Բաժիններ՝

Ամենաշատ կրկնվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները կիսով չափ կնվազեն

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Նախագծին միացել են նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը և Թևան Պողոսյանը:

Նախագծի ընդունման հիմնավորումները հիմնականում հանգում են հետևյալին.

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նվազագույն աշխատավարձի և պետական կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, միաժամանակ կանխատեսվել է 4% գնաճ: Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական թվերն են: Շեշտակի կրճատվել է արտաքին առևտուրը, և դրա մակարդակի զգալի բարձրացում տեսանելի ապագայում չի նախատեսվում:

Մինչդեռ, վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաների ընդհանրապես և դրանցից ամենահաճախակին կիրառվող՝ ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների կրճատում մասնավորապես չի նախատեսվել:

Այսպես, օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝

Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով:

Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցն այդ համարանիշերով վարելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 11-30կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով: Ընդ որում, Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20կմ/ժ է, մեզ մոտ՝ 10կմ/ժ:

Միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար: Գոյություն ունեցող պայմաններում քաղաքացիների՝ հաճախ անգամ առաջնային կարիքները բավարարելու համար չբավականացնող միջոցները նրանցից գանձելը որևէ կերպ չի կարող արդարացվել:

Այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ թե՛ հանցագործությունների, թե՛ վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիայի առաջնային նշանակությունը ոչ թե պատժելն է, այլ դրանց կանխումը: Ավելին, հայտնի փաստ է, որ կանխարգելման համար առաջնային նշանակություն ունի ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիության գիտակցումը: Այսպիսով՝ ակնհայտ է, որ կանխարգելման համար ավելի նվազ չափի տուգանքն էլ բավարար է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս