդիրներ ունի (տարբեր զեկույցներով Հայաստանը չի դասվում ազատ երկրների մեջ), զեկույցում ասվում է, որ ընդհանուր մամուլի վրա իշխանությունների ազդեցությունն ազդում է նաև ցանցային մամուլի վրա, բայց մյուս կողմից՝ ցանցային մամուլը շատ ավելի բազմազան է, գումարած՝ սոցիալական ցանցերում մեծ քանակի ակտիվ օգտատերեր կան, որոնք հանդիսանում են կարծիքի ձևավորողներ, և Հայաստանն այն ոչ շատ երկրների շարքում է, որտեղ ցանցային ակտիվիստները չեն հետապնդվում»:
Մեդիափորձագետի կարծիքով՝ հաջորդ զեկույցի վրա կարող է ազդել մի բացասական երևույթ. «Հայաստանը, երբ անդամակցեց ԵՏՄ-ին, ստորագրեց մի շարք պայմանագրեր, որոնցից մեկը վերաբերում է նրան, որ Հայաստան և ամբողջ ԵՏՄ տարածք արգելվում է ներմուծել ինչ-որ տիպի կրիպտոգրաֆիկ, այսինքն՝ գաղտնագրող, մի շարք սարքավորումներ և ծրագրային ապահովում: Խնդիրն այն է, որ առ այսօր չկարողացանք պարզել, թե ինչ տիպի սարքերի ու ծրագրերի մասին է խոսքը: Կային հրապարակումներ, ըստ որոնց` նույնիսկ հասարակ պլանշետ ներմուծող որոշ ընկերություններ ունեցել էին խնդիրներ, որովհետև մաքսատանը լավ չէին հասկանում՝ ինչը կարելի ներմուծել, ինչը՝ ոչ: Հաջորդ զեկույցի վրա կարող է այս կետն ազդեցություն ունենալ, քանի որ օրենսդրական անորոշությունը միշտ դիտվում է՝ որպես բացասական երևույթ: Գաղտնագրման արգելափակումը նշանակում է՝ հնարավոր գաղտնալսումների կիրառում»:
Ըստ նրա՝ ընդհանուր իրավիճակը ստաբիլ-նորմալ է դիտարկվում Հայաստանում։
Ս. Մարտիրոսյանը կարևորեց նաև ամռանն ընդունված Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը , քանի որ, ըստ նրա՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը տխուր վիճակում է. «Մարդիկ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց տվյալները հասանելի են երրորդ անձանց»: