«Հայաստանի համար որոշիչ կարող է լինել ազատ վիզային ռեժիմը ԵՄ-ի հետ»․ եվրոպացի փորձագետ

«Եվրոպական միությունը մոտ ապագայում կենտրոնացած կլինի իր խնդիրների վրա, սակայն չի անտեսի Արևելյան գործընկերությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրված մանդատի համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության իշխանություններն այս տարեվերջին պետք է սկսեն բանակցել իրենց հարաբերությունների նոր իրավապայմանագրային բազան։

Նա նշեց, որ ուկրաինական պատերազմից հետո «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի տեսակետները ծրագրի ապագայի վերաբերյալ բախվում են, ԵՄ-ն փորձում է գտնել ոսկե միջինը՝ Ասոցացման համաձայնագրից հրաժարված երկրներին, ինչպիսին Հայաստանն է, այլընտրանքի հնարավորություն տրամադրելով։ Իրականում, ըստ նրա, «Արևելյան գործընկերություն» ծրագրի սկզբնական փուլում նախատեսված էր, որ Ասոցացման համաձայնագիրը, այսինքն՝ այս երկրների ասոցիացումը ԵՄ-ի հետ, առաջնահերթություն և հանգրվանային կետ է ԱլԳ-ի համար, սակայն ԵՄ-ի այդ հույսերը չարդարացան, և ԵՄ-ն այսօր փորձում է հաշվի առնել նոր իրողությունները։ ԱլԳ-ում ստեղծված նոր իրավիճակը, վերլուծաբանի խոսքով, ենթադրում է, որ ԱլԳ երեք ասոցիացված երկրները պետք է ԵՄ-ի հետ ավելի արագ ռեժիմով սերտացնեն իրենց հարաբերությունները՝ ստանալով նույնիսկ անդամակցության հեռանկար, ինչը ներկայումս քիչ հավանական է, իսկ մյուս երկրները կսերտացնեն իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքան, որքան կցանկանան այդ երկրներն ու ԵՄ-ն։

«Հայաստանի հետ ԵՄ-ն ցանկանում է շարունակել իր քաղաքական և տնտեսական հարաբերությունները, դա միանշանակ է։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչպես կարելի է համադրել ԵՄ բարեփոխման պահանջները ԵՏՄ պահանջների հետ, որոնք ոչ միայն տնտեսական բնույթի են լինելու ապագայում։ Քիչ հավանական է նաև սպասել, որ ԵՄ-ն կթուլացնի իր պահանջները, քանի որ կենտրոնական եվրոպական երկրները կարծում են, որ ԱլԳ-ն ոչ թե աշխարհաքաղաքականություն վարելու ԵՄ-ի գործիքն է, այլ այս երկրներին բարեփոխվելու և ԵՄ-ի հետ մերձենալու հնարավորություն ստանալու գործիք, և սա բավականին խիստ է դրված։ Եմ շատ երկրներ չեն ցանկանում այս ծրագրի հետևանքով վատթարացնել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ և ծրագիրը չեն դիտարկում ԵՄ ընդլայնման նախնական փուլ, ինչպես դա մենք ենք համարում, ավելին, կարծելով, որ ասոցիացվածները պետք է ԵՄ անդամակցության հեռանկար ստանան։ Սա, ի դեպ, բավականին բարդացնում է ԱլԳ զարգացումը, և ԱլԳ-ում վերջին երեք տարիների ընթացքում առաջացած խնդիրների մեծամասնությունը կարելի է կապել այս երկու կարծիքների բախման հետ։ Թեև չենք մոռանում նաև ռուսական գործոնը»,- ասաց վերլուծաբանը։ Վերջինիս համոզմամբ՝ ԵՄ-ն Հայաստանին պետք է տրամադրի ազատ վիզային ռեժիմ, ինչը երկարաժամկետ գործընթաց է, սակայն Հայաստանի քաղաքացուն հնարավորություն կտա մոտիկից ճանաչել Եվրոպան և այդ արժեքային համակարգը։ Նրա խոսքով՝ սա կօգնի քաղաքացուն, հետևաբար՝ նաև իշխանությանը՝ ճիշտ որոշում կայացնել։ «Շարժունակությունը չափազանց կարևոր գործիք է, շատ դեպքերում՝ որոշիչ երկրների համար։ ԵՄ-ն այսօր բազում խնդիրների, այդ թվում՝ ներգաղթյալների ճգնաժամի հետևանքով՝ երկարաձգում է Ուկրաինային և Վրաստանին ազատ վիզային ռեժիմի շնորհումը, սակայն դա վաղ թե ուշ տեղի է ունենալու։ Հայաստանին ևս կտրվի նման հնարավորություն՝ իշխանությունների ցանկության դեպքում»,- ասաց Կաշչյունասը՝ հավելելով, որ ԵՄ-ի պահանջները, համապատասխան բարեփոխումներն իրականացնելու դեպքում, Հայաստանը կարող է ավելիին հավակնել ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Անդրադառնալով ԵՄ Արևելյան հարևանության գոտում առկա անվտանգության խնդիրներին՝ նա ասաց, որ այդ հարցերում ԵՄ-ն ավելի համարձակ դիրքորոշում պետք է ունենա։ «Սակայն էլի պետք է խոսեմ կարծիքների բախման մասին։ ԵՄ-ն կարող է աջակցել խաղաղության ձևավորմանը ԼՂ հակամարտության գոտում, և, կարծում եմ՝ դա պետք է անի՝ քիչ-քիչ բարեփոխելով հակամարտության մեջ գտնվող երկրներին։ Սա է, կարծում եմ՝ լուծումը, բայց մոտ ապագայում, ըստ իս, ԵՄ-ն կենտրոնացած է լինելու ոչ թե՝ ԱլԳ խնդիրները լուծելու, այլ՝ իր խնդիրները լուծելու վրա։ Կարծում եմ, որ ԱլԳ ապագան վտանգի տակ չէ, քանի որ ԵՄ-ն գտավ ելքերը«,- ասաց Լաուրինաս Կաշչյունասը։

Տեսանյութեր

Լրահոս