«Պետք է ունենալ վստահված անձանց մեծ զանգված, կամիկաձեներ»
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ
– Պարոն Պողոսյան, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ հնարավոր ի՞նչ ընտրակեղծիքներ կարող են տեղ գտնել:
– Ինչ մեխանիզմներ մինչև հիմա կիրառել են, ցանկացած դեպք հնարավոր է: Հարցն այն է, թե արդյոք այսօրվա օրենքը թո՞ւյլ է տալիս դեմն առնել այն շատ տարբեր մեխանիզմների, որ մինչ այս օգտագործվել են: Եթե նայենք 1991-ից ի վեր` տարբեր ժամանակահատվածներում տարբեր մեխանիզմներ են կիրառվել՝ մեկ կարուսել է եղել, մեկ՝ լցոնումներ, մեկ՝ այլ բաներ, մեկ՝ գումարներ են տրամադրել, մեկ` ինչ-որ թղթեր են փոխել: Արդյոք այսօրվա օրենքը հաշվի առե՞լ է մեր չարաբաստիկ պրակտիկայում, կյանքում և մշակույթում ձևավորված այն բոլոր խախտումների խնդիրները, որոնց դեմը պետք է առնել: Ըստ իս՝ այսօրվա օրենքում կան մեխանիզմներ, որոնք մաքսիմալ կարող են պայքարել կամ ձևավորել մի իրավիճակ, որտեղ հնարավորություն լինի թույլ չտալ ընտրական գործընթացը կեղծել:
Բայց դրա համար պետք են մի քանի պահանջներ. առաջինը՝ ունենալ վստահված անձանց այն մեծ զանգվածը, ովքեր իսկապես նվիրված ձևով կկատարեն իրենց պարտականությունները, ունենալ դիտորդների այն մեծ զանգվածը, ովքեր իսկապես կկատարեն իրենց պարտավորությունները և չեն գայթակղվի տարբեր հնարավորություններով ու խախտումներ թույլ տան, կամ չնկատեն, կամ չտեսնեն: Այդ պարագայում, բնականաբար, ցանկացած դեպքի հետ, որ կփորձեն կեղծիքներ անել, հնարավոր է դրա և՛ ձևակերպումն անել, և՛ իրազեկել, և՛ Ոստիկանությանը դիմել, չհամաձայնել արձանագրությունների հետ, վերահաշվարկ պահանջել, և այլն: Եթե իրականում ունենանք այդ, թույլ տվեք այդ բառն օգտագործել, կամիկաձեներին, որոնք իսկապես օրենքն են վեր գնահատելու, այլ ոչ թե` իրենց քաղաքական ցանկությունները, այդ ժամանակ մենք կունենանք վստահելի հանրաքվե:
Օրինակ՝ կարող է թվալ, թե բոլոր կուսակցություններն այնտեղ ներկայացուցիչներ ունեն, բայց ամեն մեկն իր համար է պայքարելու: Բայց այստեղ գլխավորը ոչ թե «իր համար», այլ՝ «հանուն օրենքի կատարման» պայքարեն: Երբ չասենք՝ լավ, գիտենք, որ, օրինակ, մեր քաղաքական ուժը չկարողացավ այս տարածաշրջանը փակել, բայց այնտեղ կա մեկ այլ կուսակցություն, որը միգուցե կվերահսկի: Մենք պետք է ունենանք այն վստահված անձանց և այն դիտորդներին, ովքեր օրենքի տառին համապատասխան են ամեն ինչ անելու և չեն նայելու, որ, եթե նույնիսկ եկել եմ «Ժառանգությունից», միայն «Ժառանգության» ձայներն եմ պահելու, պետք է պահեմ բոլորի ձայները, կամ` եթե եկել եմ ՀԱԿ-ից, միայն ՀԱԿ-ի ձայներն եմ պահելու, եթե եկել եմ Դաշնակցությունից, միայն դաշնակներինն եմ պահելուգ Ո՛չ, պահելու եմ բոլորինը, պահելու եմ օրենքը: Կունենա՞նք դա, ապա բոլոր մեխանիզմներով կարող ենք ասել, որ կա հնարավորինս առավելագույնին հասցված, գուցե ոչ` 100%-անոց, բայց 99 %-ին հասցված հնարավորություն՝ ապահովել իրական արդյունքի գրանցումը:
– Այս դեպքում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի կամ մեկ այլ կուսակցության խնդիրը չէ, «այո»-ի և «ոչ»-ի կռիվն է, որը, հավանաբար, պետք է միավորի կողմնակիցներին և նեղացնում է շրջանակը:
– Ամեն դեպքում մարդիկ իրենք են ներկայացնելու թեկնածուներին, իրենք են վստահված անձանց ու դիտորդներին ներկայացնելու: Եվ կախված է յուրաքանչյուր ուժի ցանկությունից՝ «այո»-ի հանդեպ կեղծիքներին կարող են ուշադիր չլինել, միայն «ոչ»-ի կեղծիքների դեմ պայքարեն, կամ էլ` հակառակը: Պետք է հասկանանք, որ այդ մարդիկ պետք է օրենքի տառը պահեն` ինչպես որ գրված է, և չնայեն` «այո՞»-ն է եղել, թե՞ «ոչ»-ը:
Ժողովրդի քվեն պետք է պահեն, այլ ոչ թե` իրենց կուսակցությունների ցանկություններն իրականացնեն: Նաև ուրախ եմ, որ կա կոչ միջազգային հանրությանը՝ ուղարկելու դիտորդներ, որոնք, հուսով եմ՝ նույնպես չեն ունենա քաղաքական ուղղվածություններ և կգան ու կգնահատեն, թե ինչպես է օրենքն աշխատել:
Ունենք շատ կազմակերպություններ, որոնք, վստահ եմ, նախընտրական կամ քարոզարշավի ընթացքում եղած բոլոր հարցերի մոնիտորինգ կվարեն, որպեսզի նույնպես խախտումներ թույլ չտան, քանի որ ընտրական գործընթացը միայն քվեի կամ ընտրության օրը չի, դա և՛ նախընտրականն է, և՛ քվեն է, և՛ արձանագրումն է, որոնք եթե ճիշտ ապահովենք, ապա կունենանք արդյունք, որը վստահություն կներշնչի: Վստահ եմ, որ կարող է` մի քանի անհատներ ու անձեր լինեն, որ նորից կասկած հայտնեն ու չընդունեն արդյունքները, բայց գլխավորն այն է, որ հանրաքվեի արդյունքը 99.9%-ով վստահություն ներշնչի մարդկանց մոտ:
– Հանրապետականների հավաստիացումներին, փաստորեն, չե՞ք հավատում, որ միջազգային չափանիշներին համապատասխան, ժողովրդավար ընտրություն կլինի:
– Այդ հավաստիացումները մենք շատ ենք լսել: Եթե նախընտրական գործընթացը կամ համակարգը տարբեր բաժինների բաժանենք, մենք տեսել ենք, որ նախընտրական ժամանակ ազատությունը շատ բարելավված է, մամուլից օգտվելու հնարավորությունը, քարոզարշավներ անելը որևէ կերպ չեն խանգարել, բայց ընտրությունների օրը պարզվել է, որ այդպես չի եղել: Դրանից բացի՝ պետք է ամբողջ համակարգն աշխատի այնպես, որ, երբ տեղում կա արձանագրում և խնդիր, ապա դրան անդրադարձ կատարվի: Եղել են դեպքեր, որ արձանագրում է եղել, բայց շատ ձգձգել են վերահաշվարկի խնդիրը, այսինքն՝ ամբողջ խնդիրների մեջ պետք է դիտարկել:
Վստահությունն այս րոպեին կարող ես ունենալ միայն ու միայն քո կողմից տրամադրված մարդկանց, այն անձանց հանդեպ, որոնց ցանկացած քաղաքական ուժ կտրամադրի` ինչպես դիտորդ կամ վստահված անձ, և ընտրատեղամասերում աշխատանքի ժամանակ իրենք թույլ չեն տա, որ հենց նույն հանձնաժողովի ներսում տեղի ունենան խախտումներ, հանձնաժողովից դուրս մարդիկ կհետևեն, որ չլինեն մարդկային կուտակումներ հենց ընտրական սենյակների կողքերը, կամ տարածքներում, երբ կլինի ահազանգ, որ ինչ-որ մի տեղում մեկը գումար է բաժանում, Ոստիկանությունը միանգամից կարձագանքի, կգնա ու գործողություններ կձեռնարկի: Եթե տեսնենք, որ այդ ամենը կատարվում է, կասենք, որ վստահում ենք: Եթե չտեսնենք, որտեղի՞ց վստահենք: Նախօրոք, եղած փորձի հիման վրա վստահություն չկա, բայց միակ պայքարի ձևն այդ տեսակի ամուր, պինդ մարդկանց ունենալն է, այստեղ սեռը կապ չունի, մարդիկ, ովքեր կկատարեն իրենց պարտականությունները՝ համաձայն օրենքի:
– Նույնականացման քարտերով ընտրելու հարցն է քննարկման առարկա դարձել, մասնավորապես, Հայաստանում նույնականացման քարտ ունեցող 500 հազար ընտրող կա, իսկ քարտի վրա կնիք դնել հնարավոր չէ:
– Եթե այդ նույն վստահված անձինք կարողանան լավ աշխատել տեղամասերում և ամեն ինչը կարողանան ստուգել ու թույլ չտալ խախտում կատարել, ապա ի՞նչ տարբերություն, թե ինչ փաստաթուղթ են ներկայացնում ընտրության ժամանակ: Եթե գիտես, որ չես թույլատրի, որ նույն մարդը երկրորդ անգամ մտնի ու քվեարկի, երբ ցուցակները ճշտված են և ուղղումներով հետևում են, ապա ի՞նչն է խնդիրը:
– Նույնականացման քարտերի վրա քաղաքացու հասցեն նշված չէ, կարող են տարբեր ընտրատեղամասերում քվեարկել:
– Դրա համար ցուցակները պետք է նախօրոք ճշտել, որպեսզի չգան և ցուցակից դուրս ընտրեն, կամ էլ՝ եթե ասում են, թե՝ իմ անունը չի եղել, ավելացրեք, ապա ցուցակները համեմատելու հնարավորություն կա: Դրա համար վստահված անձինք պետք է շատ լավ տիրապետեն իրենց իրավունքներին և պարտականություններին և դա կատարեն օրենքի տառին համապատասխան՝ առանց զիջելու, հոգնելու և այլն: Մենք ունեցել ենք նման փորձեր, որտեղ ընդամենը մի քանի տեղերում ունենալով նման մարդկանց, կարողացել ենք ապահովել ու արձանագրել այլ արդյունքներ, քան թե մարդիկ կկանխատեսեին նախապես: