«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ը ներկայացրել է 2-րդ փուլի հաշվետվությունը

ՀԷՑ-ում և էներգետիկ ոլորտում ուսումնասիրություն իրականացնող «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2-րդ փուլի հաշվետվությունը: Հայաստանի և Երևանի գեղատեսիլ պատկերներով զարդարված փաստաթղթում նախազգուշացվում է, որ այս հաշվետվության օգտագործողները որոշումներ կայացնելիս հիմք չընդունեն բացառապես ընկերության աշխատանքի արդյունքները, այլ օգտագործեն դրանք միայն ընդհանուր վերլուծության շրջանակներում: «Այդպիսով, մեր աշխատանքը չի փոխարինում այլ վերլուծական գործընթացները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ՀՀ կառավարությանը և ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման հետագա քայլերը որոշելու համար»,- նշել են հեղինակները:

ՀԾԿՀ որոշումների թափանցիկության մեծացման համար ընկերությունն առաջարկում է մանրամասնորեն մշակել կարգավորողի կողմից սակագնային որոշումների կայացման բացահայտման ալգորիթմը՝ նրա գործունեության թափանցիկությունը մեծացնելու նպատակով: Որպես առաջնահերթություն՝ ստեղծել ընկերությունների կողմից հայտերի ներկայացման բաց և հասկանալի համակարգ, կարգավորողի կողմից կատարվող ճշգրտումների տրամաբանական հիմնավորմամբ:

Կարգավորվող ընկերությունների ծախսերի բենչմարքինգի գծով առաջարկում են՝

  • Սահմանել ծախսերի հիմնական տեսակների առավելագույն մակարդակը ողջ շղթայի համար՝ «արտադրություն-հաղորդում-առաքում և սպառում» մինչև հաջորդ սակագնային ժամանակաշրջանի սկիզբը
  • Մշակել նորմատիվային ցուցանիշների միասնական համակարգ (բենչմարկինգ) ողջ աշխարհում գործնականորեն ընդունված խթանող կարգավորման ներդրման շրջանակներում
  • Սակագինը և/կամ դրա առանձին բաղադրիչները (ծախսերի մակարդակը, շահութաբերության նորմը, ներդրումները) սահմանել 3-5 տարի ժամկետով
  • Ապահովել ընկերությունների ծախսերի վերահսկողություն՝ դրանց նվազեցմանն ուղված նպատակային նորմատիվների սահմանման միջոցով:

Էլեկտրաէներգիայի կորուստների վերաբերյալ առաջարկում են՝ ՀԷՑ-ի և «Էներգետիկայի» ԳՀԻ հետ մեկտեղ համաձայնեցնել տեխնիակական և առևտրային կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների իրագործման օպտիմալ ժամանակացույց՝ հաշվի առնելով ՀԷՑ-ի ֆինանսական դրությունը ՀԾԿՀ աշխատանքի որակի բարելավման համար, ըստ ընկերության, հարկավոր է նախատեսել ՀԾԿՀ բյուջեի ուղղակի ֆինանսավորում շուկայի մասնակիցների կարգավորման վճարներից:

Կարդացեք նաև

«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ի մասնագետները հաշվարկել են, որ 2005թ. ի վեր էներգիայի հաշվառման համակարգի շարունակական թարմացման արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցերում կորուստների մակարդակը նվազել է գրեթե քառորդով: Այսօր դրանց մակարդակն ընդամենը 2–3%-ով է բարձր ԱՊՀ-ի միջին ցուցանիշից: Ամենաբարձր կորուստները դիտվում են Հայաստանի արևմուտքում (17%-ից ավելի), իսկ ամենացածր կորուստների մակարդակը դիտվում է Սյունիքի, Լոռու և Կոտայքի մարզերում: Ճեղքվածքի մնացած մասի կրկնակի կրճատումը հնարավոր կլինի ՀԷՑ-ի ղեկավարության կողմից մշակված 26 մլրդ դրամ արժողությամբ եռամյա ներդրումային ծրագրի միջոցով: Սակայն Ընկերության ծանր ֆինանսական վիճակի պայմաններում դրա գործարկումը հետաձգվում է անորոշ ժամանակով:

Հեղինակները նշել են, որ տնային տնտեսությունների կողմից վճարումների չնչին ուշացման դեպքում էլեկտրամատակարարման անջատումները զսպեցին չվճարումների աճը: 2009թ.-ից ի վեր գրեթե կրկնակի աճած սակագնի պայմաններում այդ ցուցանիշն աճել է ընդամենը 5%-ով, իսկ հավաքագրման մակարդակը հասել է ԱՊՀ մակարդակով առավելագույնին՝ 99.4%: Նրանք առաջարկում են ստուգել ՀԷՑ-ում կորուստների հաշվարկների արդյունքները՝ ԱՊՀ երկրներում իրենց գործունակությունն ապացուցած մեթոդաբանությունների և ծրագրերի համաձայն, ինչպես նաև կիրառել «Էներգետիկայի» ԳՀԻ ծրագրային ապահովումը ԱՊՀ առանձին երկրներում կորուստների հաշվարկի համար, հաշվարկների արդյունքների հիման վրա կազմակերպել մասնագիտական քննարկում կորուստների հաշվարկի մոտեցումների վերաբերյալ ՀԷՑ-ի և «Էներգետիկայի» ԳՀԻ, և այլ շահագրգիռ կողմերի միջև, նաև հաստատել տեխնիկական կորուստների մակարդակի նվազեցման միջոցառումների ծրագիր:

Ընկերությունը համեմատել է Եվրոպայի, Վրաստանի և Հայաստանի իրավիճակը. Եվրոպայում սպառողների համար գործում է էլեկտրաէներգիայի հատուկ հարկ, որից ստացված հասույթն ուղղորդվում է էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը: Նման կարգավորման նպատակն է՝ երկու անգամ (մինչև 20%) մեծացնել վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրների մասնաբաժինն արտադրության կառուցվածքում մինչև 2020թ.: Վրաստանում վերջնական սակագնում արտադրության համեմատաբար ցածր մասնաբաժինը պայմանավորված է արտադրության կառուցվածքում ՀԷԿ-երի գերակշռությամբ: Իսկ Հայաստանում թանկ գազը և սահմանափակող կայանի ցածր վառելիքային արդյունավետությունը (Հրազդան ՋԷԿ) պայմանավորում են սակագնում արտադրության բարձր մասնաբաժինը:

«Ծախսերի հաստատման հստակ կանոնակարգի բացակայության պայմաններում կարգավորողը շարունակում է մեխանիկական ռեժիմում «օպտիմալացնել» ընկերությունների ծախսերը: Անմիջական ժամանակային կտրվածքով արդյունավետ լինելով հանդերձ, նման որոշումները հաճախ անիրագործելի են դարձնում շուկայի մասնակիցների երկարաժամկետ պլանները»,- նշվում է փաստաթղթում:

Տեսանյութեր

Լրահոս