«Վճիռը սառեցնող ազդեցություն կարող է ունենալ նաև Փերինչեքի վրա»

Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճռին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանն ասաց, որ այս գործը կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է եղել գործում` որպես երրորդ կողմ: Նրա խոսքով՝ ՀՀ-ն այս գործով ներգրավվել է որպես երրորդ կողմ, քանի որ 2013թ. ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա էին ձևակերպումներ, որոնք ընդունելի չէին մեզ համար, քանի որ ուղիղ ձևակերպումներով կասկածի տակ էին առնում Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական հետազոտությունները, ընկալումները. «Ընդ որում, մեր համոզմամբ, Ստորին պալատը, չարդարացված համեմատություններ անելով Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև, մասնավորապես` դատական, իրավական, քաղաքական ճանաչման սկզբունքների միջև, բացասական հետևությունների էր հանգել, որոնց մենք՝ Մեծ պալատում գործի քննության ժամանակ որպես երրորդ կողմ ներգրավվելիս անդրադարձանք: Մասնավորապես, մեզ համար շատ խնդրահարույց էր պալատի վճռի այն ձևակերպումը, որն ասում էր, թե օբյեկտիվ ճշմարտության կամ բացարձակ ճշմարտության հավակնող որևէ հետազոտություն այստեղ չկա»:

Ա. Թաթոյանի խոսքով՝ երրորդ կողմ ներգրավվելուց հետո ՀՀ-ն ՄԻԵԴ-ից ստացել է համապատասխան ուղենիշներ, դրանց շուրջ ներկայացրել մեր դիրքորոշումը: Նա նշեց, որ առավել ընդունելի է խոսել երրորդ կողմի պահանջները բավարարելու կամ չբավարարելու մասին: «Մենք հայտարարեցինք, որ որպես երրորդ կողմ` ՀՀ պահանջները բավարարվեցին, որովհետև, երբ համադրում ենք երրորդ կողմի ինստիտուտը, գործի հանգամանքները, մեր առաջադրած պահանջները, արդեն Մեծ պալատի վճռում առկա էին ձևակերպումներ, որոնք մեզ համար այս իմաստով ընդունելի էին»,- ասաց Ա. Թաթոյանը՝ նշելով, որ առաջին հերթին կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը հստակ վերապահում է անում, որ իրավասու չէ և չի էլ միջամտելու այն հարցի քննարկմանը, թե ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշման տեսանկյունից: Բացի դա, ըստ Ա. Թաթոյանի՝ երբևէ չի եղել ձևակերպում, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների նկատմամբ հարգանքի իրավունք, և դա ենթակա է պաշտպանության եվրոպական կոնվենցիայով, մասնավորապես` 8-րդ հոդվածով:

Իրավաբան Արա Ղազարյանն ասաց, որ Մեծ պալատն իր վճռում մի բան է ասել, որ չէր ասել Ստորին պալատը՝ սահմանել է նոր իրավունք: Նրա խոսքով՝ վճռում նշվել է, որ հայերն ունեն իրենց նախնիների արժանապատվությունը պաշտպանելու իրավունք, Ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների արժանապատվությունը պաշտպանելու իրավունք, այդ թվում` իրենց ազգային էթնիկ ինքնությունը, ինքնատիպությունը պաշտպանելու իրավունք, որը ձևավորվել է այն մտայնությամբ, որ հայերը ցեղասպանություն են վերապրել: «Մենք՝ հայերս, Եվրոպայում ստացանք իրավունք, որը ֆիքսված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ»:

Կարդացեք նաև

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ ՄԻԵԴ վճիռների խորը մասնագետ չէ. նրա խոսքով՝ ըստ էության, ՄԻԵԴ Մեծ պալատը վճիռը թողեց նույնը՝ հօգուտ Փերինչեքի: «Սա հիմնական խնդիրն է այն գործում, որով ձևակերպումների փոփոխություններ եղան, և այլն, և այլն, բայց ամեն դեպքում որոշումը մնաց նույնը՝ Փերինչեքը հաղթեց»,- ասաց նա: Նա նշեց, որ որքան էլ ՄԻԵԴ-ի մասին խոսենք, որպես անաչառության, մարդու իրավունքների պաշտպանության ատյան, չի բացառում, որ այն կայացնում է նաև քաղաքական որոշումներ. «Կարծում եմ՝ սա եղել է քաղաքական որոշում, և եղել է այն համատեքստում, որ այսօր Թուրքիան շատ կարևոր գործընկեր է Եվրոպայի համար»:

Նա կարծիք հայտնեց, որ չարժեր վճիռը որպես հաղթանակ ներկայացնել. «Արդյո՞ք սա մեր հերթական բարոյական հաղթանակն էր: Ես շատ կասկածում եմ դրա վրա, որովհետև մեղմացումները դեռևս ոչինչ չեն նշանակում: Մի կարևոր հարց. Փերինչեքը մի պատահական մարդ չի եղել, որ պատահական ժխտեր ցեղասպանության հարցը: Նա Թուրքիայի ազգայնական քաղաքական գործիչ է և հատուկ գնացել է Շվեյցարիա՝ հերքելու, արհամարհելու, անարգելու մեր ողբերգությունը: Եվ դատարանը, ցավոք սրտի, դա հաշվի չառավ»: Ըստ նրա՝ պետք է արձանագրել փաստը, որ դատարանը հօգուտ Փերինչեքի վճիռ կայացրեց:

Նրա խոսքով՝ Մեծ պալատը մեղմացրեց ստորադաս ատյանի դիրքորոշումը. «Այո, մեղմացրեց: Բայց ըստ էության որոշեց, որ կարելի է ժխտել Հայոց ցեղասպանությունը»:

Արձագանքելով՝ Ա. Ղազարյանն ասաց, որ հարցը պետք է ավելի լայն դիտարկել: Նրա խոսքով՝ դեռ 2011թ. հուլիսին Մարդու իրավունքների կոմիտեն, որը տեսություն է մշակում, իր մեկնաբանության մեջ նշեց, որ չի կարելի անձին ենթարկել պատասխանատվության պատմական փաստը հերքելու համար: Իրավաբանի խոսքով՝ պալատը հղում է կատարել հենց սրա վրա. «Այսինքն՝ այնպիսի պայմաններում, երբ հայերի ցեղասպանությունը դեռ գլոբալ կերպով հաստատված չէ, և դեռ գլոբալ կոնսենսուս չկա, թե 1915թ. դեպքերը ցեղասպանությո՞ւն են, թե՞ ոչ, գրեթե անհնարին էր, որ Եվրոպական դատարանը կասեր հակառակը, բացառությամբ մեկ դեպքում՝ եթե նա ուսումնասիրեր Փերինչեքի անձը և նրա անձնական դրդապատճառները, մոտիվը, որովհետև ատելության շարժառիթով հանցագործության ամենակարևոր էլեմենտը մոտիվն է, դրդապատճառը»:

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը պետք է խորությամբ ուսումնասիրեր Փերինչեքի անցած ճանապարհը. ՄԻԵԴ-ն ուշադրություն չդարձրեց, որ Փերինչեքը «Թալիաթ փաշա» կազմակերպության ղեկավարն էր: Հենց Թուրքիայի դատարանի կողմից հաստատվել է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել էր հատուկ հայերի ցեղասպանությունը հերքելու համար, որ այն շովինիստական կազմակերպություն է, Փերինչեքը ռասիստ է: «Այս փաստերը, որոնք կոնտեքստն են, պետք էր համեմատել Փերինչեքի՝ Շվեյցարիայում արտասանած ելույթի հետ, որը մեծամասամբ չեզոք էր: Եվրադատարանը նշեց, որ ճիշտ է՝ նա նշել է, որ դա միջազգային սուտ է, որ հայերն իմպերիալիստների ձեռքին գործիք են, բայց Եվրադատարանն ասաց՝ այդ ելույթով ինքը հայերին չէր փորձում վիրավորել և չէր փորձում նրանց ստերեոտիպային կաղապարների մեջ դնել: Բայց կարևորը բառը չէ, կարևորը կոնտեքստն է:

Եթե 2005թ. հայտարարությունը դնենք կոնտեքստի մեջ, իսկ կոնտեքստը նրա՝ «Թալեաթ փաշա» կազմակերպության ղեկավար լինելն է, մյուս փաստերը (թուրքագետները շատ լավ գիտեն, թե Փերինչեքն ինչ ճանապարհ է անցել, ժամանակին ինչեր է ասել), այս դեպքում Եվրադատարանը կարող էր ասել, որ այդ հայտարարությունը, որ դուք ասում եք՝ չեզոք, իրականում ուներ ռասիստական մոտիվ: Եթե դա այդպես է, ուրեմն ազատ խոսքի պաշտպանությունը չի տարածվում դրա վրա»,- ասաց նա: Ա. Ղազարյանի խոսքով՝ որքան էլ կարող է զարմանալի թվալ, այս վճիռը սառեցնող ազդեցություն կարող է ունենալ նաև Փերինչեքի վրա.

«Որովհետև դատարանն այս որոշման մեջ այնպիսի դիրքորոշումներ է հայտնել, որ Փերինչեքը հաջորդ անգամ ելույթ ունենալիս` պետք է ավելի շատ մտածի, քան բառեր արտասանի: Ուստի, Փերինչեքը պետք է պահի այն նույն գիծը, նույն կերպ ելույթ ունենա, ինչպես Շվեյցարիայում, որտեղ շատ զգուշորեն նա ասում էր, որ դա միջազգային սուտ է, և շեշտը դնում էր ոչ թե նրա վրա, որ ցեղասպանություն չի եղել, այլ նրա վրա՝ հայերն օգտագործվում են միջազգային իմպերիալիստների կողմից: Այսինքն՝ ինքը միշտ պետք է այն գիծը տանի, որ ինքը քաղաքական գործիչ է և քաղաքական դեբատի մեջ է մտնում: Եթե նա այսուհետ բացահայտ կերպով փորձի հերքել Ցեղասպանությունը, ապա, ըստ այս որոշման մեջ արտահայտված դիրքորոշումների՝ հայերը կարող են նրան պահանջ ներկայացնել»:

Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա այս վճիռը ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վրա այն երկրներում, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը, Ա. Ղազարյանը պատասխանեց, որ խնդրո առարկա չի համարվել, որ կան օրենքներ, որոնք քրեականացնում են ցեղասպանության ժխտումը. «Խնդրո առարկա համարեց դրա կիրառման եղանակը, խստությունը, համաչափությունը չընդունելը, շատ կարևոր է, որ համարեց՝ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ կոնտեքստում: Մենք քրեականացրել ենք ցեղասպանությունը հերքելը՝ 3971 հոդված: Եվրադատարանը չի կարող կասկածի տակ դնել, որ այդ օրենքն ինքնին անիրավաչափ է, որովհետև աներկբայորեն հաստատված է, որ դա հասարակական մեծ նշանակություն ունի հայերի համար:

Շվեյցարիայում Եվրադատարանը կասկածի տակ դրեց, թե հասարակական մեծ նշանակություն ունե՞ր, թե՞ ոչ: Ինչևէ, այստեղ խնդրո առարկա հարցը համաչափության մեջ է՝ եթե քրեականացնում եք, ապա միգուցե անպայման չէ բանտարկություն, այլ տուգանք, և այլն, և այլն: Ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, բայց կրկնում եմ՝ Եվրադատարանը շեշտը դրեց, որ Շվեյցարիայի օրենքի կիրառության եղանակը համաչափ չէր, որովհետև դա անհամաչափորեն սահմանափակում էր անձի արտահայտվելու իրավունքը՝ պատմական փաստը հերքելու առումով: Եվ չկա մի անձ, ով ազատ խոսքի ջատագով է, այդ թվում՝ լրագրողները, որ այս իմաստով այս որոշումը չողջունի: Եթե մի բանում կարելի է չողջունել այս որոշումը, դա այն է, որ դատարանը չբացահայտեց Փերինչեքի իրական մոտիվներն այդ արտահայտությունն ասելիս, որի համար ես ցավում եմ»:

Ա. Թաթոյանն ասաց, որ Եվրոպական դատարանն այս վճռում քննարկել է Քրեական օրենսգրքի հարց. «Անդրադարձել է որոշակիության տեսանկյունից, և Քրեական օրենսգրքի որակի կամ որոշակիության խնդիր չի տեսել Եվրոպական դատարանը: Հատուկ քննարկում է և այդ հարցին տալիս պատասխան: Փոխարենը` հատուկ քննարկում է Թուրքիայի Քրեական օրենսգիրքը և տալիս է բացասական պատասխան, այսինքն՝ չի համապատասխանում որոշակիության սկզբունքին»: Ա. Իշխանյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական խնդիր է: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ այս վճիռը կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել այլ երկրների կողմից՝ Հայոց ցեղասպանության ժխտումը չքրեականացնելու համար:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս