«Արևելյան գործընկերությունը չտապալվեց, սակայն կարևոր է նաև տեսնել, որ ԵՄ-ն դասեր է քաղել». Աննա Շելեստ
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում 168.am-ի մի քանի հարցերին պատասխանել է ուկրաինական «Ukraine Analitica» ամսագրի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Աննա Շելեստը:
– Մայդանում սկիզբ առած ուկրաինական դիմակայության ալիքից սկսած` տեսակետներ էին շրջանառվում, թե Կիևում որոշվում է ոչ միայն՝ Ուկրաինայի, այլև՝ ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների և ՌԴ–ի ճակատագիրը: Ամփոփելով արդյունքները` ինչպե՞ս անդրադարձան Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումները հետխորհրդային տարածաշրջանի վրա:
– Այդ տեսակետների հետ կարելի է համաձայնել, կարելի է և չհամաձայնել: Նրանք, ովքեր կարծում էին, թե Մայդանը կարող է լուծել տարածաշրջանի բոլոր երկրների ճակատագիրը, իրենց կարծիքը հիմնում էին երկու գլխավոր թեզի վրա. եթե Ուկրաինային հաջողվի հեռանալ Ռուսաստանի ճնշումներից և ազդեցությունից, ապա նման հնարավորություն ունեն նաև մյուսները, և, եթե ուկրաինացիները կարողանան հեռանալ սովետական և կոռուպցիոն-օլիգարխիկ գոյությունից, ապա դա կարող են նաև մյուսները: Մեզ բոլորիս օրինակներ են պետք մեր ուժերին հավատալու համար: Բայց սեփական երկրներում իրավիճակներ փոխել կարող են միայն այդ երկրում ապրող մարդիկ: Դա կախված է վճռականությունից, ներուժից և ինչ-որ բան փոխելու ցանկությունից: Ուկրաինական Մայդանը ֆորմուլա և դեղամիջոց չէ:
Ուկրաինական Մայդանը սկսվեց և՛ որպես սոցիալ, և՛ որպես քաղաքական բողոք, որը կարող էր շուտ ավարտվել, եթե իշխանությունն ուժ կիրառելու որոշում չկայացներ: Ուստի Մայդանը կարող է այլ ժողովուրդներին ոգեշնչել փոփոխություններ անել, բայց դրա ձևն ու արդյունքը կարող է տարբեր լինել:
– Ձեր կարծիքով` որքանո՞վ է Արևմուտքի քաղաքականությունը Ռուսաստանի հետսովետական քաղաքականությանը համարժեք: Կա՞ անհրաժեշտություն, որպեսզի Արևմուտքը փոխի իր քաղաքականությունը:
– Արևմտյան երկրների արձագանքը միատարր չէ, ինչը բնական է, քանի որ այն ձևավորվում է և՛ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների, և՛ արտաքին քաղաքական հարցերի առաջնահերթությունների ազդեցության ներքո: Նույն Իսպանիան Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը համարում է շատ ավելի մեծ սպառնալիք, քան Արևելյան Եվրոպայում: Ուստի որոշակի ուշացումները սկզբնական փուլում և երկար համաձայնեցումները բացասական ազդեցություն ունեցան: Բայց հետագայում պատժամիջոցներ կիրառելու որոշումը և ԵՄ բոլոր անդամ երկրների կոնսոլիդացված դիրքորոշումը դարձան կարևոր, որոշիչ քաղաքական ազդանշան: Այսօր պետք չէ խոսել դիրքորոշումը կոշտացնելու մասին, եթե Արևելյան Ուկրաինայում իրավիճակը չսրվի: Բայց պետք է խոսել պատժամիջոցների վերացման կամ դա քննարկելու անհնարինության մասին, քանի դեռ Մոսկվան և իր ենթակայության ներքո գտնվող տարածքները չկատարեն Մինսկի պարտավորությունները:
– Ինչպիսի՞ ապագա է սպասվում ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին, երբ ծրագրին միացած վեց երկրներից երեքն ունեն Ասոցացման համաձայնագիր, իսկ մյուս երեքը` ոչ: Ավելին, դրանցից երկուսը միացել են ԵՏՄ-ին:
– Այսօրվա դրությամբ՝ ԵՄ-ն արդեն ակտիվ բանակցություններ է սկսել ծրագրի վերանայման և այն ներկայիս իրավիճակին ադապտացնելու ուղղությամբ: Կան բանակցություններ նաև ծրագրի մասնակիցների հետ: Ի դեպ, ԵՏՄ անդամակցության հարցը այդքան էլ կրիտիկական հարց չէ:
Չէ՞ որ նույն Հայաստանը վերսկսել է բանակցությունները նորացված Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ: Իսկ Բելառուսը կարող է ակտիվացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը պատժամիջոցների վերացումից հետո, որի մասին արդեն հայտարարվեց: «Արևելյան գործընկերությունն» առաջին հերթին՝ ծրագիր է ԱլԳ մասնակից երկրների համար, դա ԵՄ անդամակցությանն ուղղված առաջին քայլը չէ: Չի կարելի ասել, թե ծրագիրը տապալվել է, թեև սպասելիքներն ավելի մեծ էին: Սակայն ծրագիրը որոշակի հաջողություններ գրանցել է: Այսօր վերանայման փուլում է: Կարևոր է ապագայում տեսնել՝ արդյոք անցնող տարիների դասերը քաղվե՞լ են, թե՞ ոչ, ինչպիսի՞ առաջնահերթություններ կունենա ծրագիրը, և ի՞նչ ֆինանսավորում կհատկացվի ծրագրին: